սվ

Նրանք 4 գյուղ են պահանջում, մենք էլ պետք է պահանջենք 200 քկմ տարածքները. Գալիչյան  

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը: 

- Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս հայտարարության վերաբերյալ: 

- Նիկոլ Փաշինյանի ասածն այն էր, որ Ադրբեջանի հայտարարած 4 գյուղերը գոյություն չունեն, այսինքն` Հայաստանի տարածքում այդպիսի անվանումով գյուղեր չկան, որ այդ գյուղերն էլ իրենց տանք: 

- Այսինքն` ըստ Ձեզ` իշխանության ներկայացուցիչները պարզապես նկատի ունեն, թե նման անվանումով գյուղեր ՀՀ տարածքում չկա՞ ն: 

- Այո', իր ասածը դա է: Սակայն չգիտեմ` դա որքանով է իրականությանը մոտ, որովհետև այդ 4 գյուղերից բացի` մյուս մի քանի գյուղերի անունները որ տալիս են, դրանք ադրբեջանական «անկլավների» մեջ մտնող գյուղեր են, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքում են գտնվում, բայց ադրբեջանական այսպես կոչված «անկլավի» մեջ: Սակայն այդ անկլավներն ապօրինի են, որովհետև ԽՍՀՄ տարիներին անհայտ պատճառներով իշխանությունները որոշել են այդ հողամասերին տալ «անկլավ» անվանումը և հանձնել Ադրբեջանին` առանց Հայաստանի վավերացման: 

- Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ստանալ այդ տարածքները մինչև սահմանազատման և սահմանագծման իրականացումը: Որքանո՞վ է դա օրինական: 

- Հանձնել այդ տարածքները, քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել Հայաստանի իր ներխուժած հատվածներից, անթույլատրելի է: Այդ 207 քառակուսի կիլոմետր տարածքից մինչև Ադրբեջանը չհեռանա, մենք ոչինչ չենք կարող սկսել` ոչ մի սահմանագծում, ոչ մի խաղաղության պայմանագիր և այլն: Նրանք 4 գյուղ են պահանջում, որ անմիջապես պետք է մենք վերադարձնենք, մենք էլ պետք է պահանջենք, որ անհապաղ վերադարձնեն այդ 200 քկմ տարածքները: 

- Իշխանության ներկայացուցիչները խոսում են Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման մասին: Արդյո՞ք Ադրբեջանի պահանջած տարածքներն ու Արծվաշենը համազոր են իրենց ռազմավարական նշանակությամբ: 

- Ադրբեջանի տարածքում մեր անկլավներից մեկն է` Արծվաշենը, սակայն այն ռազմավարական նույն նշանակությունը չունի մեզ համար, ինչ ադրբեջանական այսպես կոչված 3 անկլավները Հայաստանում, որոնք շատ մեծ ռազմավարական կարևորություն ունեն, քանի որ դրանցով են անցնում մեր մայրուղիները:  

- Այս իրավիճակից մենք ի՞նչ ելքեր ունենք: 

- Ելքը միայն այն է, որ եթե ուզում են նստել ու բանակցել, Ադրբեջանը պետք է նախ դուրս գա իր ներխուժած տարածքներից` համաձայն 2020 թվականի պայմանավորվածության և, իհարկե, Ալմա-Աթայի համաձայնագրի: 

- Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ ՀՀ տարածքի 29.800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29.743 քկմ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Աշխարհում ոչ մի երկիր հստակ չի կարող ասել, թե իր տարածքը քանի կիլոմետր է, որովհետև չափումները միշտ կարող են տատանվել մի քանի տոկոս: Բայց 29.800 քկմ-ը կլորացված է, ինչպես որ Ադրբեջանի 86.600 քկմ-ը: 


 

Добавить комментарий

From the author