Դավիթ Հարությունով

Բաքվի պարտադրանքով Սահմանադրության փոփոխությունը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. ո՞րն է այլընտրանքը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Դավիթ Հարությունովը:

- Օրերս Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագիր» կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Դրանից հետո Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսեցին Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին: Արդյո՞ք արտաքին ճնշմամբ են իշխանությունները գնում Սահմանադրության փոփոխությունների ճանապարհով, և եթե այո, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:  

- Այն, որ Ադրբեջանի պահանջով են պատրաստվում փոխել Հայաստանի Սահմանադրությունը, արդեն ակնհայտ է, և եթե վերլուծենք Ալիևի հնչեցրած հայտարարություններն ու Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ նա մեկնաբանում է  Անկախության հռչակագրի խնդիրը, ակնհայտ է դառնում, որ դրանք փոխկապակցված գործընթացներ են: Հիշեցնեմ նաև, որ նախկինում ՀՀ իշխանությունները մի պահ քննարկում էին սահմանադրական փոփոխությունների հարցը, հետո կարծես հրաժարվեցին այդ գաղափարից։ Այսինքն՝ ներկայումս չկա ներքաղաքական որևէ պատճառ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար: Հետևաբար մնում է միայն արտաքին գործոնը, որը նրանք առանձնապես չեն էլ թաքցնում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի կարող է դա հանգեցնել, նշեմ, որ այս իրավիճակը մտահոգիչ է հատկապես այն առումով, որ արտաքին պարտադրանքի ներքո են ձեռնարկվում սահմանադրական փոփոխություններ: Փոփոխություններ Հայաստանի Մայր օրենքում, իհարկե, կարող են տեղի ունենալ, և ես ինքս չեմ համարում, որ գործող Սահմանադրությունն իդեալական է, բայց դա պետք է Հայաստանի ներքին օրակարգը լինի և չպետք է լինի դրսից պարտադրված: Եթե դա արվում է արտաքին պարտադրանքի ներքո, նախադեպ է  ստեղծվում, որ այդ կարգի խնդիրը կարող է լուծվել արտաքին ճնշման պայմաններում, և երկրորդ` դա քայլ է դեպի Ադրբեջանի ռազմավարության իրականացում, որը ենթադրում է Հայաստանի սուվերենության սահմանափակում:

Այստեղ կարելի է տարբեր ձևակերպումներ անել, ես երբեմն օգտագործում եմ «կիսագաղութային կարգավիճակ» ձևակերպումը, բայց կարևոր չէ, թե իրավիճակը ինչպես կկոչենք, փաստ է, որ նրանք մի շարք հարցերում փորձում են կա'մ վերահսկել, կա'մ գոնե ազդեցություն ունենալ Հայաստանի որոշումների կայացման վրա: Այսինքն՝ Ադրբեջանն ունի հստակ ռազմավարություն՝ սահմանափակելու  Հայաստանի ինքնավարությունը:  Դա կարող է չլինել բացահայտ փաստաթղթի տեսքով, բայց գործնականում դրան են ձգտում: Ու ներկա գործընթացները, ըստ իս, քայլ են դեպի դրա իրականացումը:

Իսկ, ընդհանուր առմամբ, իրավական փաստաթղթեր փոխելը՝ կապված Արցախի հանձնումից հետո ստեղծված իրավիճակի հետ, ինչ-որ տեղ սպասելի էր՝ հաշվի առնելով, թե իրադրությունն ինչպես է փոխվել, բայց դա պետք է լիներ Հայաստանի ներքին օրակարգը, ոչ թե դրսից պարտադրանք:

- Այս ամենը գիտակցելով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են շարժվել թշնամու թելադրած օրակարգով: Ինչի՞ են նրանք ցանկանում հասնել, խնդիրը միայն ամեն գնով «խաղաղության պայմանագիր» ստորագրե՞լն է:

- Ես կարծում եմ՝ որոշակի ռազմավարության խնդիր կա: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ունեցել են պատկերացում, որ Ադրբեջանը որոշակի պահանջների փաթեթ ունի, որը բավարարելուց հետո կարող են լինել հարաբերությունների որոշակի կայունացում ու, գուցե, խաղաղ համակեցություն: Բայց խնդիրն այն է, որ նախ՝ Ադրբեջանն այդ փաթեթը բավականին ակտիվ փոխում է՝ իր նպատակներից ելնելով, և երկրորդ՝ ես կարծում եմ, որ նա օգտվում է նաև ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից, որն ինչքան անկայուն է, այնքան իրեն ավելի հարմար է Հայաստանի վրա ճնշում գործադրել: Մերձավոր Արևելքի այս անկայունությունը, օրինակ, նպաստել է, որ Ադրբեջանն էլ ավելի կոշտացնի դիրքորոշումը, որովհետև այդ իրավիճակն ազդեցություն է գործում Իրանի ու, հետևաբար, մեր տարածաշրջանի վրա:

Հիմա քանի որ Ադրբեջանը շարունակաբար ընդլայնում է իր պահանջները, ՀՀ իշխանությունների այդ ռազմավարությունը լուրջ ճգնաժամ է ապրում, որովհետև հասկանալի է, որ ինչ-որ շեմ կա, որ Ադրբեջանի այդ պահանջներն ընդունելը կնշանակի ոչ թե զիջումներ, այլ բոլորովին այլ բան:

Իսկ մյուս տարբերակը՝ դիմակայել Ադրբեջանին ուժային եղանակով, որովհետև երբ Ադրբեջանի պահանջները չեն կատարվում, նրանք փորձում են ուժ կիրառել: Հիմա կա մեկնաբանություն, որ եթե Հայաստանը սահմանադրական փոփոխությունների ճանապարհով չգնա, ապա «խաղաղության պայմանագիր» չի կնքվի, բայց դա շատ վտանգավոր իրավիճակ է, որը ցույց է տալիս, որ իրենք կարող են սպասել հարմար պահի, երբ տարածաշրջանի հիմնական դերակատարներն այլ հարցերով զբաղված լինեն, և ուժ գործադրեն: Քանի դեռ այդ ռիսկերը կան, մենք խնդիր ենք ունենում այն առումով, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն այդ ռիսկը դիմագրավելու: Ճիշտ է, նրանք ինչ-որ քայլեր ձեռնարկում են, դա չի կարելի հերքել, բայց տեմպերն ու ինտենսիվությունն այնպիսին չեն, որ ստեղծվող իրավիճակին իրենք կարողանան դիմագրավել: Փաստացի ստացվում է, որ 2020 թվից անցել է չորս տարի, բայց ռազմական առումով Հայաստանն անպատրաստ է, ու այդ պայմաններում մնում է էլի ինչ-որ զիջումների գնալ: Հետևաբար, հասկանալով նույնիսկ, որ այդ քաղաքականությունը ճգնաժամ է ապրում, բայց գիտակցելով, որ դրա այլընտրանքն ուժային տարբերակն է, որին պատրաստ չեն, իշխանությունը շարժվում է ադրբեջանական օրակարգով:

- Դա՞ էր պատճառը, որ Փաշինյանն առաջարկությամբ հանդեղ եկավ՝ ստորագրելու «չհարձակման» փաստաթուղթ:

- «Չհարձակման» պայմանագիրը փորձ էր այդ վիճակը կայունացնելու, այսինքն՝ երբ տեսնում են, որ չի ստացվում «խաղաղության պայմանագիրը», փորձում են գոնե ինչ-որ երաշխիք կորզել Բաքվից, որ ուժ չեն գործադրի: Մյուս կողմից էլ՝ դրանով փորձում են արդարացնել Հայաստանի ռազմական շինարարությունը, որ, իբր, այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը դա շատ լավ գիտի, այսինքն՝ գիտի, որ դա ագրեսիվ բնույթ չի կրում, բայց իր խնդիրը հենց այն է, որ չթողնի՝ Հայաստանը պաշտպանական հնարավորություններ ձեռք բերի: Հետևաբար, նրանք մերժում են նաև Փաշինյանի այդ առաջարկը:

- Ներկա բարդ իրավիճակում, ըստ Ձեզ, ո՞րն է ելքը, քանի որ Ադրբեջանի պարտադրած ուղղությունը կոլապսի է տանում մեր պետությունը:

- Օբյեկտիվ բարդ իրավիճակում է Հայաստանը գտնվում, իշխանությունն էլ իր քաղաքականությամբ ավելի է բարդացրել իրավիճակը, օրինակ, կարծում եմ, Ռուսաստանի հետ հարաբերություններն անպայման չէր լարել, կարելի էր ավելի հանգիստ, առանց ավելորդ լարման լուծել հարցերը: Նույնը նաև դիվերսիֆիկացիայի մասին, կարելի էր անել առանց այդ ամենի:

Ինչ վերաբերում է հնարավոր կոլապսին, հիմա մի շարք գործոններ կան, որ կարող են հանգեցնել այդ իրավիճակին, բայց այստեղ հարցն այն է, թե դա ինչ խնդիրներ է առաջացնում ռազմավարական առումով: Անպայման չի, որ անմիջապես ինչ-որ բան լինի, մյուս կողմից էլ տեսնում ենք՝ եղան այնպիսի իրադարձություններ, որ դժվար էր պատկերացնել, բայց կյանքը շարունակվում է:

- Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելն ու Սահմանադրություն փոխելը տարբեր հասկացություններ են, քանի որ դրանց միջև կա մի կարևոր հանգամանք՝ հանրաքվեն: Ըստ Ձեզ՝ ժողովուրդն այս պահին կիսո՞ւմ է իշխանության մոտեցումը:

- Այն, որ կա պատերազմից խուսափելու և խաղաղության ձգտում, կարծում եմ, նկատելի է:  Սակայն կոնկրետ սահմանադրական հանրաքվեի պարագայում, ըստ իս, կրկին կգերիշխի  անտարբերությունը, ինչպես եղել է նախորդ անգամները:  

Իշխանության կողմից, իհարկե, կլինի քարոզչություն, և ինչ-որ զանգված կընդունի դա՝ ելնելով այդ մոտեցումից, որ իբրև խուսափեն պատերազմից: Բայց կլինի նաև բավականին մեծ զանգված, որ անտարբեր կլինի, ու կլինի նաև ընդդիմություն, որը կքարոզի այդ փոփոխությունների դեմ և կունենա հասարակության իր սեգմենտը, բայց կարծում եմ՝ դուրս չի գա այդ սեգմենտից:

 

 

Добавить комментарий

From the author