դս

Մհերը դուրս է գալու Ագռավաքարից, և վայը եկել ու տարել է նրան, ով խաղացել է մեր ժողովրդի սրբազան զգացմունքների հետ. Սերժ Սրապիոնյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է գրականագետ, հանրային գործիչ Սերժ Սրապիոնյանը: 

- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ներկայումս տեղի է ունենում ցավալի անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Ո՞րն է իրական Հայաստանը, և ի՞նչ սպասել իշխանության նախաձեռնած այս գործընթացներից: 

- Նախ` ի՞նչ է նշանակում պատմական Հայաստան: Հայաստանը երբեք պատմական չի եղել, Հայաստանը միշտ եղել է իրական` անկախ նրանից` եղել է ինչ-որ մեկի տիրապետության տակ, թե ոչ, միևնույն է, դա իրական Հայաստանն է: Պատմությունն էլ անցյալ չէ, պատմությունը ներկա է և կերտվում է նաև այսօր: Այդ մանիպուլյատիվ հարցը ներդրել են մարդկանց մեջ, որ լուրջ մասնագետներ սկսեն քննարկել, թե պատմական Հայաստանը որն է: Այս մարդը (Նիկոլ Փաշինյանը - խմբ.) չի պատկերացնում անգամ, թե ինչ բան է երկիրը, և ինչ բան է հողատարածքը, մեկը մյուսից չի տարբերում: Երկիրն իր մեջ կրում է բազմադարյա սերունդների արյունը, քրտինքը, հոգեբանությունը, բնավորությունը, այո', երկիրը նաև բնավորություն է: Իրական Հայաստանն այն Հայաստանն է, որ ամեն հայի հոգու մեջ կա, և այն երբեք պատմական չի դառնա, ինչքան էլ իշխանություններ գան ու գնան: 

Անընդհատ մեր մեջքը կռացրել են, և անընդհատ մեր ժողովուրդը կարողացել է մեջքը շտկել, այսօր էլ մեջքը շտկելու ժամանակն է, և մենք գնալու ենք Հայաստան ունենալու ճանապարհով` ո'չ պատմական և ո'չ իրական, ո'չ երազային ու ո'չ տեսական, պարզապես ուժեղ Հայաստան:  

- Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանի սահմանների հարցը, Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին ելույթներում Հայաստանի մանրակերտ էր ցուցադրում` ասելով` սա է Հայաստանը ու վերջ: Ըստ Ձեզ` ընդունելի՞ է նրա այս մոտեցումը: 

- Իհարկե ո'չ: Այդ մանրակերտ կոչված ստվարաթղթե Հայաստանի խորհրդանիշը կերտվել է ոչ թե այստեղ, այլ իր տերերի դիվական ուղեղներում, որոնք այդ ստվարաթղթե Հայաստանի գաղափարն ունեցել են հարյուրամյակներ շարունակ: Եվ այդ ստվարաթղթե Հայաստանն այդպես էլ մնալու է իր ձեռքի թափահարման մեջ, երբեք չի կայանալու, ինչքան էլ մեզ այսօր թուլացրել են, միևնույն է, մենք ունենալու ենք այս Հայաստանը, որի առաջ թշնամին դողալու է: 

- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչն է խնդիրը, որ հանրության շրջանում ընդվզում չի առաջանում առաջ քաշված նման հարցերի կապակցությամբ, արդյո՞ք այս մոտեցումներն ընդունելի են հանրության համար: 

- Սա խաբուսիկ լռություն է, և հետո ո՞վ ասաց, որ մեր ժողովուրդը լռում է: Թող գնան, խոսեցնեն ժողովրդին և կհասկանան` կա՞ ընդվզում, թե չէ: Չի կարող հայի անկոտրում ոգին կոտրվել, սա խաբուսիկ լռություն է, վտանգավոր լռություն: Լռություն կա, որ խոսելուց ավելի բարձր է, և իրականության մեջ էլ ընդվզման հսկայական պոտենցիալ կա, և մի օր պայթելու է այդ չափից շատ կուտակված ընդվզումը: Չկա այդպիսի բան, որ ժողովուրդն անտարբեր է, այլ բան է, որ ժողովրդին մղում են անտարբերության` ամենաստոր ու մանիպուլյատիվ քայլերի դիմելով` վախեցնելով պատերազմով, թշնամու հետ անհնարին բարեկամություն քարոզելով, փորձելով խաղալ մարդկանց հիշողության հետ: Այդ ամենը կա, բայց ինչքանով է դա կնիք դնում ժողովրդի նկարագրի կամ գործողությունների վրա, դա որևէ վիճակագիր չի կարող հաշվել:

Այնպես որ ընդվզում կա մարդկանց մեջ, և ես վստահ եմ` Մհերը դուրս է գալու Ագռավաքարից, և վայը եկել ու տարել է նրան, ով խաղացել է մեր ժողովրդի սրբազան զգացմունքների հետ: Դրանում կհամոզվենք մոտ ժամանակներս: Ես շատ հավատում եմ ժողովրդի ինքնապահպանության բնազդին և գիտեմ, որ դա վերածվելու է գիտակցության, ավելին` արդեն այդ գործընթացի մեջ է: 

- Վերջին տարիներին արհեստականորեն խզվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, այսօր Սփյուռքը կարծես օտարված է, Արցախի խնդրին էլ հնարավորինս փորձում են չանդրադառնալ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ օտարում կա, այ օտարացման գործընթաց մեր թշնամիները սկսել են, նրանք տանում են մեկուսացման, բայց օտարում չի կարող լինել: Խոսեցրեք ցանկացած սփյուռքահայի և կտեսնեք, թե նա ինչ ծանրագույն հոգեբանական բեռ է տանում իր մեջ: 70 տարուց ավելի Խորհդային միությունը փորձեց կտրել այդ կապը հայրենիքի հետ, բայց չկարողացավ, ստիպված եղավ ստեղծել Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե, որպեսզի սփյուռքն օգտագործի, այսպես կոչված, խորհրդային կարգերի օգտին: Սփյուռքը հայրենակորույս ժողովրդի մի հատվածն է, և այդ հայրենակորույս լինելու մտքի ճնշումը նրանց հոգեբանության մեջ շատ խորն է ու սերնդեսերունդ անցնում է: Հետևաբար, Սփյուռքը միշտ Հայաստանի կողքին է, ցանկացած փորձության ժամանակ դա ապացուցվել է: Սփյուռքը չի օտարվում, այլ փորձ է արվում մեկուսացնել ինչ-որ դրածո անձի միջոցով: Բայց դա չի հաջողելու: 

Ինչ վերաբերում է Արցախին, այո', պաշտոնական շրջանակներում Արցախի նկատմամբ որդեգրված է ավելի քան թշնամական վերաբերմունք, ես կասեի` մեր դարավոր թշնամուց ավելի արմատական թշնամություն, բայց դա չի կարող կոտրել արցախցու անկոտրում ոգին: Արցախցին դարեր շարունակ ապացուցել է, թե ինչ կայուն ու կամային հայի տեսակ է, ինչքան էլ նրան բնավեր ու հայրենազուրկ դարձրեցին, ստորացնելու փորձեր են անում և փորձում են մեկուսացնել, միևնույն է, Արցախը լինելու է Հայաստան: Եվ ասեմ մի պարադոքսալ միտք, որը կարող է ուտոպիական թվալ, բայց ես դրան հավատում եմ, Արցախը և արցախցին դառնալու են այն կարևոր կորիզը, որից սկսվելու է Հայաստանի վերածնունդը, որովհետև արցախցու մեջ հայկականությունն ու հայկական ոգին շատ ամուր նստած են իբրև բնավորություն, կեցության ձև, մտածողություն ու հոգեբանություն: Այնպես որ այդ միասնությունը ոչ թե հնարավոր է, այլ միանշանակ դա չի վերացել և անպայման կդրսևորվի ավելի ամուր կապերով, ես համոզված եմ:

 

Добавить комментарий

From the author