6523

Բրյուսելյան հանդիպումը, իհարկե, հետևանքներ է ունենալու, հարցն այն է՝ հաշվարկե՞լ ենք և պատրա՞ստ ենք դրանց. Թևան Պողոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: 

- Բրյուսելում կայացած հանդիպման մասին շատ խոսվեց ինչպես հայաստանյան, այնպես էլ ադրբեջանական, թուրքական, ռուսական մեդիադաշտերում: Եթե մի կողմ թողնենք այդ հանդիպման քարոզչական բաղադրիչները, այն ի՞նչ նշանակություն ունեցավ Հայաստանի համար, և ի՞նչ զարգացումների սպասենք: 

- Պետք է սպասել հետևանքների բոլոր կողմերից, բայց պետք է լավ գիտակցել, որ այդ հետևանքների մեծ մասն ամեն կողմն ինքն է իր համար կրելու: Թուրքիայի համար, գուցե, ոչ մի բան է, դե ովքե՞ր էին հանդիպում` ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, որոնք իր դաշնակիցներն են ՆԱՏՕ-ում: Բայց Չավուշօղլուի խոսքերը հիշեք, որ այդ հանդիպումից հետո ասաց` Հայաստանին Արևմուտքի մեկ տվածի դիմաց Թուրքիան 3-ը կտա Ադրբեջանին: Մյուս կողմից` հիշենք այդ հանդիպմանը նախորդած հեռախոսազանգերն Ալիևին, հիշենք Ռուսաստանի ԱԳՆ գնահատականը և այլն, և այլն: Այդ ամենն ունենալու է հետևանքներ, հիմա հարցն այն է` այդ հետևանքների հաշվարկները արե՞լ ենք, պատրա՞ստ ենք լինելու, թե ոչ: 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման մասին հայտարարություններին, կներեք, բայց այդ գումարները լրջություն չեն ներշնչում: Արդեն նույնիսկ առաջին նախագահի գրասենյակը հայտարարեց, որ 90-ականներին դրանից ավելի շատ էր Հայաստանը ֆինանսավորում ստանում, ես վստահ եմ, որ եթե մյուս նախագահներն էլ սկսեն ասել այդ թվերը, նույն պատկերն է լինելու: 

Այդ քանակի ֆինանսավորման մասին հայտարարությունը երևի դեսպանի մակարդակի էր, որ, ասենք, կարող էր Երևանում հայտարարել այդ մասին, պետք չէին ինքնաթիռ և 21 հոգանոց պատվիրակություն: Եթե այնտեղ լիներ մի բան, որ, օրինակ, Հայաստանի կառավարության ներկայացուցիչները գնացել են, փաթեթ են ներկայացրել, ասենք` 2 միլիարդի, ու Եվամիությունն էլ որոշել է, որ առաջին փուլում պետք է այսքանը տրամադրի, միգուցե այդ դեպքում հասկանալի լիներ` ինչու է այսպիսի պատվիրակություն գնացել: Իսկ իրականության մեջ եթե նայենք, այդ թվերը լրջություն չեն ներշնչում: Հետևաբար ինձ թվում է` այլ թեմա է այնտեղ քննարկվել: Եվ ըստ ամենայնի, դրա մասին գիտեն զարգացած երկրների հատուկ ծառայությունները, և այդ երկրների հայտարարությունները հիմնվում են դրա վրա: Եվ այստեղ հարցը մնում է այն, թե արդյոք հաշվարկվա՞ծ է, թե ինչ արդյունքներ ու ինչ հետևանքներ են ունենալու այս գործընթացները: 

- Իշխանությունները մշտապես խոսում են անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին, և հասարակության շրջանում էլ կար սպասում, որ բրյուսելյան հանդիպմանը պետք է քննարկվեին նաև անվտանգային հարցեր, ինչը, սակայն, տեղի չունեցավ, համենայն դեպս` հրապարակային մակարդակում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:  

- Կարող է և քննարկել են, բայց քննարկելը մի բան է, մեխանիզմներ ունենալը` այլ: ՆԱՏՕ-ի վերաբերյալ, կարծես, ոչ մի բան չասվեց, ոչ էլ լինելու է, որովհետև Թուրքիա կա այնտեղ, որը բոլոր այդ ծրագրերը փակելու է: Երկրորդ` հիմա Ուկրաինային չեն կարողանում օգնել, ուր մնաց մեզ օգնեն: 

Մյուս կողմից` Հայաստանը ե՞րբ չի փորձել դիվերսիֆիկացիայի տանել: Արձանագրենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ միակ երկիրն է եղել, որը 4 խաղաղապահ առաքելության է մասնակցել, որից 2-ը` ՆԱՏՕ-ի հետ, անհատական գործողությունների գործընկերության ծրագիրն էլ մյուս կողմից: Հետևաբար, պետք է իրականությունը տեսնել: Այնպես չէ, որ միայն հայտարարություններով է: 

Կամ, ասենք, հարևան Իրան ունենք, իր հետ ինչպե՞ս պետք է աշխատել: Հա', մեզ ասում են` շատ լավ են հարաբերությունները, բայց նույնիսկ շատ լավ հարաբերություններում Իրանը չի թողնելու, որ ՆԱՏՕ-ի զորքեր գան, տեղակայվեն իր սահմաններին, որովհետև դա դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը: 

Այո', դիվերսիֆիկացիան սիրուն բառ է, կարևոր գործողություն է, բայց երբ որ արդյունք է ունենում և ոչ թե պարզապես խոսք է: 

- Այս հանդիպմանը նախորդող և հաջորդող օրերին սահմանային լարվածությունն աճեց: Մյուս կողմից, սահմանազատման գործընթացը դեռ չսկսված, Ադրբեջանը պահանջներով է հանդես գալիս: Դա, սակայն, հանդիպման օրակարգում չէր: Արդյո՞ք սա նշանակում է, որ Արևմուտքը հրաժարվում է կարգավորման կամ զսպման մեխանիզմներ կիրառելուց այս խնդրում: 

- Կարգավորման և զսպման մեխանիզմի գաղափարը հետևյալն է, որ ստիպեն Ադրբեջանին` ինչ-որ գործողություններ անի, իսկ Ադրբեջանին ստիպելու համար պետք է սանկցիաներ կիրառել: Կանե՞ն: Գազը միշտ ավելի թանկ է լինելու, քան հայկական որևէ տեսակետ: Կարող է հայտարարություններ անեն, այդ մի բանում չեն զլանում կամ, ասենք, խոսում են դիտորդների առկայության մասին, բայց նույն դիտորդների աչքի առաջ կրակոցներ են լինում: Ասում էին` Արցախում չեն կարող էթնիկ զտումներ լինել, որ եղավ, ինչ-որ բան արեցի՞ն: Հետևաբար, այս հարցում ակնկալիքներ ունենալ պետք չէ: 


 

Добавить комментарий

From the author