Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ռուսաստանը փաստաթղթերով Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր է, բայց այդ մեխանիզմը չի աշխատում

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ներքին Հանդի ճանապարհին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ կետում կան սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, և նրանք այնտեղ են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ինքը ռուս սահմանապահների հասցեին հնչեցրած հայտարարություններով «փորձում է հաճոյանալ ինչ-որ մեկին Արևմուտքում»։

«Ռուսաստանը, ըստ փաստաթղթերի, հանդիսացնում է Հայաստանի անվտանգության ապահովման գործընկեր։ Գուցե հիմա նրանք դա չեն ընդունում, և 2020 թվականից տեսնում ենք, որ 1990-ականներին դրված այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում։ Ռուսաստանն այնտեղ ներկայություն ունի, և չի կարողացել կանխել էսկալացիան»,- ասել է Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը, անդրադառնալով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական սադրանքրին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ և 1 վիրավոր, հայտարարել էր, որ այդ հատվածում գտնվող ռուս սահմանապահները չեն կարողացել կանխել սադրանքը։

Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է իրականությունը։

«Մենք բացառապես բացասական ենք գնահատում նման հայտարարությունները։ Սա առաջին անգամը չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը, պարզապես, կարծում եմ, Արևմուտքում որևէ մեկին հաճոյանալու համար։ Միգուցե մենք կարող ենք ինչ-որ պատճառներ գտնել Ռուսաստանին քննադատելու համար։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան: Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանային ծառայության դիրք։

Բայց միևնույն ժամանակ, այժմ, ինչպես գիտենք, Հայաստանում հետաքննություն է տարվում սահմանագոտում սադրանքները կանխելու և զսպվածություն պահպանելու հրամանի կատարման վերաբերյալ։ Ռուս սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ, քանի որ նրանք 30 տարի հսկում են հանրապետության սահմանները և բազմիցս ապացուցել են իրենց պահանջված լինելը։

Ի տարբերություն մեր սահմանապահների, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են: Նրանց հիմնական զբաղմունքը Ռուսաստանի և Իրանի հետախուզական գործունեությունն է։ Եվ, իհարկե, մի փոքր ինքնափիար»,- ասել էր Զախարովան։

Добавить комментарий

From the author