ո

Բաքուն ընդլայնում է հիբրիդային պատերազմի իր գործիքակազմը. Հայաստանի բնական պաշարները` թշնամու թիրախում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները: Հակառակորդի կողմից մեր ունեցվածքի քարտեզագրումը և հետագայում ինչ-ինչ նպատակներով դրա օգտագործումը, թերևս, ազգային անվտանգության սպառնալիք կարող են դառնալ: 

Մյուս կողմից հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում բավական զարգացած են էլեկտրոնային կառավարման, ավտոմատացման և տեղեկատվական համակարգերը։ Հասարակության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները նույնպես հաճախ հրապարակային են՝ ելնելով հանրային շահի և անվտանգության ապահովման սկզբունքից, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից։ 

Ստացվում է` խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանը հավաքագրում և գույքագրում է Հայաստանի բնական պաշարների վերաբերյալ տեղեկությունները, ինչը, որպես այդպիսին, բաց տեղեկություն է, այլ այն, որ թշնամու նշանառության տակ է հայտնվել Հայաստանի տնտեսական հիմնասյուն համարվող ոլորտը: Եվ հաշվի առնելով ադրբեջանական նկրտումները Հայաստանի նկատմամբ` սա կարող է դիտարկվել որպես հերթական քայլ Բաքվի կողմից իրագործվող տնտեսական պատերազմում: 

Հիշեցնենք, որ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հանքարդյունաբերությունը եղել է Ադրբեջանի թիրախում: Դրա վկայությունն է նաև այն, որ Սոթքի հանքավայրի այն մասը, որը մնացել էր Հայաստանի սահմանում, չնայած շարունակում էր աշխատել, սակայն 2023 թ. բացահանքի աշխատանքները դադարեցվեցին, իբր, բացահանքի ռեսուրսների սպառման և ստորգետնյա հանքավայրի շահագործման նախապատրաստվելու պատրվակով։ Սակայն ակնհայտ էր, որ դա ոչ թե ռեսուրսների, այլ անվտանգության և սահմանին մեր պաշտպանողունակության խնդիր էր առաջին հերթին։ Փոխարենը Ադրբեջանն իր ռազմական ուժի ու սպառնալիքի միջոցով Հայաստանին զրկեց մի տարվա հարկերից, իսկ բազմաթիվ տեղաբնակներին՝ ապրելու միջոցներից։

Որպես օրինակ դիտարկելով Սոթքում տեղի ունեցած իրադարձությունները` կարելի է գուշակել, որ Բաքուն ընդլայնում է հիբրիդային պատերազմի իր գործիքակազմը: Ըստ այդմ` Հայաստանը ևս պետք է մշակի անվտանգության համապատասխան քաղաքականություն` հաշվի առնելով հանքարդյունաբերական ոլորտի ռազմավարական կարևորությունը: Արդյո՞ք իրագործվում է վերոնշյալը, «Դետք»-ը կպարզի պատկան մարմիններին ուղարկված հարցման արդյունքում և կներկայացնի իր ընթերցողի դատին: 

Իսկ մինչ այդ անդրադառնանք ևս մեկ հնարավոր վտանգի` կապված այս ոլորտում հակառակորդի գործունեության հետ: Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը, խոսելով Հայաստանի հանքավայրերի քարտեզագրման մասին, ասել էր նաև, որ քարտեզը կպարունակի բնապահպանական տեղեկատվություն, օրինակ` թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով, և որտեղ են թափվում այդ թափոնները։ Ընդ որում` նախատեսվում է այդ քարտեզները ներկայացնել «COP29» միջազգային համաժողովի մասնակիցներին: 

Ստացվում է` մեծ է հավանականությունը, որ հակառակորդը նպատակ ունի միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացնելու որպես բնապահպանական առումով տարածաշրջանային աղետ ստեղծող երկիր։ Ընդ որում` մեր բնապահպանական և դիվանագիտական կորպուսի աշխատանքի «շնորհիվ», ինչպես նաև ամենաբարձր մակարդակով համաձայնեցված որոշման արդյունքում, Հայաստանը հանում է իր վետոն և իր հակառակորդին է նվիրում ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը՝ «COP29»-ը Բաքվում անցկացնելու հնարավորությունը։ Սա մեր օրերում թերևս ամենաազդեցիկ ու ամենամասշտաբային կոնֆերանսներից է, որն անցկացնող երկրին անասելի մեծ վարկանիշային, տնտեսական և ազդեցության օգուտներ է բերում։ Իսկ Բաքուն, ինչպես տեսնում ենք, արդեն շտապում է օգտվել մեր իսկ ընձեռած հնարավորությունից և պատրաստվում է այդ գլոբալ հարթակն օգտագործել Հայաստանն ամբողջովին վարկաբեկելու համար։ 

Հայաստանը, հասկանալով բավական ակնհայտ նպատակը, պետք է օբյեկտիվորեն և սթափ գնահատի իրեն հասցվելիք հնարավոր հարվածների ռիսկը և պատրաստ լինի դրան։ Այսօր Ադրբեջանը նպատակ ունի ոչ թե պարզապես Հայաստանի հանքերի ու ռեսուրսների տեղը մատնանշելու աշխարհին (դա իր կողմից ներդրողների ուշադրությունը գրավելու լավ ծառայություն կլիներ Հայաստանի համար), այլ մասնավորապես ցույց տալու գործող հանքավայրերը, ընկերությունները՝ իրենց բնապահպանական ազդեցությամբ։ Նման վերլուծություն Ադրբեջանը բավական հեշտ կարող է կատարել, քանի որ Հայաստանում հրապարակային հասանելի են անհրաժեշտ տվյալները: 


 

Добавить комментарий

From the author