654

Նման տուրբուլենտության վիճակում պետք է ավելի խոհեմ լինել, համախմբել ռեսուրսները և մտածել պաշտպանության մասին. Հրանտ Խաչատրյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորովին նոր չէ, այս ամենը եղել է մոտ 30-35 տարի առաջ. եղել են և' նույն տրամադրությունները հասարակության մեջ, և' նույն քննարկումները: Հետևաբար, կարելի է զուգահեռներ տանել երկու ժամանակաշրջանների միջև և շատ նմանություններ գտնել, թեև կան նաև էական տարբերություններ: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը

«1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, համաշխարհային այլ գործընթացներ էին: Խորհրդային միությունը հասել էր մի վիճակի, որ այդ տեսքով ու այդ վիճակով չէր կարող գոյություն ունենալ: Այդ ժամանակ բոլորս ունեինք պատմական մի նստվածք մեր մեջ, որով կողմնորոշվում էինք, թե աշխարհի իրադարձությունների համապատկերում հայ ժողովուրդը ինչ նվաճումներ կարող է ունենալ: Դեռևս այն ժամանակ պարզ երևում էր, որ տեղի է ունենում աշխարհում ազդեցության բևեռների վերաբաժանում: Այն ժամանակ էլ կային միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք, և մեր սերունդը հիմնականում ընտրեց մի ճանապարհ, որն այդ փոփոխությունների շրջանում մեզ բերեց հաղթանակներ, նվաճումներ, տարածքների ազատագրում և անկախ Հայաստանի ձևավորում այն իմաստով, որ Հայաստանը ձեռք բերեց միջազգային իրավունքով բարձրագույն` հանրապետության կարգավիճակ: Բայց այն ժամանակ արդեն պարզ էր, որ այդ փուլով չի ավարտվելու աշխարհի վերաբաժանումը, և լինելու է հաջորդ փուլ: Այն ժամանակ մենք գնահատում էինք` այդ հաջորդ փուլը լինելու է մոտավորապես 20 տարի հետո: Եվ իրոք, 2010-ից սկսվեցին գործընթացներ, որոնք դեռ շարունակվում են: Կային նաև կանխատեսումներ, որ լինելու են դաժան ընդհարումներ, պատերազմ, և կարծես թե պատրաստվում էինք այդ փուլին: Ես այն մարդկանց թվում էի, որ կարծում էին, թե պետք է ավելի լավ պատրաստվել: Այնպես չէ, որ վատ էինք պատրաստվում, բայց պետք էր ավելի շատ աշխատել և ավելի լավ պատրաստվել»,- ասաց մեր զրուցակիցը: 

Հրանտ Խաչատրյանի դիտարկմամբ` այդ փուլը սկսվեց 2016 թվականին տեղի ունեցած փորձնական ընդհարումներով, որոնց հետագայում ճիշտ գնահատականներ չտրվեցին, ինչից հետո էլ այդ դժգոհության ֆոնի վրա տեղի ունեցավ իշխանափոխություն. «Կարելի է ասել` դա օբյեկտիվ էր այն առումով, որ պետք էր փոփոխություն կատարել իրադարձությունների սրմանն ընդառաջ, և այստեղ ոմանք սխալվեցին: Սակայն սխալը ոչ թե անձերի հետ էր կապված, այլ մեթոդական սխալ էր, որովհետև Հայաստանում անցած տարիների ընթացքում շեշտը դրվում էր անձերի վրա, այլ ոչ թե գաղափարների և հատկապես կառույցների: Այդ պատճառով էլ ամեն անգամ մենք հայտնվում ենք բարդ իրավիճակներում: Եվ այսօր ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք մտածում են, որ Հայաստանի վիճակը կրիտիկական է: Այդպիսի հայտարարություններ եղել են բոլոր ճամբարներից, որ Հայաստանը նոր ցեղասպանության շեմին է, և այդ գնահատականներն օբյեկտիվ են, բայց եզրակացությունների մի մասը ծայրահեղ հակադիր է, և այդ սխալը եթե մենք չենք ընդունում, ի սկզբանե կանխատրամադրվում ենք, որ այս խումբը եթե արանքից հանվի, ամեն ինչ իր հունի մեջ կընկնի: Դա ամենամեծ մեթոդական սխալն է մեր իրականության մեջ»:

Քաղաքական գործիչն ընդգծում է, որ անհատների հիմնական դերը հիմա այն է, որ կարողանան կապուղիներ ստեղծել հասարակության հետ և նրանց տանել առողջ քննադատության ճանապարհով: 

«Ընդդիմադիր դաշտը փորձում է չներգրավված մարդկանց իր կողմը գրավել` հիմնականում նրանց վախեցնելով նեգատիվով, բայց այդ ինֆորմացիան կորում է, որովհետև մարդը համաձայն չէ, որ ինքը ոչինչ է, և անպայման մեկը պետք է իրեն սովորեցնի: Ցանկացած մարդ կարիք ունի քննարկելու իր համոզմունքները և պատրաստ է նույնիսկ փոխել դրանք, եթե զգում է, որ իրեն նույնպես լսում ու ընկալում են:  

Այսօր` նման տուրբուլենտության վիճակում, փոքր ժողովուրդները, ինչպիսին մենք ենք, պետք է ավելի խոհեմ լինեն և, որ ամենակարևորն է, կորիզի նման ամուր: Այս ընդհանուր համայնապատկերում ներքին անհասկացողությունները, անկախ նրանից` դրանք դիտավորյալ են սրվում, թե կյանքի բերումով, լրիվ անհարիր են, և փոխադարձ հասկացողության հնարավորությունները զրոյի են մոտեցնում»,- ասաց նա:

Այսօր վնասակար և վտանգավոր են այն երևույթները, որոնք տեղի են ունենում իշխանական դաշտի կողմից, կարծում է մեր զրուցակիցը` ընդգծելով` իշխանության, ոչ թե իշխանական համակարգի, որովհետև համակարգ` որպես այդպիսին, չկա:

«Համակարգը որոշակի տարրերի փակ միջավայր է, որոնք իրար հետ բազմաթիվ ու բարդ կապերով կապված են, և ամենաթույլ կապը խզվելու դեպքում էլ կարող է ամբողջ համակարգը փլվել: Մենք այսօր չենք կարող խոսել ո'չ իշխանական, ո'չ պետական և ո'չ էլ հասարակական համակարգի մասին, որովհետև այնտեղ համակարգային կապեր չկան, դրանք առանձին տարրեր են, որոնք միասին անվանվում են համակարգ, բայց իրականում չեն գործում որպես այդպիսին: 

Իշխանության առաջին խնդիրը կառավարումն է, երկրի բոլոր համակարգերի կառավարումը, իսկ կառավարելու նպատակը ռեսուրսների համախմբումն է: Երբ իշխանությունն ի սկզբանե կիսում է երկրի բոլոր ռեսուրսները երկու մասի և հակադրում մեկը մյուսին, դա նշանակում է, որ երկիրը զուտ տեսականորեն 2 անգամ թույլ է դառնում: Եվ հաջորդ վտանգի մասին խոսելու իմաստ անգամ չի լինում, այսինքն` մի տարրից, որը կոչված է կառավարելու ազգային ռեսուրսը, եթե դա չի կարողանում անել, թիվ մեկ խնդիրը դառնում է պետական համակարգի վերամոնտաժումը: Դա նշանակում է ոչ օգտակար տարրերը դեն շպրտել և օգտակար տարրերից հավաքել մի նոր կառույց, որն ի վիճակի կլինի կառավարելու»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին, որ այսօր ՀՀ քաղաքացիներին մատուցվում է այն միտքը, որ եթե չգնանք զիջումների, այլընտրանքը պատերազմն է, քաղաքական գործիչը նկատեց. «Դա մարդկանց զգացմունքների լարերի վրա խաղալ է, և ես չէի ասի, թե միայն իշխանությունն է այդ լարերի վրա խաղում, ընդդիմության կողմից էլ կա այդ աշխատելաոճը: Սակայն իրականում նրանք պետք է համակարգային կապերով փորձեն կապվել, ոչ թե կռիվ տալ: Ամբողջ աշխարհի հետ կռիվ անելը խելոք մարդու բան չէ, մենք հիմա` ներառյալ Սփյուռքը, պետք է համախմբվենք և մտածենք մեր պաշտպանության մասին, իսկ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Եթե մեր ռեսուրսները հավաքենք և որոշակի ուղղություններով աշխատանք տանենք, կկարողանանք այս ալեկոծ միջավայրում մեր նավակը հասցնել հաջորդ նավահանգիստ: Այսօր մարդկանց ուղեղը պետք է աշխատի տուրբուլենտ միջավայրում ռեսուրսները համախմբելու և մեր պետություն-նավակը նավահանգիստ հասցնելու նպատակի ուղղությամբ»: 

 

Добавить комментарий

From the author