սավ

Այդ քարտեզները որ տպում են, Հայաստանին անգամ 1000 կմ² տեղ չեն թողնում. Ադրբեջանի ծրագրերը պարզից էլ պարզ են. Արա Պապյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը:

- Տավուշում սահմանազատման աշխատանքներով պայմանավորված՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախօրեին էլ իրավապահները, բիրտ ուժ կիրառելով, բերման էին ենթարկում ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ և տեսնո՞ւմ եք արդյոք այս ակցիաների` մասշտաբային դառնալու հեռանկար:

- Սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի այն քաղաքական գծի, որ եթե մենք բավարարենք Ադրբեջանի պահանջները, ապա կունենանք խաղաղություն: Դա հիմնովին սխալ է: Սակայն նրանք այդ գիծը տանում են, և այդ ճանապարհին նաև բիրտ ուժ են կիրառում: Նրանք որդեգրել են այն քաղաքականությունը, որ Խորհրդային Հայաստանի սահմաններն են հիմքում դրված, իբր, այն, ինչ Խորհրդային Հայաստանինն է, դա է միայն հայապատկան, և նաև շատ վիճելի քարտեզ են օգտագործում սահմանազատման համար:  

Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ժողովրդի մեծ մասն անտարբեր է: Բոլոր ջանքերը, այդ թվում` մեր կառույցի կողմից` ավելի մեծաթիվ մարդկանց ներգրավելու, էական արդյունք չի տալիս, մենք մեր համախոհների կայուն թիվն ունենք, բայց դրանից ավելի չի լինում: Մյուս կողմից` մեր նկատմամբ իշխանություններն առանձին հետաքրքրություն ունեն, մեքենաները ճանապարհին կանգնեցվում են, թույլ չեն տալիս ճանապարհը շարունակել, մեքենաները բերման են ենթարկվում և ժամերով պահվում, և այլն: Ցավոք սրտի, եթե համաժողովրդական ընդվզում չլինի, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այս 4 գյուղը կտա, այլև սրանից հետո, գիտեք, 4 անկլավի հարցն է, Վարդենիսի գյուղերի հարցն է, ադրբեջանցիների վերադարձի և փոխհատուցումների հարցն է: Բայց մի բան պետք է հստակ հասկանալ` երբեք հնարավոր չէ բավարարել ադրբեջանցուն և թուրքին, որքան էլ զիջումների գնանք, օրեցօր նրանց պահանջներն ավելանում են:  

- Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ համաժողովրդական բողոք չկա այս գործընթացի նկատմամբ, արդյո՞ք մարդիկ կողմնակից են իշխանության տվյալ քաղաքականությանը: 

- Ո'չ, կողմնակից չեն: Մասնավոր խոսակցությունների ժամանակ մարդիկ խոսում են, թե պետք է մի բան անել, բայց նույն այդ մարդիկ ուզում են լինել դիտողի դերում, մեզ էլ խորհուրդներ են տալիս` ինչ պետք է անել: Կարծում եմ` առաջին հերթին ժողովուրդը վախեցած է, հետո` հիասթափված քաղաքական կյանքից ու պայքարից: Հատկապես Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը շատ վատ է ազդել, որովհետև եթե նախորդ ղեկավարների ընտրությունների ժամանակ իրենք իրենց մասնակցությունը չէին տեսնում, և նրանք ընտրվել էին` առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքը, հիմա ժողովուրդը կարծում է, թե ինքն է բերել Նիկոլ Փաշինյանին, և մեղքի զգացում ունի: 

- Ի՞նչ կասեք այն առնչությամբ, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, եվրոպական մի շարք պետություններ ողջունեցին Տավուշում սահմանազատման հարցում ձեռք բերված համաձայնությունը: 

- Բնական է, որ պետք է ողջունեին: Եթե կա մի հակամարտություն, որը, թեկուզ և առերես, բայց գնում է խաղաղության, նրանք պետք է ողջունեն դա: Նրանց համար կարևոր է, որ լինի կայունություն, և կարևոր չէ` դա Հայաստանի հաշվին կլինի, թե ոչ: 

Երբ Հայաստանի իշխանություններն այս համաձայնությունը ներկայացնում են որպես ձեռքբերում, իսկ Հայաստանի ժողովուրդն էլ առանձնապես չի բողոքում, նրանք հո մեր փոխարեն չէի՞ն ասելու` գիտե՞ք ինչ կա, սա սխալ է, կամ այսպես մի արեք: Եվ հետո, այդ ողջունողների մի զգալի մասը մանրամասներին ծանոթ էլ չէ, նրանք մտածում են, որ ինչպես Նիկոլն է ներկայացնում` եթե այս տարածքները տան, խաղաղություն կլինի: Հիմա երկու երկիր լեզու են գտնում, ինչպե՞ս պետք է նրանք միջամտեն: Պարզ է` պետք է ողջունեն, հատկապես երբ այս գործընթացում Հայաստանն է ներկայանում որպես ամենաակտիվն ու ջատագովը: 

- Ըստ Ձեզ` ներկայիս իշխանությունը թողնո՞ւմ է լուսանցք` հնարավորության պարագայում հետ կանգնելու այս գործընթացից, թե՞ այլևս հնարավոր չէ կասեցնել այս ընթացքը: 

- Փաշինյանի իշխանությունն ուզում է, որ հետադարձ չլինի, բայց տեսեք, մեր Սահմանադրության 205-րդ հոդվածն ամրագրում է, որ պետական սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով: Ախր սահմանագծումը միայն սահմանանշում չէ, նաև հողերի փոխանակում է, իսկ փոխանակում նշանակում է սահմանի փոփոխություն, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ սովետական վարչական գիծը սահման է: Հետևաբար, այս գործընթացը հակասահմանադրական է, հակասում է 205-րդ հոդվածին, նաև «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածին, որտեղ ասվում է, որ պետական սահմանը որոշվում է միջպետական պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ այստեղ միջպետական պայմանագիր չկա: Այս ամենն արվում է ինչ-որ միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունների հիման վրա, ինչն անօրինական է: Այս հանգամանքը կարելի է հետագայում օգտագործել, սակայն պետք է ընդունենք, որ երբ գետնի վրա իրողությունները փոխվում են, ամեն ինչ դառնում է շատ ավելի դժվար: 

Իսկ այս գործընթացի կասեցումը կարող է լինել միայն համաժողովրդական ընդվզման ձևով, որը ներկայումս չկա, բայց ժողովուրդներն անկանխատեսելի են, այսինքն` դեռ հույսներս չենք կորցնում: Մարդիկ հանրային տրանսպորտի գինը 50 դրամով թանկացնելու ժամանակ դուրս էին գալիս փողոց, իսկ հիմա դուրս չեն գալիս, դա հասկանալի չէ: Ախր սա 4 գյուղի խնդիր չէ, սրանց հաջորդելու են տարբեր ու տարբեր զիջումներ: Ալիևն ազնվորեն ասում է, որ չի լինելու խաղաղություն, ասում է, որ այսքանով չեն ավարտվում իրենց պահանջները, մյուս կողմից` ինքը չի ասում, որ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք է հանդիսանում սահմանազատման համար: Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս իր ծրագրերը, դրանք պարզից էլ պարզ են: 

Երկու օր առաջ պետական ֆինանսավորմամբ «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն բացեցին, այնքան են լկտիացել, որ, ասենք, կարող էին դա ՀԿ-ի մակարդակով անեին` ցույց տալու, որ իբր իրենք կապ չունեն, սակայն սա արվեց պետական մակարդակով, և սա բացահայտ ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ իրենց նկրտումների մասին է վկայում: Այդ քարտեզները, որ տպում են, Հայաստանին անգամ 1000 կմ² տեղ չեն թողնում: Օրինակ` նրանց առաջին հանրապետությունը հայերին գոնե մի 10.000 կմ² թողնում էր, հիմա դա էլ չեն անում:
 

Добавить комментарий

From the author