դֆցղ

Գնում են մի խայտառակ փաստաթղթի ստորագրման, որը նշանակելու է տարածքային լուրջ կորուստներ և անվտանգային խնդիրներ. Աբրահամյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մհեր Աբրահամյանը: 

- Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ Տավուշի մարզից՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ինչը, սակայն, որակվում է որպես միակողմանի զիջում և առաջացնում հասարակության ընդվզումը: Ի՞նչ սպասել այս գործընթացից: 

 - Ցավոք սրտի, Հայաստանն այսօր գտնվում է մի իրավիճակում, երբ սկսում է համաձայնվել Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պայմաններին, տվյալ դեպքում՝ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատմանը: Մենք շատ լավ հիշում ենք, որ 2020 թվականին, երբ ստորագրվեց եռակողմ համաձայնությունը, նախատեսվում էր, որ սահմանազատումը պետք է իրականացվեր Ռուսաստանում առկա քարտեզների միջոցով, և ըստ իս` դրանք մեզ տալիս էին շատ ավելի շահավետ կարգավիճակ, քան ներկա պայմանները, որում մենք գտնվում ենք: 

Ալմա-Աթայի հռչակագիրը իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը ստորագրվել է այն ժամանակ, երբ փլուզվում էր Խորհրդային միությունը: Այդ հիմքի վրա ստորագրվեցին տարբեր փաստաթղթեր, որոնք հետագայում չունեցան որևէ ուժ` ազդելու պետությունների սահմանների գծման վրա, հատկապես Արցախում տեղի ունեցավ ժողովրդի ինքնորոշման գործընթաց, և հայ ժողովուրդը պայքարեց իր հայրենիքի ու իր սահմանների համար: Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ի չիք դարձրեց այդ ամենը և այսօր գնում է մի խայտառակ փաստաթղթի ստորագրման, որը նշանակելու է, որ Հայաստանի տարածքից կտրելու են անկլավները, ինչը նշանակում է տարածքային լուրջ կորուստներ և անվտանգային խնդիրներ: Այս գործընթացը ինչ-որ փուլում կհասնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը չի տեղավորվում նույնիսկ Ալմա-Աթայի փաստաթղթի տրամաբանության մեջ, և բերելու է նրան, որ Հայաստանի տարածքից պարզապես մի մաս է պոկվելու և տրվելու Ադրբեջանին: 

Սա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը կար 100 տարի առաջ թուրքերի մոտ. հատկապես 1920 թվականի Արևելյան կորպուսի թուրքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիրը ամեն կերպ փորձում էր Սյունիքի միջոցով կապվել Ադրբեջանի հետ, բացել այդ ճանապարհը, վերացնել Հայաստանը: Թուրքիան իր այս քաղաքականությունն այսօր փորձում է իրականացնել Ադրբեջանի հետ համատեղ, և Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ դրան չի խանգարում, ավելին` օգնում է, որ դա տեղի ունենա: 

- Արդյո՞ք միայն կառավարության ղեկավարի որոշմամբ այս գործընթացի իրականացումը իրավական է: 

- Սրա պատասխանը ավելի ճշգրիտ կտան իրավաբանները, բայց կարծում եմ` այսօրվա իշխանությունը հասել է նրան, որ կարողանում է միանձնյա ու միակողմանի որոշումներ կայացնել և այդ որոշումներն ուղղել ընդդեմ Հայաստանի և Հայաստանի սահմանների: 

- Հայաստանի և Ադրբեջանի միջև այս համաձայնությունը ողջունվեց տարբեր ուժային կենտրոնների կողմից, հատկապես արևմտյան թևից: Ստացվում է՝ միջազգային կոնսենսո՞ւս կա այս հարցում: 

- Այսօրվա իրավիճակը ողջունվեց արևմտյան երկրների կողմից, կարծում եմ`արևմտյան երկրները փորձում են այս խաղի մեջ ներգրավել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Նրանք ունեն հստակ ակնկալիքներ այս պետություններից. այսօր էլ Ֆրանսիայի դեսպանի այցը Տավուշ միտված է նրան, որ կարողանան այս տարածաշրջանից դուրս մղել մեծ խաղացող Ռուսաստանին և իրենք տեղավորվեն այստեղ: Սա պայքար է մեծ տերությունների միջև, որոնք օգտագործում են տարատեսակ միջադեպերը` այստեղ տեղավորվելու համար: 

- Ոսկեպարում իրավիճակը բավականին լարված է, մարդկանց շրջանում կա ընդվզում: Որքանո՞վ դա կարող է խոչընդոտել իշխանության մեկնարկած գործընթացը: 

- Ուզում եմ հուսալ, որ այս պայքարը կունենա մեծ արձագանք, և հայ ժողովուրդը կլծվի իր սահմանների պաշտպանությանը, իշխանության այս գործելաոճը կանգնեցնելուն: Հետևաբար աջակցություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այսօր կանգնած են Տավուշում և փորձում են պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Տավուշում այդ գործընթացն ավարտելուց հետո Ադրբեջանն ուղղակի հրաժարվի մյուս հատվածներում սահմանազատման գործընթաց իրականացնելուց: 

- Ադրբեջանը փորձելու է մյուս հատվածներում էլ հասնել իրեն ցանկալի արդյունքներին, հատկապես Տիգրանաշենի հատվածում նա ունի նկրտումներ և, իհարկե, նաև Սյունիքում միջանք ստանալու հարցը: Ադրբեջանը փոքր և մեծ քայլերով գնում է այդ ուղղությամբ: Մյուս կողմից, ինչպես տեսնում ենք, միջազգային կոնսենսուս կա Ալմա-Աթայի պայմանագրով սահմանազատում իրականացնելու հարցում, և կարծում եմ` կլինի կոնսենսուս նաև այդ տարածքների հարցում: Այդ ամենը կփաթեթավորեն գեղեցիկ բառերով` իբր Հարավային Կովկասը գնում է խաղաղության, և կմատուցեն մեր հանրությանը: 
 

Добавить комментарий

From the author