սվվսա

4 գյուղի հանձնումը դեպի պատերազմ տանող ճանապարհ է. Փաշինյանը լեգիտիմացնում է Ալիևի ծրագիրը. Արա Պապյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պապյանը:

- Ադրբեջանի հետ դեռևս սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի մեկնարկել, սակայն Բաքուն պահանջում է անհապաղ վերադարձնել իբր իրեն պատկանող Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն էլ հուշում է այն մասին, որ իրենք պատրաստ են այդ գործարքին: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս հարցի առնչությամբ:

- Այս ամենի հիմքում Նիկոլ Փաշինյանի այն սխալ հայեցակարգն է, որ նախ` ՀՀ պետական սահմանները Խորհրդային Հայաստան վարչական միավորի սահմաններն են, և երկրորդ` այդ սահմանները որոշողը ասես Ադրբեջանն է. Ալիևը պնդում է, թե իրենց տարածքներն են ու Հայաստանից զիջում է պահանջում: Սա, բացի միջազգային իրավունքի ոտնահարումից, նաև սահմանադրական իրավունքի ոտնահարում է, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխությունը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Մյուս կողմից՝ այն, ինչ այսօր Փաշինյանը փորձում է ներկայացնել իբր ադրբեջանական տարածք, դրա վերաբերյալ չկա որևէ իրավական փաստաթուղթ, իսկ եթե չկա իրավական փաստաթուղթ, նշանակում է` նոր փաստաթուղթ է ձևակերպվում, իսկ այդ նոր փաստաթուղթը հաստատում է նոր իրողություն, դա էլ իր հերթին` իրավիճակի փոփոխություն: Դրա համար սա նաև հակասահմանադրական է, դե ռազմական և տրանսպորտային բաղադրիչների մասին էլ դեռ չեմ խոսում: Ակնհայտ է, որ զիջելով այդ ճանապարհային հատվածները՝ նոր խնդիրներ են մեզ համար ստեղծվելու: Այդ ճանապարհը նաև Հայաստանի` միակ քիչ թե շատ բաց ճանապարհն է դեպի Վրաստան և Վրաստանով էլ` Սև ծով: Այդ տարածքների հանձնումով վտանգի տակ է դրվելու նաև այդ ճանապարհը: Դրանով էլ, ախր, ամեն ինչ չի ավարտվում: Սա զիջում ես, դրան հետևելու է անկլավների հարցը, դրան հետևելու է անկլավները պաշտպանելու հարցը, պաշտպանելուն հետևելու է անկլավներին մատակարարելու հարցը, և այսպես`անվերջանալի հարցեր: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը սա համարում է դիվանագիտություն` հանուն խաղաղության, ես կասեմ հակառակը` սա դեպի պատերազմ տանող ճանապարհ է, որովհետև պատերազմները ե՞րբ են տեղի ունենում, երբ խախտվում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Առանց այն էլ այդ հավասարակշռությունը խախտված է հօգուտ Ադրբեջանի, բայց հիմա էլ ավելի խոցելի դարձնելով մեր դիրքերը՝ մենք տանում ենք Ադրբեջանին գայթակղության` հարձակվելու և ռազմական ճանապարհով լուծելու այդ հարցերը, իսկ դրա փաթեթավորումը Ադրբեջանը միշտ կգտնի` ներկայացնելով, որ այդ տարածքները պատկանել են իրեն, մանավանդ մեր իշխանության կողմից որևէ հակազդեցության բացակայության պայմաններում: 

- Այսինքն, պարո՛ն Պապյան, մանիպուլյացիա՞ է Նիկոլ Փաշինյանի այն պնդում-հայտարարությունը, որ եթե չտանք այս գյուղերը, պատերազմ կլինի:

- Նախ ասեմ, որ Սահմանադրությամբ վարչապետը և իշխանությունն ընդհանրապես երկրի անվտանգության երաշխավորն են, այսինքն՝ իրենք պետք է ամեն ինչ անեն անվտանգության պահպանման համար, որ պատերազմ չլինի: Հիմա, եթե ասում ես՝ պատերազմ կլինի, հարց է առաջանում՝ 6 տարվա մեջ ի՞նչ էիր անում կամ 2020 թվից հետո ի՞նչ էիր անում,  այնպիսի բան անեիր, երկիրդ այնպես կառավարեիր, որ խուսափեիր պատերազմից, ոչ թե հայտարարեիր` եթե տարածքները չտանք, պատերազմ կլինի: Իսկ պատերազմը հեշտ չէ, և պատերազմն արդեն Ալիևի մոտ լրացուցիչ լրջագույն խնդիրներ է ստեղծելու: Այստեղ այլ հարց կա. երբ Փաշինյանին հարց տվեցին, թե կա՞ երաշխիք, որ եթե տալիս ենք Ալիևի պահանջած տարածքները, պատերազմ չի լինում, ինքը ազնվորեն ասաց` երաշխիք չկա, բայց հույս կա, որ Ալիևը չի գնա պատերազմի: Այսինքն՝ դու սկզբում տալիս ես այդ տարածքները, վտանգում ես քո երկիրը միայն հույսի համար, թե հնարավոր է պատերազմ չլինի՞: Սա անգամ կենցաղային տրամաբանությունից է դուրս, որովհետև կենցաղային տրամաբանության մեջ անգամ Փաշինյանը երբեք չէր տանի, ասենք, ինչ-որ գումարներ մի տեղ վճարեր` վստահ չլինելով, որ դրա դիմաց ինչ-որ բան կստանա, այսինքն՝ հույսի դիմաց ինքը նման գործարք հաստատ չէր անի: Հիմա ի՞նչ, հույսի դիմաց եթե քո գումարը չես տա, ո՞նց ես քո հայրենիքի մի մասը տալիս: 

Ցավոք սրտի, պատերազմն անխուսափելի է, խաղաղությունը կհաստատվի միայն ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատումով, որևէ այլ լուծում բերելու է նոր զիջումների: 

- Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ասաց, որ Ալիևի պահանջած 4 գյուղերը ՀՀ տարածքում չեն: Կա կարծիք, որ դրանով նա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Իհարկե, կա նման խնդիր, և, ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը լեգիտիմացնում է ադրբեջանցիների պահանջները: Օրինակ՝ երբ Անվտանգության խորհրդում պետք է քննարկվեր Արցախի ժողովրդի, քաղաքացիական բնակչության անվտանգության հարցը, ինքը կանգնեց և հայտարարեց, որ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում, և դա այն պարագայում, երբ վայրագությունների ու սպանությունների առնվազն մի քանի տասնյակ դեպքեր արդեն հայտնի էին: Հիմա ասելով, թե դա Ադրբեջանի մաս է, այո', Ադրբեջանին տալիս է իրավական, քաղաքական, անգամ քարոզչական հնարավորություն` ամբողջ աշխարհին ներկայացնելու, ասելու, որ ես չեմ գրավում որևէ երկրի տարածք, սա ագրեսիա չէ, և Փաշինյանն էլ սա բազմաթիվ անգամներ է ցավոք սրտի ասում: Ինքը ասում է` ես Տավուշից մի թիզ անգամ չեմ տալիս, այսինքն՝ ակնարկելով, որ այն, ինչ տալիս եմ, դա Տավուշը չէ, դա Հայաստանը չէ: Այդ ձևով նա լեգիտիմացնում, արդարացնում է Ադրբեջանի քայլերը: Ավելին ասեմ` ինքը նաև լեգիտիմացնում է Ռուսաստանի` Հայաստանին չօգնելը, երբ հայտարարում է, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ում իր անդամությունը, ինչի հետևանքով Հայաստանը հնարավորություն է տալիս Ռուսաստանին չաջակցելու մեզ` հստակորեն ասելով` դե դուք սառեցրել եք ձեր անդամությունը: Բայց, միևնույն ժամանակ, մենք դե յուրե անդամ ենք այդ կազմակերպության, ինչն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս Արևմուտքից աջակցություն ակնկալելու: Այսինքն՝ մենք զրկվում ենք և' ռուսական, և' արևմտյան աջակցությունից միաժամանակ, նաև դրանով ենք հնարավորություն տալիս Ալիևին տարածքային պահանջներ ներկայացնելու: 

- Տավուշցիները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էին, որ պատրաստ են զենք վերցնել ու պաշտպանել իրենց հողը: Բայց այն պարագայում, եթե Փաշինյանն ընդունում է, որ այդ 4 գյուղերը Տավուշի մարզում չեն, արդյոք վտանգի տակ չի՞ դնում նաև այդ մարդկանց, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց տունը և հողը:  

- Ցավոք սրտի, հենց այդպես է, և ավելին ասեմ` Նիկոլ Փաշինյանից նույնիսկ սպասելի է նման բան, որ ինքը հետո կարողանա այս նույն մարդկանց դեմ ռեպրեսիաների դիմել` ասելով, թե անօրինական զենքի եք դիմել և իշխանության քաղաքականության դեմ եք գնացել: Բայց, այնուհանդերձ, ես կարծում եմ, այդ մարդիկ լրիվ իրավունք ունեն իրենց անհամաձայնությունը հայտնելու բոլոր ձևերով, նաև` ինքնապաշտպանության ձևով, գոնե վաղը, մյուս օրը հնարավորություն կլինի քննարկելու և հարց բարձրացնելու, որ դա Փաշինյանի ինքնագլխությունն էր, և ժողովուրդը դեմ է եղել դրան: 

Ես վերջերս եմ եկել Եվրոպայից, այնտեղ հանդիպումների էի, և մենք այն տեսակետն ունենք, որ համաձայն ենք սահմանզատմանն ու սահմանագծմանը, բայց ասում ենք` եկե'ք, կողմերը նախ դիմեն միջազգային դատարան, հստակեցնեն` այդ սահմանը որտեղով է անցնում, դրանից հետո որը մերն է, մեզ վերցնենք, որն Ադրբեջանինն է, իրենց տանք, ոչ թե այսպես անորոշ` ով որտեղ ուզում է, կամ ում թուրը որտեղ կտրում է, հայտարարում է իրենը: 

 

Добавить комментарий

From the author