\sa

Գյուղերի հանձնման հարցը փոքր բաղադրիչն է այն քաղաքականության, որ արդեն երկար տարիներ մեր աչքի առաջ վարում են. Հրանտ Խաչատրյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պետք է դուրս գալ Հայաստանի իշխանությունների և արտաքին աշխարհի կողմից թելադրվող օրակարգից, մշակել հայկական օրակարգ ու խոսել այդ շրջանակում: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը` անդրադառնալով Տավուշում իրադարձությունների զարգացմանը: 

«Տավուշի հարցը, գյուղերի հանձնման հարցը մի փոքր բաղադրիչն է այն քաղաքականության, որն արդեն երկար տարիներ մեր աչքի առաջ վարում են, որովհետև նման անօրինական ու անտրամաբանական գործելակերպն այսքան երկար չի կարող տեղի ունենալ, եթե մենք ապրում ենք տրամաբանություն ունեցող հասարակության մեջ»,- ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ պետք է քննարկել ոչ թե Տավուշի հարցն առանձին վերցրած, այլ կենտրոնանալ հայկական օրակարգի ձևավորման վրա, որի պարագայում չի առաջանա «հող հանձնելու» խնդիր: 

«Թեկուզ հակադիր օրակարգեր լինեն, թեկուզ ներքին բանավեճ լինի, սակայն օրակարգը պետք է բխի նպատակից, իսկ նպատակը միշտ այնքան պարզ է եղել, որ 3 տասնամյակից ավելի նպատակի վերաբերյալ հասարակական բանավեճ նույնիսկ  չի եղել»,- ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց` հայկական օրակարգ ձևավորելիս պետք է տարբերակել առաջնային ու երկրորդական հարցերը: «Կան մեկնաբանություններ, որոնք Հայաստանի հետ կապ չունեն: Օրինակ` բոլորը հայկական օրակարգը կապում են այն հանգամանքի հետ, թե ուկրաինական պատերազմում ով կհաղթի` Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, սակայն դա երրորդական, չորրորդական հարց է, էլի կարևոր է, սակայն դա առաջնային հարց չի կարող լինել: Բայց պարզ է, որ քաղաքական գործիչները հետաձգում են իրենց գործունեությունը` սպասելով, թե Ուկրաինայում ով է հաղթելու: Բայց կրկնում եմ` դա հայկական օրակարգի համար առաջնային հարց չէ: 

Կարծում եմ`օտարի օրակարգերին սպասողները պետք է մղվեն երկրորդ պլան, այսինքն` մարդիկ, որոնք սպասելիք ունեն այդ օրակարգերից, պետք է հեռու լինեն պետական կառավարումից: Այն մարդիկ, որոնք ծայրահեղ բևեռացած են օտարի օրակարգերի շուրջը, նրանց վրա չենք կարող ազդել և նրանց միջոցով չենք կարող իրական որևէ սպասելիք ձևավորել, որ հետո այդ սպասելիքը դարձնենք գործունեության ծրագիր և իրագործենք: 

Կա տեսակետ, որ այդ բևեռացած խմբերը պետք է մեկը մյուսին ոչնչացնեն, որ յուրաքանչյուրը կարողանա, մյուսներին ներգրավելով, երկիրը փրկել: Կա ուրիշ տեսակետ, որ մեկը մյուսին այնքան վարկաբեկի, որ մարդիկ այլևս ուշադրություն չդարձնեն նրանց վրա: Երկուսն էլ մերժելի են, որովհետև երկու պարագայում էլ մարդկանց այդ խումբը դուրս է գրվում մեր ընդհանուր ռեսուրսից, մեր հաշվից, որովհետև եղած բևեռները մեր ռեսուրսի կարևոր մասն են կազմում»,- նշեց Խաչատրյանը: 

Մեր զրուցակցի դիտարկմամբ` ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի ակտիվանում, որովհետև երկու բևեռներից էլ ուզում է հեռու պահել իրեն: Ըստ նրա` հիմա հարկավոր են կազմակերպիչներ, որ կարողանան աշխատել ոչ թե ընդգծված բևեռների, այլ այն մարդկանց հետ, որոնք քնած վիճակում են, և կարողանան ակտիվացնել նրանց: 

«Պատճառը, որ հայկական ռեսուրսը չի համախմբվում կրիտիկական պահին, կարծում եմ` այն է, որ չկան հաղթանակի դրոշը բարձրացնող մարդիկ: Արդեն քանի տարի է` երկու բևեռն էլ աշխատում է այն ուղղությամբ, որ չմիավորված կամ չձևավորված զանգվածը մյուս բևեռի նկատմամբ ունենա առավելագույն հակակրանք, և երկու բևեռում էլ հասնում են այդ նպատակին: Դրան հասնելու համար նրանք դիմում են հնարավոր բոլոր միջոցներին: Արդյունքում մարդիկ չեն ուզում միանալ երկու բևեռներից և ոչ մեկին»,- նշեց նա: 

Ըստ Հրանտ Խաչատրյանի` իշխանական բևեռն այսօր ոչ իրավական և ոչ էլ բարոյական իրավունք չունի նման հոռետեսական տրամադրություններ տարածելու. «Իբրև թե ասում են խաղաղություն, սակայն այսօր աշխարհում ոչ մեկը չի հասկանում այդ լավատեսությունը, որովհետև մարդկությունը հասել է միջուկային զենքի կիրառման սահմանին, և այդ լավատեսությունը բոլորովին հասկանալի չէ: Խաղաղության մասին խոսույթն այսօր ոչ միայն ընկալելի չէ, այլև ծիծաղելի է,  այսինքն` առանց որևէ հիմքի խաղաղություն ասելը և այդ խաղաղության համար զիջումներ անելն անհասկանալի են»: 


 

Добавить комментарий

From the author