65432

Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ մի ժողովուրդ, որը հիշողություն չունի և մտածում է միայն առօրյա կյանքի մասին. պատմաբան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Մեծագույն տգիտություն է այն պնդումը, թե պետք է անուն-ազգանուններով ցուցակագրել Հայոց ցեղասպանության զոհերին` Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցելու նպատակով: Այս մասին «Դետք»-ի հետ զրուցում նշեց պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանը` նկատելով, որ այսօր պետական պաշտոնյաների զգալի մասը, ցավոք սրտի, կտրված է պատմությունից:

«Դա, որ ասում են ցուցակներ կազմել և այլն, ճիշտ և ճիշտ թուրքական տեսակետն է: Պետական պաշտոն զբաղեցնող այդ մարդիկ պարզապես մեր պատմությանը ծանոթ չեն, Ցեղասպանության պատմությանը ծանոթ չեն, որովհետև բազմաթիվ գիր ու գրականություն կա հրատարակված Ցեղասպանության վերաբերյալ, այդ թվում` զոհերի անուն-ազգանուններով, ծննդյան թվականներով, բայց այդ մարդիկ` անդրանիկքոչարյանականները, ծանոթ չեն այդ ամենին և այսօր իրենց իրավունք են վերապահում հանրայնացնելու կեղծ և վտանգավոր փաստարկներ: Թող գնան և ուսումնասիրեն, թե հայագիտության մեջ որքան ուսումնասիրություններ կան: 

Այլ օրինակ բերեմ. ԱՄՆ-ում տարիներ առաջ հատուկ դատավարություն եղավ, որի ժամանակ Թուրքիայում բնակված հայերի ժառանգները ստացան փոխհատուցում թուրքական բանկերում իրենց միջոցների դիմաց, այնտեղ ընտանիքների, մարդկանց անուն-ազգանուններով նշված էին բոլոր տվյալները»,- նշեց մեր զրուցակիցը:  

Արգամ Այվազյանը նաև անհեթեթություն համարեց վարչապետի և իշխանության անդամների կողմից առաջ տարվող մոտեցումը իրական և պատմական Հայաստանի տարանջատման վերաբերյալ: «Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ մի ժողովուրդ, որը հիշողություն չունի և մտածում է միայն առօրյա կյանքի մասին` աշխատել, սնվել, ապրել, իսկ թե ասենք նա որտեղից է ծագել, իր ծնողները ովքեր են, իրեն չի հետաքրքրում: Դա նշանակում է, փաստորեն, պատմությունը և պատմական հիշողությունը ջնջել մարդկանց գլուխներից և ապրել այսօրվա Հայաստանի դարդ ու ցավով: Դա շատ սխալ տեսակետ է: Հայ ժողովուրդը, որ այսօր գոյություն ունի, հասել է այս պահին` հենվելով իր պատմության վրա, իր պատմական հիշողության վրա: Երբ ասում ենք 4-5 հազար տարվա ժողովուրդ, այդ հիշողությունն է մեզ իրավունք տալիս այդպես խոսել, հետևաբար,խ վարչապետի ասածը կատարյալ անհեթեթություն է»,- նշեց նա: 

Խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից` պատմաբանն ընդգծեց` բոլոր դարերում և բոլոր պետությունների միջև եղել է սահմանագծման գործընթաց, սակայն Ադրբեջանի հետ Հայաստանի ներկայիս սահմանային խնդիրներն առաջացել են խորհրդային իշխանության տարիներին եղած թողտվությունից և ոչ ճիշտ մոտեցումից: «Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները եղել են քոչվոր ցեղախմբեր մինչև 1917-18 թվականները, և ինչու ոչ, խորհրդային իշխանության տարիներին էլ նրանք հիմնականում զբաղվել են անասնապահությամբ: Նրանք իրենց անասունները ամառվա ամիսներին տարել են դաշտերը, որտեղ էլ հետո բնակավայրեր են կառուցել: Արդյունքում եթե մի ընտանիք սկսում էր ապրել որևէ տարածքում, մի 20-30 տարի հետո բազմանում էր, համայնք ստեղծում: Այդպես է առաջացել Հայաստանի տարածքում ադրբեջանցիների մի մասի հաստատվելու պատմությունը: Այո, Հայաստանի տարածքում ապրել են ադրբեջանցիներ, սակայն շատ ավելի մեծ թվով հայեր ապրել են ներկայիս Ադրբեջանի տարածքում: Ասենք` Բաքվում 90 տոկոսով հայ բնակչություն էր, հրեաներ էին ու ռուսներ, ադրբեջանցիները չնչին տոկոս էին կազմում: Հիմա ի՞նչ, պետք է ասել` Բաքուն հայկակա՞ն քաղաք է: Կամ, օրինակ, այսօր Ռուսաստանի տարածքում  քանի ազգեր են բնակվում, մարդիկ պետք է ասեն` Ռուսաստանը թաթարակա՞ն է, հայկակա՞ն է, ուզբեկակա՞ն է: Դա ի՞նչ մտածելակերպ է»,- նկատեց մեր զրուցակիցը: 

Պատմաբանի դիտարկմամբ` Ադրբեջանը պետականորեն վերջին 30-40 տարվա ընթացքում հրատարակել և տարածել է բազմաթիվ ուսումնասիրություններ` հակագիտական և հակահայկական, իսկ Հայաստանը պետականորեն նման գործունեություն չի իրականացրել: Որոշ անձինք անհատապես գիտության, մշակույթի կամ քաղաքականության ոլորտներում զբաղվել են որոշակի գործունեությամբ, սակայն, ըստ Այվազյանի, դա առոչինչ է այսօրվա Ադրբեջանի ծավալած կեղծարարության դեմ: «Դա մեր մեղքն է` թե' նախորդ և թե' այսօրվա իշխանությանը, որ գիտությանը տեղ չեն տալիս, գիտական ուսումնասիրությունները չեն օգտագործում իրենց քաղաքականության մեջ»,- ամփոփեց զրույցը Արգամ Այվազյանը: 


 

Добавить комментарий

From the author