Բլինքենը լավ հասկանում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ մերձենալը մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար․ քաղաքագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Բլինքենը զանգահարել է Ալիևին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումից առաջ: Տարաբնույթ և հակասական ենթադրություններ կարելի է անել այս կապակցությամբ: Մի թե աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարը այնքան է արժևորում Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում, որ ամեն դեպքում քաղաքավարական ժեստ է անում Արևմուտքի հուսալի գործընկերոջ հանդեպ: Կարելի է արդյոք այս զանգը մեկնաբանել որպես հերթական ուղերձը Բաքվին, որ ինչ էլ լինի ձեր շահերը չեն ոտնահարվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«‎Եթե մի երեք օր առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ Բլինքենը զանգահարելու է Ալիևին եռակողմ հանդիպումից առաջ, ես դա կհամարեի անհավանական և անգրագետ կանխատեսում: Բայց արի ու տես, որ ամեն ինչ հնարավոր է: Եթե մի կողմ թողնենք մեր ավանդական հայկական վատատեսական զգացմունքները և մեծ տերությունների կողմից հայ ժողովրդի հանդեպ անարդար վերաբերմունքի մասին 250 տարի ձգվող պատմությունը և փորձենք գնահատել այս իրադարձությունը սթափ քաղաքագիտական մոտեցմամբ, պետք է արձանագրենք այս իրողությունը:

Ներկա միջազգային հարաբերությունների համակարգում մեծ տերությունները/ուժային կենտրոնները այլևս չունեն այն գործիքակազմը և լծակները, որ կարողանան ցանկացած պահի փոքր պետություններին հարկադրաբար պարտադրել կատարելու այն ինչ իրենք են ակընկալում: Չկա այլևս երկբևեռ կամ միաբևեռ աշխարհակարգը: Մի կողմի ճնշմանը կարելի է հակառակվել և դիմադրել նրա հակառակորդ բևեռի հետ մերձենալով, դաշնակցելով և համագործակցելով:

Բլինքենը լավ հասկանում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ մերձենալը մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար: Դա ամենայն հավանականությամբ կնպաստի ՌԴ-Ադրբեջան մերձեցմանը, որն ինքնին նշանակում է նաև հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացում Բաքվում և Անկարայում: Ալիևն արդեն մի քանի անգամ նշել է Արևմուտքի կողմնակալ դիրքորոշման վնասակարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, հատկապես նշելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային:

Պատահական չէր, որ թուրք-ադրբեջանական կողմին հանգստացնելու համար հայտարարվեց նաև, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը տնտեսական օժանդակության հարցերի քննարկում է լինելու, որը կրկին հանգստացնող ուղերձ էր դեպի Բաքու:

Զարմանալի է, որ հայ քաղաքական մտքի ռահվիրանները այս պարզ և ակնհայտ իրողությունները չնկատելով մեծ սպասումներ են ակնկալում ապրիլի 5-ից: Նույնիսկ խոսվում է հայ ժողովրդի պատմության մեծ դրական բեկման մասին: Աստված տա այդպես լինի, մեծ բավականությամբ և ոգևորությամբ կընդունենք այդ բախտորոշ շրջադարձը և կընդունենք մեր սխալը: Կապրենք կտեսնենք, իսկ մինչ այդ 24 ժամյա ռեժիմով Կրեմլյան ուղերձները գուժում են արևմտյան միջամտության կործանարար հետևանքները Հայաստանի համար: Ուժ և կարողություն մեզ փորձանքներից խուսափելու համար»,- գրել է նա:

Добавить комментарий

From the author