պպ

Սահմանները չէ, որ որոշում են պետականության գաղափարը. քարտեզները փոխվում են զարմանալի արագությամբ. Նարինե Դիլբարյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գյումրիում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե տեղի է ունենում ցավալի անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: «Քաղաքացիական պայմանագրի» առաքելությունն էլ, ըստ նրա, առաջնորդելն է հայ ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում ապահովելը։

Ի՞նչ է նշանակում իրական Հայաստան, և ինչո՞ւ է ՀՀ վարչապետն անընդհատ խոսում պատմական Հայաստանից հրաժարվելու մասին: Թեմայի առնչությամբ «Դետք»-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի հետ

Մեր զրուցակցի դիտարկմամբ` դա կեղծ հակադրություն է, որովհետև ժողովուրդներն իրենց պատմության տարբեր փուլերում տարբեր սահմաններ են ունենում, սակայն դա չի նշանակում, որ այդ պետությունները իրական են կամ իրական չեն: 

«Նախ` ի՞նչ է նշանակում պատմական Հայաստան: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց պատմությունը, որի ընթացքում տարբեր սահմաններում են գոյություն ունեցել, սակայն միայն սահմանները չէ, որ որոշում են պետականության գաղափարը: Այսինքն` սահմանագծում-սահմանազատումը սովորաբար կատարվում է վիճելի իրադարձությունների դեպքում` սահմանադրական համապատասխան նորմերի կատարմամբ, հիմա արհեստականորեն Արևմտյան կամ պատմական Հայաստան ասելով` դրան հակադրել մի Հայաստան, որի սահմաններն անգամ պարզ չեն, դա նշանակում է պարզապես հրաժարվել ինքնուրույն պետականության գաղափարից: Եվ եթե ձևակերպենք կարճ, պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիքը այսօրվա վարչապետն է և իր կառավարությունը, որովհետև նրանք անընդհատ կասկածի են ենթարկում Հայաստանի Հանրապետության եղած սահմանները, ընդ որում` հիշենք, որ հղում են կատարում խորհրդային ժամանակներին, իսկ խորհրդային ժամանակներում Հայաստանը 30 հազար կիլոմետր քառակուսուց ավելի տարածք է ունեցել: Եղել է նույնիսկ ժամանակ, որ Հայաստանը և Արցախն ընդհանուր սահման են ունեցել մինչև Կարմիր Քուրդիստանի ձևավորումը: Այսինքն` այդ սահմանների վերաբերյալ շփոթը հատուկ են առաջացնում` հենվելով ինչ-որ քարտեզների վրա, իսկ քարտեզները պետական փաստաթուղթ և սահմանադրություն չեն, քարտեզները փոխվում են զարմանալի արագությամբ` պետությունների համաձայնություններից դուրս»,- ասաց Ն. Դիլբարյանը: 

Նա նաև ընդգծեց այն հանգամանքը, որ երբ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իրեն ճանաչել է ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ, այլ Ժողովրդավարական Ադրբեջանի իրավահաջորդ, հետևաբար, հղում կատարել այդ քարտեզներին, ըստ էության, տարօրինակ է: 

Նարինե Դիլբարյանի համար անընդունելի է նաև այն, որ ՀՀ վարչապետը շրջում է գյուղեգյուղ` ցուցադրելով Հայաստանի քարտեզի ինչ-որ մանրակերտ. «Դա, ըստ էության, Հայաստանի ծաղրակերտն է, հաճախ Արծվաշենի կտորն էլ կորցնում է, չի էլ բարձրացնում, ու մեզ անընդհատ ասում է, թե Ադրբեջանը չի ճանաչել այդ 29.800 կմ քառակուսին, և իրեն համարում է իրական Հայաստանի վարչապետ: Հիմա ո՞րն է այդ իրականը: Մենք գիտենք, որ իրական տերմինը ոչ պետական է, ոչ էլ քաղաքական, հետևաբար աբսուրդային է նրա ասածը: Այն, ինչ այսօր ձեզ համար իրական է, վաղը կարող է գոյություն չունենալ: Մի ժամանակ ԽՍՀՄ-ն իրականություն էր, հետո դադարեց գոյություն ունենալուց, կամ, ասենք, Օսմանյան կայսրությունն իրականություն էր, բայց այսօր չկա: Եվ այնպես չէ, որ ամեն պետություն այս պահին հստակ գիտի իր սահմանները: Բերեմ այլ օրինակ: Ասենք` Իսրայելը երկար ժամանակ պետություն էր միայն թղթերում և աշխարհասփյուռ հրեաների մտածողության մեջ, բայց նրանք հաջողացրին այն դարձնել իրական պետություն, իսկ Հայաստանի ներկա իշխանությունն անում է հակառակը` ձևավորված պետությունը, ավելին` երկու պետությունները` Արցախը և Հայաստանը, ոչնչացվում են, և ոչ միայն տարածքայնորեն, այլև գաղափարական առումով: Նրանց կուսակցության անդամը` Ազգային ժողովի նախագահը, հրաժարվում է Արցախի Հանրապետության ղեկավարության հետ հանդիպելուց, ասում է` որպես շարքային քաղաքացի կընդունեմ, բայց որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ` չեմ ընդունի: Այսինքն` նրանք իսպառ են մերժում Արցախը: Տարածքը հանձնել են, հասկացանք, բայց նրանք մերժում են Արցախն ընդհանրապես, Արցախ բառը դարձել է տաբու: Հիմա էլ աստիճանաբար գնում են Հայաստանի Հանրապետությունը տաբու դարձնելու ճանապարհով, դրա համար նա ոչ թե իրական Հայաստանի վարչապետն է, այլ չհայաստանի»,- նշեց մեր զրուցակիցը:

Նարինե Դիլբարյանը շեշտեց նաև այն, որ Հայաստանի քաղաքացիներին այսօր վախեցնում են պատերազմով, բայց ամենատարօրինակն այն է, որ Հայաստանի վարչապետը չի էլ ասում, որ Հայաստանը ոչնչացնելուց հետո պատերազմ չի լինի:

«Օրինակ` նախօրեին ռեպրեսիվ գործողությունները «Մարտական եղբայրության» նկատմամբ, ապօրինի ձերբակալությունները և այլն ունեն մեկ նպատակ` կանաչ ճանապարհ բացել իրական Հայաստանը ոչնչացնելու համար»,- ամփոփեց իր խոսքը հասարակական-քաղաքական գործիչը: 


 

Добавить комментарий

From the author