վսա

Ստեղծված իրավիճակում մի քանի ռադարի կամ զրահապատ մեքենաների վրա հույս դնելը ինքնախաբեություն է և նոր պարտությունների տանող ճանապարհ. Արա Պողոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը:  

- Оրերս Հայաստանի խորհրդարանում իշխող խմբակցությունը խոսում էր այն մասին, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքից 31 գյուղ մասամբ գրավել է կամ պահում է նշանառության տակ: Դրանից հետո Անթալիայում տեղի ունեցան հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչից հետո Բաքվի հռետորաբանությունն էլ ավելի կոշտացավ: Այսօր նույնիսկ ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «պետք է ռազմական գործողություն իրականացնել Տավուշում և 8 օկուպացված գյուղերը միավորել»: Ըստ Ձեզ` ի՞նչ են վկայում այս զարգացումները: 

- Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ որոշակի հարցերի վերաբերյալ տվել են համաձայնություններ, և, ցավոք սրտի, այդ համաձայնությունները հայ ժողովրդին երբեմն չեն մատուցվում, և ժողովուրդը ստիպված է լինում պոստ-ֆակտում առերեսվել դրանց հետ: Մասնավորապես, երբ Ալիևը խոսում է այս կամ այն պահանջի մասին, նշում է, որ իրենք Հայաստանից և Հայաստանի իշխանություններից չեն ուզում ավելին, քան իրենց խոստացվել է: Սա ասվում է այն համատեքստում, որ Հայաստանի իշխանությունները, ըստ էության, Պրագայում և մյուս հանդիպումների ժամանակ համաձայնվել են թե' «անկլավների» վերադարձին և թե' սահմանազատման ու սահմանագծման հարցում ադրբեջանական ներկայիս տեսլականով լուծմանը: 

Բայց մեզ համար ելակետը ոչ թե թշնամի երկրի ղեկավարի հայտարարությունն է, այլ ՀՀ իշխանությունների վարքագիծը և տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները: Մասնավորապես, մենք կարող ենք արձանագրել, որ այն պահանջները, որ դրել են թշնամի պետության ղեկավարը և իր քաղաքական թիմակիցները, առնվազն հետագայում Հայաստանի իշխանությունների կողմից կա'մ բավարարվել են, կա'մ ռազմական ուժի միջոցով կորզվել: Կարելի է ասել, որ մենք առերեսվել ենք պոստ-ֆակտում այդ հայտարարությունների իրագործման հետ: Եվ հիմա ողջամիտ տրամաբանությունը մեզ հուշում է, որ այստեղ ևս որոշակի գործընթաց է տեղի ունեցել, որից ելնելով` ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում:

Երբ Հայաստանի իշխանությունները խոսում են 31 գյուղերի մասին, նրանք չեն բարձրաձայնում, որ ոչ թե ուղղակի օկուպացիայի մասին են խոսում որոշ դեպքերում, այլ անուղղակի օկուպացիայի կամ դրա վտանգի: Սրանով, կարծես, հող են նախապատրաստում` հետագայում մատուցելու, որ Ադրբեջանը այդ 31 գյուղերի նկատմամբ իր հավակնությունները հավասարակշռում է Տավուշի 8 գյուղերի նկատմամբ հավակնություններով, և եթե տալիս ենք 8 գյուղերը, ապա մյուս օկուպացված գյուղերն ազատվում են: Սա վտանգավոր խոսույթ է` հաշվի առնելով, թե ինչպես են հաճախ մեզ մատուցվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը և դինամիկան: Ինչպես հիշում եք, Արցախյան հարցի շուրջ Հայաստանի իշխանություններն առաջ էին բերել այն դրույթը, որ եթե իջեցնենք մեր նշաձողը, ապա Արցախի շուրջը կձևավորվի Արևմուտքի կողմից լայն կոնսոլիդացիա: Ըստ էության, այդ նշաձողն իջեցրինք շրիշակից ավելի ցածր մակարդակի, բայց նույնիսկ այդ դեպքում Արցախի Հանրապետության շուրջը որևէ կոնսոլիդացիա տեղի չունեցավ, ի պաշտպանություն Արցախի ևս որևէ գործընթաց տեղի չունեցավ, դեռ ավելին` Ադրբեջանը, ստանալով յուրաքանչյուր հերթական նշաձողի իջեցումը, վստահ եղավ, որ կարող է ուժի կիրառմամբ լուծել խնդիրը: Արդյունքում, Ադրբեջանը ֆիզիկապես Արցախի Հանրապետությունը գրավեց: Եվ նույնիսկ այդ ամենից հետ ՀՀ իշխանությունների խոստացած լայն կոնսոլիդացիան չտեսանք: Նույնը այս դեպքում է: Մեզ վստահեցնում են, որ եթե այսպես անենք, կլինի այսպես, բայց առնվազն հիմքեր չունենք վստահ լինելու, ավելին` կարող ենք  հավատացած լինել, որ տեղի է ունենալու ճիշտ հակառակը: Իրատեսական է, որ ինչ-որ պահից Ադրբեջանի կողմից 8 գյուղերի պահանջը ևս կտեղափոխվի քաղաքականից ռազմական հարթություն: 

- Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանի իր ելույթներում մշտապես խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կարող է ռազմական էսկալացիա ձեռնարկել, սակայն երբեք չի խոսվում այն մասին, թե, ասենք, Հայաստանը ինչպես է պատրաստվում հնարավոր էսկալացիային: Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների այս խոսույթը ի՞նչ է նշանակում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: 

- Սա ևս նախկինում կիրառված խոսույթ է` նույն Արցախի Հանրապետության հետ կապված, կամ, ասենք, նույն Իշխանասարի հետ կապված, երբ հայտարարում էին, թե տարվա կեսն այնտեղ ձյուն է տեղում, մի սարի համար չենք գնալու զոհվենք և այլն: Այս խոսույթը մենք գործնականում արդեն տեսել ենք: Սա հիմք ընդունելով` կարող ենք ասել, որ քարոզչական դաշտում տեղի ունեցող գործընթաց է: Եթե սա չասեին Հայաստանի իշխանությունները, ասեին այլ պետություններ, հստակ կարող էինք նշել, որ դա տեղեկատվական պատերազմ է հայ ժողովրդի դեմ: 

Ահա այսպիսի գործընթացների արդյունքում, բնական է, որ ժողովրդի մեջ առաջանալու են ներքին վախեր, հատկապես որ ընդամենը 3 տարի առաջ ժողովուրդն առերեսվեց պարտության հետ, ընդամենը մի քանի ամիս առաջ կորցրեց իր հայրենիքի մի հատվածը, այդ ամենը դեռ չհաղթահարած` երբ անընդհատ ասում են, թե կարող ես ավելին կորցնել, քան կորցրել ես, բնականաբար տեղի է ունենում հասարակական իմունիտետի նվազում, և դրանից հետո, բնականաբար, հասարակությունը ստիպված է լինելու ընդունել նոր պարտություններն ու զիջումները հենց նույն վախերի պատճառով, որոնք ոչ միայն չեն հաղթահարվում, այլև ավելի են խորացվում: 

- Վերջին շրջանում շատ քննարկվեց Հայաստանի կողմից նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման հարցը: Հատկապես Ֆրանսիայից գնված և Հայաստան ուղարկված տեխնիկայի` ռադարների և գիշերային տեսանելիության սարքերի վերաբերյալ կարծիքներ էին հնչում, թե դա ավելի շատ քարոզչական շղարշ ուներ, քան թե ուղղված էր հենց բանակի պաշտպանունակության բարձրացմանը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Ռազմագիտությունն ունի հստակ և չափելի պատասխաններ: Որպես քաղաքագետ` ասեմ, որ պետությունը, որը չունի ռազմավարական խորություն, ենթարկվում է ագրեսիվ պատերազմի, չունի մեծ մոբիլիզացիոն ռեսուրսներ, ներառական և ինքնաբավ ռազմական տնտեսություն, որը չունի լոգիստիկ մեծ հնարավորություններ, իրեն չի կարող թույլ տալ զուտ պաշտպանական միջոցներ, ինչպես նշեցիք` ռադարներ և այլ նմանատիպ տեխնիկա կուտակել` հույս ունենալով, որ ինքը կարող է լինել անվտանգ: Մեր կարգավիճակում գտնվող պետությունները պետք է ունենան ագրեսիվ կամ, այլ կերպ ասած, հարձակվողական բանակ, որն էլ իր հերթին ենթադրում է հարձակվողական սպառազինություն, ինչպես, օրինակ, Իսրայելում է: Իսրայելը թեպետ ունի զարգացած, սեփական ենթակառուցվածքների հաշվին կառուցված պաշտպանական համակարգ, բայց իսրայելական բանակը հարձակվողական բանակ է, որն ի վիճակի է ագրեսիվ պատերազմ մղելու: Մեր պարագայում, երբ ամբողջ պետության տարածքը դիտարկելի է մեր թշնամիների կողմից, և թշնամու համար մեծ դժվարություն չի լինելու մեր պաշտպանական համակարգերը բացահայտելը, ստեղծված իրավիճակում մի քանի ռադարի, զրահապատ մեքենաների, գիշերային տեսանելիության սարքերի վրա հույս դնելը ինքնախաբեություն է, և սա նոր պարտությունների տանող ճանապարհ է: Եթե, ասենք, չկա այնպիսի գաղտնի գործընթաց, որ բերվում են նաև մահաբեր զենքեր, այլ իրապես ձեռք ենք բերում զուտ պաշտպանական սպառազինություն, մեզ համար, ես կարծում եմ, նոր պարտությունների ճանապարհ է: 

- Իսկ բանակում տեսնո՞ւմ եք որևիցե փոփոխություն, որ համապատասխանում է ներկա մարտահրավերներին:  

- Ես նախկինում էլ եմ ասել, որ մեր բանակն այլևս չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին, որ կան մեր տարածաշրջանում և, հատկապես, մեր պետության նկատմամբ: Պատահական չէ, որ ես խոսեցի հարձակվողական բանակների մասին: Դա զուտ սպառազինություն չի ենթադրում, այն ենթադրում է նաև զորատեսակների որոշակի ձև և տեսակ: Ստորաբաժանումների և օպերատիվ կառավարման որոշակի տրամաբանություն: Մեր պարագայում ռուսական կամ սովետական մոդելի բանակն այլևս չի աշխատելու, և առաջ են գալիս նոր` ավելի մոբիլ ռազմական ստորաբաժանումներ ունենալու պահանջը, էլիտար զորքեր ստեղծելու պահանջը, ինչը մեր թշնամիներն արդեն անում են: Դա պետությունների համար մեծ ներդրումներ պահանջող ճանապարհ է, բայց միակն է, թերևս, որ կարող է բանակը մրցունակ դարձնել: Մնացած բոլոր ճանապարհները` զինվորական ծառայության ժամկետի կրճատում, կանանց ստորաբաժանումների ստեղծում և այլն, զուտ ֆիկցիաներ են լինելու, եթե դրանք չեն արձագանքելու եղած մարտահրավերներին: 
 

 

Добавить комментарий

From the author