863

Երբ գողանում ես պետության տեսլականը, այն վերածվում է միայն մեխանիզմի` անգաղափար և անհեռանկար. Կարո Վարդանյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից կրկին խոսել է «իրական» և «պատմական» հայրենիքների տարանջատման մասին` հայտարարելով, թե «պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»: Ո՞րն է «իրական» Հայաստանը, և ի՞նչ սպասել իշխանության նախաձեռնած այս գործընթացներից: 

«Դետք»-ի թղթակցի հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, անդրանիկագետ Կարո Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այսօր մենք ապրում ենք ո'չ իրական և ո'չ էլ պատմական Հայաստանում, մենք վիրտուալ Հայաստանում ենք ապրում, զառանցական Հայաստանում: 

«Հիմա տեսեք, թե աճպարարությունը որտեղ է. մենք գիտենք, որ մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ավելի մեծ արժեք, քան պետությունն է, պետական համակարգն է, չի ստեղծել, դա գերագույն արժեք է, բայց դու դա քանդելու համար այն հակադրում ես պատմական հայրենիքին: Մի պահ պատկերացրեք` եթե պետությունը, ժողովուրդը չունեցավ իր տեսլականը, ինչ է սպասվում այդ պետությանը: Մեր դեպքում մեր տեսլականը մեզանից բարբարոսաբար խլված մեր հայրենիքն է, եթե դա վանում ես գիտակցությունիցդ, պետությունը վերածվում է միայն մեխանիզմի` անգաղափար, անհեռանկար մի մեխանիզմի, որը կա'մ կործանվելու է, կա'մ էլ կլանվելու այլ պետությունների կողմից»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում ամեն արժեք և պետական ատրիբուտ կազմաքանդել են և հիմա էլ գողանում են մեր երազանքը` հայ մարդու երազանքը` անընդհատ տարանջատելով իրական Հայաստանը պատմական Հայաստանից:

«Միայն մեր տարածաշրջանում կան տասնյակ ազգեր ու ժողովուրդներ, որ չունեն պետություն: Այսպես հարցը դնեմ, այդ մարդիկ ի՞նչ անեն, իրենց երազանքն իրենց ուղեղում է` հենված իրենց պատմական հայրենքի գաղափարի վրա: Ղպտիները, ասորիները, քրդերը, եզդիները չունեն պետություն, ինչո՞վ հպարտանան: 

Իսկ մենք ունենք, բայց հիմա օրեցօր մաշելով, լղարացնելով այս փոքրիկ պետության սահմանները` հակադրում են այն պատմական հայրենիքին, այսինքն` մի բառով եթե ձևակեպենք, հնարավոր ֆիզիկականը նրանք խլել են մեզանից, իսկ հիմա խլում են ազգային երազանքը»,- ասաց նա: 

Կարո Վարդանյանն ընդգծեց, որ այլ պետություններ իրենց համար «պատմական հայրենիք» են հորինում այլոց հաշվին, ինչպես, օրինակ, Ադրբեջանը, իսկ մենք հրաժարվում ենք մեր ունեցած պատմականից:

«Նայեք մեզ շրջապատող պետություններին. 4-ն էլ ազգային պետություն են` կառչած իրենց արժեքներից, Իրանն ու Վրաստանը` իրական արժեքներից, Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են արժեք` խլելով մեզանից և հարյուրամյակների ընթացքում դա արմատավորել են իրենց սերունդների մեջ: Եվ հերիք չի տիրացել են հայ ժողովրդի տարածքներին, դարձրել իրենց հայրենիք, հիմա էլ իրենց համար պատմական հայրենիքի տեսլական են ստեղծել: Ադրբեջանցու համար այսօր իր պատմական հայրենիքը այս փոքրիկ Հայաստանն է, որը կոչել են Արևմտյան Ադրբեջան, վաղը-մյուս օրն էլ, երբ ՀՀ իշխանությունների ձեռքով կլանեն նաև այս Հայաստանի տարածքը, իրենց հայրենիք կհայտարարեն նաև Վրաստանը և կկոչեն Հյուսիսային Ադրբեջան, հասկանո՞ւմ եք: 

Երբ մի օր մեր ժողովուրդը ուշքի գա, զարմանալու է, թե ինչպես է լսել այս բոլոր զառանցանքները և իմաստ փնտրել դրանում: Այս պայքարը հավասար չէ, մենք անզեն ենք: Ինչո՞ւ ենք մենք խեղճանում, տկարանում, չենք հասկանում` ինչի մեջ են մեզ ներքաշել, որովհետև իրենք` թուրքերի ծրագիրն իրականացնողները, հայ մարդիկ են, մեզ լավ են ճանաչում: Չգիտեմ, հիբրիդային պատերազմ են ասում, հոգեբանական գրոհ են ասում, իմաստն այն է, որ վերջնականապես կամազրկեն հայ հանրությանը` այս մեկ բուռ հողը տակից քաշելու և թուրքին տալու համար»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը:
 

 

Добавить комментарий

From the author