DETQ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։

Հաղորդվում է, որ վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարէլ անունով սպան:

«Երբ սպաների խմբից պահանջվել է հայ հոգեւորականներին եւ տեղացի հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտոնություն կամ դատարանի որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել «Xana Gardens»-ի ներկայացուցիչներին՝ Հայոց Պատրիարքարանի գույքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողությունները դադարեցնելու փորձի ընթացքում մի քանի ոստիկաններ շարունակաբար հայտարարել են, թե եկել են արտոնագրով, սակայն բնավ չեն ներկայացրել հիշյալ արտոնագիրը և ասել են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու «Xana Gardens»-ի աշխատողների իրավունքները»:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղեմի չորս թաղամասերից մէկի: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպես որ, իբր տրված է բոլորին Երուսաղեմի մէջ, եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայելի ոստիկանությունից եւ Իսրայելի կառավարությունից՝ այսօրվա իրադարձություններին նրանց մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը նաև նշել է, թե աներկբա է, որ այսօրվա սադրանքները հայկական թաղամասի ու նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: «Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերում եւ պիտի հրավիրենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ընդգծել է նա:

#Դետքի_հետագծով

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի մի քանի ցույց է կազմակերպել։

Добавить комментарий

From the author