ագեդ

Ի՞նչ նշանակություն ուներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հարավային Կովկաս

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Հարությունովը: 

- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երևանն էր, որտեղ նա մի շարք հայտարարություններ հնչեցրեց: Դիտարկելով նաև Բաքվում և Թբիլիսիում պաշտոնյայի ուղերձները՝ ի՞նչ կարող ենք ասել. ո՞րն էր այցի նպատակը, և արդյո՞ք Հարավային Կովկասում էական փոփոխություններ են սպասվում: 

- Այդ հայտարարությունները ստանդարտ բնույթ ունեին, մոտավորապես նույն ուղերձներն ասում են Արևմուտքի բոլոր ներկայացուցիչները, այսինքն՝ ես չեմ կարծում՝ դրանք հատուկ Երևանի համար են: Բայցի դրանից՝ գրեթե նույն բաները Ստոլտենբերգն ասել է նաև Բաքվում և Թբիլիսիում: Իրականում խնդիրը ոչ թե այդ հայտարարություններով հարց լուծելն էր, այլ փորձը` այս տարածաշրջանում մրցակցել Ռուսաստանի հետ և մեծացնել Արևմուտքի ազդեցությունը՝ ընդհանրապես և ՆԱՏՕ-ինը` մասնավորապես: Բայց խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ հեղափոխական փոփոխություններ են սպասվում, որովհետև, փաստացի, տարածաշրջանի բոլոր երկրներն էլ մանևրում են Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, երևի այդ հարցում Հայաստանն է մի քիչ տարբերվում: Ըստ իս` փորձում էին այդ մանևրի շրջանակում բարձրացնել Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի կշիռը Հարավային Կովկասում, քանի որ տարածաշրջանի երեք երկրներն էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինչ-որ ձևաչափ արդեն ունեն, և կարծում եմ` պարզապես փորձում են մեծացնել կշիռը: 

- Հայաստանը վերջին շրջանում անընդհատ կրկնում է, որ ցանկանում է դիվերսիֆիկացնել իր անվտանգային ոլորտը: Արդյո՞ք ՆԱՏՕ-ի կողմից նկատվում է որևէ շահագրգռվածություն` մասնակցելու այդ գործընթացին: Օրինակ՝ տեսանք, որ Ադրբեջանում Ստոլտենբերգը հանդիպեց նրանց պաշտպանության նախարարի հետ, սակայն Երևանում նման հանդիպում չկայացավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

- Ես կարծում եմ` լուրջ երաշխիքների մասին ի սկզբանե չէր կարելի խոսել, դա պայմանավորված է նրանով, որ նույնիսկ Վրաստանի անդամակցության հարցը, որը շատ վաղուց նպատակ է դրել անդամակցելու ՆԱՏՕ-ին, այս պահին անգամ սեղանին չէ, և որևէ կոնկրետ ժամկետների մասին խոսք չկա: Իսկ Ադրբեջանն ու Հայաստանը պարզապես նման խնդիր չեն էլ դնում: 

Ես կարծում եմ` ՆԱՏՕ-ն պատրաստ չէ նման երաշխիքներ տրամադրել, որովհետև դա էլ պոտենցիալ կոնֆլիկտ է Ռուսաստանի հետ: Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ եթե նախկին խորհրդային երկրներից որևէ մեկը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, Ռուսաստանը համապատասխան արձագանքում է: Դրա համար, կարծում եմ, գլոբալ անվտանգային երաշխիքների մասին խոսք չի գնացել: ՆԱՏՕ-ն իր ռեսուրսները հիմնականում կենտրոնացնում է Ուկրաինային աջակցելու վրա, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում, հետևաբար այստեղ առավելագույնը կարող էր խոսք գնալ համագործակցության ընդլայնման մասին: 

- Այսինքն՝ ըստ Ձեզ` Հայաստանում Ստոլտենբերգի այցի առնչությամբ ձևավորված ոգևորությունն ուռճացվա՞ծ էր:

- Եթե այդ ոգևորվածության հիմք համարենք զուտ այցի փաստը, գուցե կարելի է ասել`կարևոր բան է եղել: Սակայն ասել, թե այդ այցի ընթացքում ինչ-որ կարևոր պայմանավորվածությունների են հասել, կարծես թե` ոչ: Հետևաբար ես այստեղ ոգևորվածության հիմքեր շատ չեմ տեսնում: Բացի դրանից՝ եթե նայենք հայտարարություններին, Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունները շատ ավելի կոնկրետ էին ու ավելի լուրջ: 
 

Добавить комментарий

From the author