654

Չոր հաշվարկ. Ադրբեջանի հետ «գազային» գործարքն ապագայում քիչ հավանական է

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով միջազգային համաժողովում, խոսել է Հայաստանին գազ վաճառելու հնարավորության մասին` ասելով, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Հայաստանը նույնպես կկարողանա ադրբեջանական գազ գնել: «Հաշվի առնելով մերձությունը և ենթակառուցվածքները՝ իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»,- շեշտել է նա:

Այսօր արդեն Երևանից պատասխանել են Ալիևի «գազային» խոստումներին: Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը։ «Շատ լավ բան եմ համարում, դրական եմ վերաբերում, պետք է քննարկենք այդ հարցը, այնպես չէ, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ։ Շատ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը։ Իմ գործընկերների հետ կխոսեմ այդ մասին»,- ասել է Սիմոնյանը: 

Հայաստան-Ադրբեջան «գազային» հնարավոր համագործակցության և դրա տնտեսական հետևանքների մասին «Դետք»-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

- Պարո՛ն Պարսյան, մի կողմ թողնելով հարցի քաղաքական նշանակությունը և դրա հետևանքները՝ հետաքրքիր է` զուտ տնտեսական առումով այս «համագործակցությունը» որքանո՞վ է հավանական, և արդյո՞ք Ադրբեջանի գազային պաշարները բավարար են նաև Հայաստան մատակարարում իրականացնելու համար: 

- Նախ նշեմ, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը կտրուկ ավելացրել է իր գազի արտահանման ծավալները, մասնավորապես 2023 թվականին Ադրբեջանը շուրջ 12 մլրդ խմ գազ է արտահանել այն դեպքում, երբ ինքը մոտավորապես այդքան է կարողանում արդյունահանել: Ստացվում է` իր արդյունահանած գազն ամբողջությամբ արտահանել է: Բայց իրականում այդպես չէ: 2023 թվականին Ադրբեջանը դարձել է նաև ռուսական գազ վերավաճառող երկիր, ինչպես, օրինակ, Ուզբեկստանն ու Թուրքիան են: Այսինքն՝ նրանք օգտվում են ռուսական էժան գազի վերաարտահանման հնարավորությունից, և կարող է թվալ, թե դա նրանց պոտենցիալն է, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է` նրանք պարզապես վերավաճառող են: 

Մենք ռուսական գազը ձեռք ենք բերում ավելի էժան գնով (1000 խմ-ը 175 ԱՄՆ դոլար` ներառյալ կալորիականությունը), քան նրանք, որ ձեռք են բերում և վերավաճառում Եվրոպային: Հետևաբար, զուտ տնտեսական տրամաբանությամբ, քիչ հավանական է, որ մենք Ադրբեջանից մոտ ապագայում գազ ներկրենք, որովհետև նրանց արտահանած գազի գինը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ռուսականը: 

- Եթե, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները փորձեն Ադրբեջանից ևս գազ գնել, արդյո՞ք կան դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: 

- Խորհրդային միության ժամանակ մենք գազը ստացել են Ադրբեջանի տարածքով` Ղազախով, և այդ խողովակաշարը դեռ պահպանվել է: Բայց, անշուշտ, այն հիմնանորոգման կարիք ունի: Երբ 1991 թվականին պայթեցվեցին խողովակաշարերը, Հայաստանը նոր գազատար կառուցեց արդեն դեպի Վրաստան, և հիմա այդ ճանապարհով է գազամատակարարումը կատարվում` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան: 

Հիմա, հաշվի առնելով զուտ տնտեսական իրողությունները, Ղազախի գիծը վերականգնելու համար բավական լուրջ գումարներ անհրաժեշտ կլինեն:  

Բացի դրանից՝ Հայաստանն ունի գազամատակարարման պայմանագիր Ռուսաստանի հետ մինչև 2043 թվականը: Մոտ 2 տարի առաջ էլ պայմանագիր կնքվեց, որով Ռուսաստանը 10 տարի գազի սակագինը թողնում է նույնը Հայաստանի համար՝ 165 ԱՄՆ դոլար՝ գումարած կալորիականությունը, ինչն այս պահին կազմում է 175 ԱՄՆ դոլար, այն պայմանով, որ հայկական կողմը 34 մլն դոլար է տալիս Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ծախսերի փոխհատուցման համար: Այսինքն՝ մենք ունենք մոտ 10 տարվա պայմանավորվածություն ռուսական կողմի հետ, և քիչ հավանական եմ համարում, որ այդ պայմանավորվածությունները կխզվեն` հաշվի առնելով, որ ադրբեջանական գազը շատ ավելի թանկ է, և կան բազմաթիվ փաստաթղթեր: 

- Եթե, տեսականորեն, ենթադրենք, որ Ադրբեջանի հետ գազային պայմանավորվածություն է լինում, դա ի՞նչ ռիսկեր է մեզ համար պարունակում: 

- Ցանկացած երկրի պարագայում էներգետիկ կախվածությունը հիմնական մարտահրավերներից մեկն է: Հայաստանն իր էներգակիրների 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, այսինքն՝ այդքանով կախվածություն ունի ՌԴ-ից, մյուս մասը ներկրում ենք Իրանից և այլ պետություններից: 

Այսինքն՝ եթե ուզում ենք բազմազանեցնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, կարող ենք դա դրական դիտարկել: Սակայն կարևոր է, թե այդ բազմազանեցումը ինչ ուղղությամբ է արվում, որ երկրների հետ համագործակցության միջոցով: Եթե Ադրբեջանն է, որը կարող է տարբեր պատճառներով` քաղաքական, սուբյեկտիվ կամ այլ խնդիրներով դադարեցնել գազի մատակարարումը, դա, իհարկե, ձեռնտու չէ: 


 

Добавить комментарий

From the author