սավ

Փաշինյանը փաստացի հաստատեց՝ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի հաստատեց՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի մարզից։

«Ազատության» հարցին ի պատասխան վարչապետն ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե իրադրության էական փոփոխություն է և այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում։

«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք և մենք ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ և նրանք պետք է պայմանավորվեն նաև ծառայությունն իրականացնելու շուրջ։

Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը՝ ըստ վարչապետի, «դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է»։

«Այստեղ խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին և տեսախցիկների առաջ ցույց տանք։ Բայց մեր ակնկալիքը և մեր ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում։ Սա նաև խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է», - ասաց Փաշինյանը։

 

Добавить комментарий

From the author