ավս

Տեղեկատվական ահաբեկման միջոցով փորձում են ժողովրդին համոզել, որ եթե տարածքներ չտանք Ադրբեջանին, պատերազմ կսկսվի. ադրբեջանագետ 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը: 

- Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն և սադրիչ հայտարարություն է տարածում սահմանային իրավիճակի մասին: Ինչի՞ն է միտված հակառակորդի այս գործունեությունը, և ի՞նչ զարգացումների սպասել: 

- Ադրբեջանը հստակ ունի իր առջև դրված ռազմավարական և պետական նպատակներ, որոնք աստիճանաբար իրականացնում է, ինչում շատ մեծ դերակատարում ունի Նիկոլ Փաշինյանը: Երբ պետության ղեկավարն իր պետության սահմանները և տարածքները չի ճանաչում ու չունի ընկալում` որտեղ են ՀՀ սահմանը և Հայաստանի կարմիր գիծը, բնականաբար, ով էլ լինի հակառակորդը, օգտվելու է այդ հանգամանքից և փորձելու է ժամանակին կեղծված իրականությունը ներկայացնել որպես իրականություն և օգուտներ ստանալ: Իսկ Ադրբեջանը, հատկապես քարոզչական դաշտում, շատ է օգտագործում «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ» ձևակերպումը, հաճախ նաև` «պատմական տարածքներ», ստացվում է, որ Ադրբեջանը համարում է, որ Տավուշում գտնվող տարածքերը մեծամասամբ «պատմական» են: Բայց եթե հաշվի առնենք, որ մինչև 1939 թիվը առհասարակ չեն եղել Ադրբեջանին պատկանած նման տարածքներ, ապա պարզ է, որ այդ իրականությունը ձևախեղված է: 

Այսինքն` այս ամենը միանշանակ կապ ունի Տավուշում տարածքների հանձնման պահանջի հետ: Եթե 2020 թվականին իշխանական մակարդակում ոչ մեկը չէր ասում, որ պատերազմ պետք է սկսվի, բայց փորձագիտական և քաղաքական դաշտում բոլորը խոսում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը պատերազմի է բերելու, ապա հիմա, երբ արդեն հաշվել են ժողովրդի ատամները, տեղեկատվական ահաբեկման միջոցով փորձում են ժողովրդին համոզել, որ եթե Տավուշում տարածքներ չտանք Ադրբեջանին, պատերազմ կսկսվի: Այսինքն` այստեղ կա Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ աշխատանք` ընդդեմ հայ ժողովրդի: Դա իմ անձնական և փորձագիտական կարծիքն է: Չկա նորմալ պատկերացում, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ինչ գործընթացում և ինչ շրջանակում են աշխատում, «խաղաղության» գործընթաց կլինի, թե ոչ, դեմարկացիա կլինի, թե ոչ: Սա պարտվողական քաղաքականության հետևանք է: Հետևաբար, տրամաբանական են այս բոլոր գործընթացները: 

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանի պահանջած տարածքները ՀՀ սուվերեն տարածքում չեն, և նա պատրաստ է հանձնել: Այդ դեպքում ո՞ւմ և ինչո՞ւ է հարկավոր սահմանային լարվածությունը: 

- Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ տարածքները հանձնել, քանի որ կա Սահմանադրություն, կան ՀՀ իրավական բազմաթիվ նորմեր, տարածքային ամբողջականությունը պաշտպանող իրավական հիմնավորումներ: Միևնույն ժամանակ, չկա մի փաստաթուղթ, որ երբևիցե անկախության շրջանից հետո ՀՀ որևէ ղեկավար այդ տարածքները համարի ադրբեջանական, նման բան  փաստաթղթավորված չկա: Հիմա ներկա իշխանությունն ասում է` այդտեղ տուն չկա, ռեստորան չկա, կհանձնենք, այսինքն` ստամոքսի քաղաքականությամբ են առաջնորդվում: Այդ նույն տրամաբանությամբ կարող են, օրինակ, ասել` Արարատի մարզի այսինչ տարածքում ոչինչ չկա, դա էլ է՞ պետք հանձնել: Որևէ պետության ղեկավար նման հայտարարությամբ միայն թշնամու ջրաղացին է ջուր լցնում և հնարավորություն տալիս, ինչպես իրենք են ասում, «պատմական արդարությունը» վերականգնելու: Իսկ դա հիմնականում արվում է ռազմական ճանապարհով: Իմ կարծիքով` պատերազմի տանելու Փաշինյանի նպատակն այն է, որ վերջնականապես խաչ քաշի Հայաստանի բանակի ուժերի վրա, ռազմի դաշտ ուղարկի քաղաքական և ընդդիմադիր բոլոր անձնաց, որոնք քանդում են իր կեղծ քաղաքականությունը և փորձում օրակարգ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ինքն էլ մշտական վեզիր կարգվի Հայաստանի գլխին թուրքական իշխանության կողմից: 

- Դուք էլ ասացիք, որ Փաշինյանը չունի իրավական հիմք` այդ տարածքները հանձնելու համար, նույն տրամաբանությամբ Ալիևն էլ չունի իրավական հիմք դա պահանջելու համար: Ստացվում է` ամեն ինչ տանում է էսկալացիայի՞: 

- Ես պատահական չեմ նշում Ալիևի հետ Փաշինյանի բարեկամության մասին: Եթե ադրբեջանական կողմն ասում է` Տավուշի գյուղերն իմն են, Փաշինյանն էլ ասում է` հա, քոնն են, ուրեմն արդեն կոնսենսուս կա, այսինքն` ինչ է մնում` պատերազմով վերցնել դրանք, որովհետև Փաշինյանը չի կարող թղթով հանձնել: Եթե նա որոշի այդտեղի ժողովրդին ուժով հանել, բերետավորներով շրջափակել, իր համար դա քաղաքական առումով մահ կնշանակի, այդ իսկ պատճառով էլ Ալիևի հետ աշխատանքով փորձում են նման կերպ իրականացնել գործընթացը: 

- Սահմանային լարման վերաբերյալ Ադրբեջանի քարոզչությունը պայմանավորվա՞ծ է արդյոք ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման իրողությամբ։

- Ադրբեջանը ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն որոշողն ինքն է և ինչպես պատկերացնի, ՀՀ սուվերենությունն այդպես պետք է լինի: Եվ եթե համեմատենք 2018 թվականից առաջ և հիմա, Ալիևի հայտարարությունները կտրուկ տարբերվում են: Ժամանակին Ալիևը փորձում էր հիմնականում խոսել ռևանշիստական պատերազմական հայտարարություններով, իսկ հիմա ուղղություն է ցույց տալիս, թե Հայաստանը ում հետ չպետք է հանդիպի, ում հետ չպետք է պայմանագիր կնքի, զենք չպետք է գնի և այլն: Նման բան չի եղել երբևէ Հայաստանի պատմության մեջ: 

 

Добавить комментарий

From the author