6853

Եթե մենք պինդ լինենք, դրսի ուժերը մեզ կոտրել չեն կարող

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Այսօր Բագրատ Սրբազանն անում է այն, ինչ չկարողացավ անել քաղաքական ընդդիմությունը: Սրբազանն այդ առաջնորդությունը վերցրել է իր վրա, և կարծում եմ՝ իր ամեն ինչով համապատասխանում է առաջնորդողի դերին: Նա կարող է լավ ավարտի հասցնել այս ամենը, համենայն դեպս, երկրի փրկության այլ ճանապարհ այս պահին չեմ տեսնում»,- այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանը` անդրադառնալով Տավուշում սկիզբ առած և Երևանում ծավալվող շարժմանը: 

«Բագրատ Սրբազանը կարողացավ ազգային ոգին, կոտրված ոգին բարձրացնել, մարդկանց արժանապատվությունը վերադարձնել: Ոմանք դեռ ոտքները կախ են գցում, դեռ նայում են՝ ոնց կլինի, ինչ կլինի, բայց դե ի՞նչ պետք է լինի, սա է ճանապարհը: Գուցե մի քիչ տարօրինակ է, որ հոգևորական է առաջնորդում շարժումը, բայց ինձ համար անձամբ տարօրինակ ոչինչ չկա: Այդ մարդն իր կրթությամբ և գիտելիքներով, տղամարդկային պնդությամբ և ժողովրդին բարին ու հաշտությունը բերելու ցանկությամբ և կարողությամբ հիմա լիարժեք այն առաջնորդն է, որը պետք էր մեր ժողովրդին: Ո՞նց կարող ես նրան, նրա կերպարը համեմատության դնել, ասենք, ներկայիս իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն հարցին, թե Բագրատ Սրբազանի առաջարկած հաշտության օրակարգը որքանով է ընդունվել հասարակության կողմից, Գուրգեն Խանջյանը նշեց. «Երբ միտինգի մասնակիցների մեջ ես լինում, իսկ այնտեղ առաջին օրը մոտ 100 հազար մարդ էր հավաքվել, դու զգում ես այդ փոփոխությունը, այդ հաշտության ներկայությունը, թե ոնց են մարդիկ իրար հետ խոսում: Մարդիկ կարոտ են դրան: Բագրատ Սրբազանը կարող է ներքին հաշտություն բերել և դա անում է, ուղղակի պետք է մի քիչ համբերատար լինել, համառ լինել:

Այս հարցում էլ էինք մենք` ժողովուրդս, պարտվել՝ թույլ տալով մեզ բաժանել: Դա արդեն թուրքի հաղթանակն էր բոլորիս նկատմամբ: Բայց մենք կարող են թույլ չտալ, որ թուրքական ծրագիրն իրականանա, եթե մենք ամրանանք, մեր ոգին ամրանա, իսկ դա մեզնից է կախված: Թույլին հեշտ է ամեն ձև խաբել, ճնշել, երբ մարդիկ նայում են իրենց առաջնորդներին և տեսնում են այդ թույլ, ծնկի իջած, կծկված վիճակը: Բայց մեկը պետք է լինի, որ արժանապատվությունը վերադարձնի: Եթե մենք պինդ լինենք, դրսի ուժերը մեզ կոտրել չեն կարող»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իշխանությունը պատրա՞ստ է արդյոք զիջումների գնալ` ժողովրդի ցասմանն ի պատասխան, արձակագիրը նկատեց. «Տեսնում ենք՝ ոստիկանությունը՝ իշխանության մահակը, անխնա օգտագործվում է, և ես չգիտեմ՝ ինչ է ուզում իշխանությունը: Երկիրը ոտքերի տակից գնում է, իրենք կառչել են այդ մի քանի հոգու իշխանությանը: Ես չեմ պատկերացնում էլի, որ այս երկրի մարդիկ են իրենք, հայրենիք կա՞ մեջները, թե՞ չկա, թե՞ իրենք իրենց կարողանում են խաբել ներսում: Բացահայտ երևում է, չէ՞, էս աստիճանի սխալվե՞լ: Ախր պարզ չէ՞ր, որ պարտված առաջնորդը շարունակելու է պարտությունների շարանը, էլ հաղթանակ նա չի բերելու ոչ մի տեղից, դա պարզ էր, դա ասում էին խելոք մարդիկ: Սխալվեց ժողովուրդը, բայց լավ, ասենք ժողովուրդը սխալվեց, դուք հո տեսնո՞ւմ եք այդ բանը, թողե՛ք, գնացե՛ք»:


 

Добавить комментарий

From the author