452

Անթալիայում ինչ-որ առևտուր է կայացել. Էրդողանն ինքն է հայտարարել, որ կա այս տարածաշրջանի հետ կապված ծրագիր. թուրքագետ 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: 

- Մարտի 1-3-ը Թուրքիայում էին գտնվում հայ պաշտոնյաներ` մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ի՞նչ ուղերձներ հնչեցին այնտեղ, ի՞նչ զարգացումներ սպասել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: 

- Որևէ արտառոց հայտարարություն չեղավ Անթալիայում, ասվել են որոշ խոսքեր մամուլի համար, ինչը, իհարկե, այդքան էլ էական չէ, որքան այն, թե կուլիսներում ինչ են պայմանավորվել: Այսօրվա Հայաստանի ղեկավարության ժամանակաշրջանում ինչ զարգացումներ էլ որ տեղի են ունենում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ես միայն վախով ու կասկածանքով եմ նայում: Ինձ համար շատ պարզ է, որ այնտեղ ինչ-որ առևտուր է կայացել, և, ինչպես միշտ, տվողը մենք ենք այդ առևտրի մեջ: Դրա համար ես վախենում եմ: Առավել ևս, օրերս խորհրդարանում իշխող խմբակցությունը խոսում էր այն մասին, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքից որքան տարածք է գրավել կամ նշանառության տակ պահում: Մյուս կողմից` արդեն քանի անգամ Փաշինյանն ասում է, որ եթե անգամ «խաղաղության» պայմանագիր ստորագրենք, խաղաղություն չի լինելու, սպասում է Ադրբեջանի հարձակմանը: Փաշինյանի այդ հայտարարությանն առնվազն պետք է հետևեր այն, թե Հայաստանն ինչ պատրաստություններ է տեսնում` պաշտպանվելու համար, բայց դա չկա: Այսինքն` խորհրդարանում ժողովրդին պատմում են, թե ինչեր են հանձնել, ադրբեջանցիներն ինչեր են վերցրել, բայց երբեք չի խոսվում այդ տարածքների վերադարձի մասին, որովհետև նման նպատակ էլ չկա: 

Ընդհակառակը, իրենք շատ լավ համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ես պատերազմի ժամանակ ասել էի, որ այլևս չկա Ադրբեջան ու Թուրքիա, կա «Թուրքիա 1» և «Թուրքիա 2», այսօր նրանց ավելանում է նաև «Թուրքիա 3»-ը, և դա Հայաստանի Հանրապետության իշխանությունն է: 

- Թուրքիան ուսումնասիրող փորձագետները նշում են, թե Արևմուտքը Թուրքիային քարտ-բլանշ է տվել, որ նա ամրանա Հարավային Կովկասում: Տեսնո՞ւմ եք այդպիսի միտում, և ինչի՞ է դա հանգեցնելու:

- Այդ փորձագետները, կարծում եմ, ուշացել են: Թուրքիան քարտ-բլանշն արդեն վաղուց ունի, ավելի ճիշտ` այն ստացել է Էրդողանի առաջին ընտրությունով, և Էրդողանն ինքն է հայտարարել, որ կա այս տարածաշրջանի հետ կապված ծրագիր, և ինքն այդ ծրագրում համանախագահ է: Դրանից հետո այսօր ասել, թե Թուրքիան քարտ-բլանշ է ստացել, ուշացած հայտարարություն է: 

Վերջին տարիներին Արևմուտքի կողմից ի՞նչ ենք տեսնում` միայն խոսքեր: Ոչ մի կոնկրետ գործողություն ո'չ գերիների հետ կապված, ո'չ պատերազմի հետ կապված, ո'չ պատերազմական հանցագործությունների հետ կապված: Այսինքն` լինում է, որ, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանը դատապարտվում է, բայց հետո՞: Դա ոչինչ չի նշանակում: Ադրբեջանը, միևնույն է, շարունակում է իր գործունեությունը: Թուրքիան և Ադրբեջանը ներկայումս փորձում են առավելագույն շահը ստանալ այստեղ, դրա համար նրանց ծրագիրը մի քիչ ուշանում է, հետևաբար նրանց փորձում են շտապեցնել:  

Մյուս կողմից` նայեք, թե օրինակ Ֆրանսիան ինչ է անում. հայտարարում են, թե զենք են ուղարկում Հայաստան, որն իրականում զենք էլ չէ: Տեսեք, թե վերջին խմբաքանակն ինչ էր` հեռադիտակ, գիշերային տեսասարքեր և երեք հատ փոքրիկ ռադար: Դա զե՞նք է: Դրանով պարզապես փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ: 

- Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ սառեցնում են գործունեությունը ՀԱՊԿ-ում: Ինչի՞ կարող են հանգեցնել նման զարգացումները:  

- Դա վերոնշյալ գործընթացի մի մասն է: Մինչև ռուսին այստեղ չչեզոքացնեն, իրենց գործերը հեշտորեն չեն կարող կատարել: Բայց մյուս կողմից Ռուսաստանն այն երկիրը չէ, որ վատ խոսք ասես, նեղանա, գնա: Նրան դժվար է դուրս քշել մի տարածքից, որտեղից չի ցանկանում դուրս գալ: Իսկ նա չի ցանկանում այստեղից գնալ: Բայց այս հակառուսականությունը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, և ռուսի հետ թշնամությունը կարող է ավելի վտանգավոր լինել մեզ համար, քան իրենց հետ չհավանած բարեկամությունը: Ցավոք,  մարդկանց շատ քիչ մասն է կարողանում վերլուծել այն, ինչ կատարվում է: 

 

Добавить комментарий

From the author