000

Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, ուր այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսվում է Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»:

Добавить комментарий

From the author