3

Ադրբեջանն ամեն ինչ անում է մեզ ցույց տալու համար, որ պատերազմի է պատրաստվում, եթե չենք ուզում դա տեսնել, մեր խնդիրն է. Հայրապետյան․ «MediaLAB.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, ի՞նչ կարող եք ասել, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան։

– Դեռևս արձագանքներ չկան, քանի որ հանդիպումը նոր է ավարտվել, բայց, ընդհանուր առմամբ, իրենք փորձում են ցույց տալ, թե հավատարիմ են նախորդ գործընթացներին: Ես կարծում եմ, որ այս հանդիպումների հիմնական իմաստը հենց այդ գործընթացի ձևական կողմը պահելն է, որովհետև իրականում, հատկապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանը մերժում է արևմտյան ձևաչափերը, մասնավորապես՝ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջը, ու հասկանալով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, փորձում են հիմա ձևական կողմը պահել ու այդ հարթակներում բանակցություններ իմիտացնել: Բայց իրականության մեջ, ես համոզված եմ, որ այդ ամենն արդյունք չի ունենալու, որովհետև եթե նայում ենք գետնի վրա եղած արդյունքներին, դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանը բոլորովին այլ մտադրություններ ունի տարածաշրջանում։ Ընդամենը վերջին երկու ամսում մոտ երկու տասնյակի հասնող վարժանք ու զորավարժություններ են արել, ինչը հսկայական թիվ է ու կարևոր ցուցիչ։

– Հենց ձեր նշած նպատակո՞վ Ադրբեջանը համաձայնեց այս հանդիպմանը, ու ինչո՞ւ հենց բեռլինյան հարթակը ընտրեց, կարո՞ղ ենք սա եռակողմ հանդիպում որակել։

– Դա ընդհանուր ձևաչափ է, որ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Բեռլինը, փորձում է որպես միջնորդ հանդես գալ, իրականության մեջ սա ինչ-որ միջանկյալ տարբերակ է, քանի որ հաճախ է հնչում այն կարծիքը, եվրոպացի պաշտոնյաներն են բարձրաձայնում, որ Ադրբեջանը կարող է գնալ ռազմական գործողությունների, իրենք փորձում են այս հանդիպումներով հենց շղարշ ապահովել ու ցույց տալ, թե նման միտում չունեն, որովհետև նման հանդիպումների հետևանքով նախորդիվ հայկական կողմը գնացել Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, հետևանքը եղավ այն, որ Արցախում այլևս հայ չի ապրում: Սպառնալիքի տակ են դրվել Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող ուղիները, որոնք «անկլավներ» են կոչում, ու դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել՝ բացի ագրեսիայի նոր վտանգից, ու այդ քաղաքականությունը շարունակվում է։

– Այսինքն՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այլ ոչ թե խաղաղությա՞ն, տիկի՛ն Հայրապետյան։

– Ադրբեջանն ամեն ինչ անում է դա մեզ ցույց տալու համար, եթե մենք չենք ուզում դա տեսնել, արդեն մեր խնդիրն է։ Սկսած հռետորաբանությունից, զորավարժություններից, զենքի գնումներից և այլն՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը հենց դա է։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author