ֆբդ

Ալիևի վրա լուրջ ճնշում կա` հանդիպելու Փաշինյանի հետ, սակայն «խաղաղության պայմանագրի» ստորագրումն անիրատեսական է. քաղաքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

- Ավարտվեց Մյունխենի անվտանգության համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Գերմանիայի միջնորդությամբ:  Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը տևական ժամանակ հրաժարվում էր եվրոպական հարթակներում Հայաստանի ղեկավարի հետ հանդիպումից, ի՞նչ սպասել այս զարգացումներից, արդյո՞ք այս հանդիպումը նշանակում է «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների վերսկսում: 

- Կարծում եմ` բանակցությունները, այո, կշարունակվեն, հատկապես որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են արաքին գործերի նախարարների մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել, բայց վերջնական առումով, հավանաբար, այդ պայմանագիրը չի ստորագրվելու տարբեր պատճառներով:

Ալիևը, ինչպես բազմիցս ասել եմ, այդքան էլ շահագրգռված չէ «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ, և այստեղ ես տեսնում եմ երկու պատճառ: Նախ` Ալիևը Պուտինին խոսք է տվել, որ կստորագրի «խաղաղության պայմանագիր» միայն մոսկովյան հարթակում և ոչ մի պարագայում չի ստորագրի արևմտյան հարթակներում, հետևաբար արևմտյան պետությունների միջնորդություններն այս առումով Ալիևը կամ տորպեդահարելու է, կամ էլ ժամանակ է ձգելու: Երկրորդ պատճառն այն է, որ նա հասկանում է, որ Հայաստանը դեռ թույլ է պատերազմից հետո, և քանի դեռ հնարավորություն ունի, փորձելու է շատ ավելի բան պոկել Հայաստանից: Դրա համար նաև անկլավների հարց է բարձրացնում, նորանոր պահանջներ է առաջ բերում` փորձելով ավելին ստանալ Հայաստանից: 

- Շատ խոսվեց այն մասին, թե ինչի դիմաց է Ալիևը համաձայնվել Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ` հաշվի առնելով, որ տևական ժամանակ է` արևմտյան հարթակներում հանդիպելու նախորդ բոլոր նախաձեռնությունները մերժվում էին Բաքվի բռնապետի կողմից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ալիևը, այնուամենայնիվ, համաձայնվեց Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ: 

- Ակնհայտ է մի բան` Ադրբեջանի վրա շատ լուրջ ճնշում կա, որպեսզի հանդիպի Հայաստանի ղեկավարության հետ արևմտյան հարթակներում: Պատահական չէ նաև, որ ԱՄՆ Սենատում վերջերս տեղի ունեցան լսումներ` շատ դիպուկ անվանումով` «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», և դրանով նաև ԱՄՆ Սենատը լուրջ ուղերձներ հղեց Ադրբեջանին, որ նրանց համատեղ գործունեությունը Ռուսաստանի հետ այդքան էլ դուր չի գալիս պաշտոնական Վաշինգտոնին, և այո', նրա վրա ճնշում կա, որ Ալիևը գա և հանդիպի Փաշինյանի հետ, նաև «խաղաղության պայմանագիր» ստորագրի: Ինչպես Դուք էլ նշեցիք, վերջին ամիսներին Ալիևը խուսափեց մի քանի այդպիսի հանդիպումներից. վաշինգտոնյան, բրյուսելյան, Գրանադայի հանդիպումներն այդպես էլ իրականություն չդարձան, և հիմա, կարծես թե, այս առումով Ադրբեջանը տեղի է տվել, չնայած այստեղ նուրբ պահ էլ կա` Ալիևը խուսափում է հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ հանդիպումներից: 

Մյունխենյան հանդիպման նախաձեռնությունը Գերմանիայինն էր, իսկ Գերմանիան այդքան էլ լուրջ ճնշումներ չի գործադրում Ալիևի վրա, ինչքան, ասենք, Մակրոնը, և այս հարցում իրենք համաձայնություն տվեցին` հաշվի առնելով Մակրոնի բացակայությունը: Հիշենք, որ Մակրոնը այն տեսակետն է առաջ տանում, որ ԼՂ-ից արտաքսված հայ բնակչությունը պետք է միջազգային մոնիտորինգի ներքո վերադառնա Արցախ: Ընդգծում եմ` միջազգային մոնիտորինգ, ինչին Ադրբեջանի ղեկավարն ամեն կերպ դիմադրում է: Հիմա Շոլցը այդքան էլ ուժեղ կերպար չի, որքան Մակրոնը, որ լուրջ ճնշումների ենթարկի Ադրբեջանի ղեկավարությանը, դրա համար Շոլցի նախաձեռնած այս հանդիպմանն Ալիևը մասնակցեց: 

- Ընդամենը օրեր առաջ Հայաստանի և Ադրբեջանին սահմանին` Ներքին Հանդի մոտակա դիրքերից մեկում, տեղի ունեցավ միջադեպ, ու կա կարծիք, որ Բաքվի կողմից այդ սադրանքն ուղերձ էր սահմանին տեղակայված եվրոպական դիտորդներին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Ադրբեջանն անընդհատ առիթ է փնտրելու մեզ հարածներ հասցնելու, թույլ չտալու, որ ոտքի կանգնենք, զարգանանք, հզորանանք, և հնարավոր բոլոր առիթներով սահմաններին էսկալացիաներ են հրահրելու: Ինչպես նշել եմ բազմիցս, Ռուսաստանին և Ադրբեջանին դուր չի գալիս Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդների տեղակայման փաստը, և նրանք իրենց գործողություններում շատ սինխրոնիզացված փորձում են վարկաբեկել դիտորդական առաքելությունը: Իմիջիայլոց, այդ հարցում նրանց է միացել նաև Հայաստանում գործող «հինգերորդ շարասյունը»: 

Այդ դիտորդական առաքելությունը զսպող գործոն է Ադրբեջանի համար: Այն պահից, ինչ նրանք տեղակայվել են սահմանի տարբեր հատվածներում, իսկ դա տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո` Պրագայի հանդիպման արդյունքներով ձևավորված պայմանավորվածությունների համաձայն, սահմանին բախումներն ու միջադեպերը զգալիորեն նվազել են: Այսինքն` նրանք այստեղ զսպող գործոն են, ինչը, բնականաբոր, դուր չի գալիս Ադրբեջանին ու Ռուսաստանին, և նրանք փորձում են վարկաբեկել դիտորդական առաքելություն իրականացնող խմբին: 

- Ձեր տպավորությամբ` արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը կարողացավ եվրոպական այս հարթակում ներկայացնել Հայաստանի անվտանգային խնդիրները, և ըստ Ձեզ` Արևմուտքը ի վերջո կսկսի՞, կոչերից ու հորդորներից զատ, իրական ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ: 

- Իրականում այս կոնֆերանսը Ուկրաինայի խնդիրներին էր նվիրված, ընդհանրապես այս պահին ամբողջ աշխարհի ուշադրությունն Ուկրաինային է ուղղված, և Հայաստանի ու մյուս երկրների խնդիրները, կարծես, երկրորդ պլան են մղվել: Բայց չի բացառվում, որ անձնական հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր, և այդ քննարկումները գուցեև նպաստեն այդ անվտանգության բարձացմանը: 

Ինչ վերաբերում է Արևմուտքի գործողություններին, այո', չի բացառվում, որ այն կփոխվի և կկոշտանա, բայց այստեղ կարևոր է հատկապես մեր դիվանագիտության աշխատանքն այդ ուղղությամբ: 


 

Добавить комментарий

From the author