ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական  բանակցություններում և շարունակում է հավատալ, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին։

«Ես պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին։

Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի։

Հիշեցնենք, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բաքվի Հանրապետության (խմբ․) ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Բաքվի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Բաքվի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Добавить комментарий

From the author