587

Ինչպես գեոպոլիտիկան մտավ Տավուշի շարժում, և որն է այս շարժման ֆենոմենը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան


«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: 

- Մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության քսանկետանոց ծրագիրը: Հնչեց նաև թերևս շատերին հուզող կարևորագույն հայտարարություններից մեկը՝ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ: Քաղաքագիտական իմաստով որքանո՞վ է իրատեսական և իրագործելի այս ծրագիրը: 

- Այստեղ երկու բաղադրիչ պետք է տարանջատել` առաջարկների որակը, այսինքն` արդյունավետությունը և խնդիր լուծելու պաշարը, և երկրորդ` իրատեսականությունը, այսինքն` դրանց իրացվելիության աստիճանը, թե որքանով դրանք հնարավոր կլինի իրողություն դարձնել: Առաջարկների բովանդակային մասով հիմնականում կիսում եմ այդ մոտեցումները, որովհետև դրանք, փաստացիորեն, պետություն-իշխանություն-հասարակություն-տնտեսություն օղակի խնդիրների լուծման միջոցներ են, մյուս կողմից` նաև ներհասարակական-հոգևոր-բարոյական-արժեքային իրավիճակը վերականգնելու դեղամիջոց: Այսինքն` այստեղ կա թե' աշխարհիկության տարր, թե' հոգևոր: 

Իրացվելիության իմաստով ես թերահավատ եմ այն իմաստով, որ մենք պետք է շատ հստակ հասկանանք` Հայաստանի ներկա, գործող իշխանությունները չունեն կոնսենսուսի գնալու ոչ ցանկություն, ոչ օրակարգ, ոչ էլ նպատակադրում: Ինչո՞ւ: Դրա պատճառները շատ տարբեր են: Նրանք հայկական շահի, հայապահպանության, արժեքային ընկալումների, պետությունը որպես արժեք դիտարկելու գաղափարների հետ չեն հոմանիշվում, ինչի մասին իրենց հրապարակային խոսքում ու գործում բազմիցս շեշտել են: Փաստացի գործ ունենք մի իշխանության հետ, որը նշում է, որ ինքը հայկական շահի կրող չէ, այսինքն` գործ ունենք շատ ավելի դեստրուկտիվ երևույթի հետ: ՀՀ գործող վարչապետն ասում է` մենք նպատակային չօգնեցինք Արցախին (իսկ Արցախում ապրում են հայեր, ՀՀ քաղաքացիներ), որպեսզի ինչ-ինչ ուժեր քաղաքական դիվիդենտներ չստանան: Մյուս կողմից` ՀՀ պատկան հողերը, որ ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, առանց որևէ հիմքի, առանց պայմանագրի հանձնում է Ալիևին: Ի դեպ, Ալիևն էլ ընդամենը 2 օր առաջ հայտարարեց` գոհ եմ սահմանազատումից, որովհետև հայկական կողմը բացառապես սպասարկում է մեր շահերը: 

Նախ պետք է լիներ իրավական գործընթաց, ասենք` «խաղաղության պայմանագիր», որի կետերից մեկը պետք է լինի սահմանազատման-սահմանագծման հարցը: Այնինչ Ալիևը ուժի սպառնալիքով ստանում է այն, ինչ իրեն պետք է, և երբ դա ստանա, նորից ուժի սպառնալիքով ցանկանալու է ստանալ այլ բաղադրիչներ ևս: 

Փաստացիորեն, այս շարժման ալիքը կամ պատճառը Տավուշի սահմանազատումն էր, որը բացառապես հիմնավոր չէր, այսինքն` շարժումն ինքնին շատ օրինական է: Ակնհայտ է նաև, որ Բագրատ Սրբազանը կամ նրան աջակցողները իշխանության ձգտելու օրակարգ չունեն, որովհետև այդ մարդկանց էական մասը գիտուն է և հասկանում է` ինչ բարդ իրավիճակում է Հայաստանի Հանրապետությունը, և եթե իշխանությունը նույնիսկ հանձնվի նրանց, ապա բոլոր կուտակված խնդիրները, իշխանության բոլոր հանձնառությունները, բոլոր խոստումները նրանք պետք է փորձեն զսպել կամ դիմագրավել, և, բնականաբար, ոչ բոլորի մասով է ստացվելու: Հետևաբար, ակնհայտ է, չէ՞, ռացիոնալ մարդը արդյոք կմտնե՞ր այդ դաշտ, եթե իրավիճակը ծայրահեղ աղետաբեր չլիներ: Դրա համար իզուր չէ, որ երեկվա արտաբերած կետերից մեկն էլ լայն կոնսենսուսով փորձառու, տեխնոկրատ մարդկանց ներգրավելու օրակարգն էր: 

- Ի՞նչ կասեք այն տեխնոլոգիաների ու գործիքակազմի մասին, որ կիրառում է շարժումը, և արդյոք դրանք արդյունավե՞տ են իշխանությունների դեմ պայքարում: 

- Երբ խոսում ենք այս կամ այն գործիքակազմի մասին, նախ պետք է հասկանանք` ինչ ռեսուրսներ ունենք, երկրորդ` գործընթացը որքանով է օրինական, երրորդ` արդյոք կարող ենք այդ գործիքները ճիշտ կերպով օգտագործել: Ընթացքում բազմաթիվ գործիքներ ու գործողություններ, կախված նրանից` լավ են արվել, թե վատ, սկսում են փոփոխվել:  

Գործող իշխանության դեմ պայքարի տարբեր գործիքակազմեր են օգտագործվում, հիմնականում փորձում են խաղաղ, անհանդուրժողական ակցիաներ իրականացնել և այլն: Այդ ակցիաների բաշխվածությունը, միաժամանակ լինելը, իհարկե, կարևոր գործոններ են, բայց դրանք պետք է լինեն մի ընդհանուր գործընթացի տրամաբանական հանգրվան, որից հետո պետք է լինեն այլ բնույթի ճնշման տարրեր: Ակնհայտ է, որ եթե այդ ամենն արվի մեծաքանակ ներգրավվածությամբ, ինտենսիվ, ամենատարբեր տեղերում միաժամանակ, ՀՀ ուժային սեգմենտը չի հասցնելու դիմագրավել, դա միանշանակ:

Մյուս կողմից` գործող ղեկավարությունը հեշտ չի հանձնելու իշխանությունը, ավելին ասեմ` այդ իշխանությունը չի հանձնելու, որովհետև, առնվազն, վարչապետի և շատ այլ մակարդակներում ունենք իրավիճակ, որ մարդիկ թույլ են տվել գործողություններ պետության դեմ, որոնք Քրեական օրենսգրքի տիրույթի հարցեր են: Այսինքն` եթե մարդն ունի մոտ 14-15 հոդված պետական դավաճանության, ուզուրպացիայի հետ կապված, արդյո՞ք այդ մարդը կհանձնի իշխանությունը, իհարկե ոչ: Ավելին ասեմ, եթե նույնիսկ երաշխիքներ ստանա, որ քրեական հետապնդում չի լինելու, ցանկացած նոր իշխանություն օրենքի և իրավունքի սահմանում պարտավոր է այդ քրեական վարույթն իրականացնել: 

Հիմա ունենք իրավիճակ, որ գործընթացը շարունակվում է, իսկ գործընթացի ուժը գիտե՞ք որն է. Բագրատ Սրբազանի կերպարը խարիզմատիկ, օրինական առաջնորդի կերպար է, այսինքն` մարդիկ կամովին են միանում նրան: Եթե ուշադիր լինենք, քարոզչական այն որակումները, որ անընդհատ փորձում են նրան կպցնել, ոչ մի կերպ չի ստացվում, այնպես որ բազմաթիվ այլ հարցերում էլ ինքը շատ շահեկան է` իր խոսքի ուժը, ազդեցիկությունը, կամ այն, ինչ քաղաքական գործիչները շատ կոշտ ու սառը ելույթներ կարող են իրենց թույլ տալ, իր պարագայում` եկեղեցական խոսքի, հանդուրժողականության դիրքերից տեքստեր ասելը որևէ մեկը չի կարողանում քննադատել: Դա շատ հետաքրքիր ֆենոմեն է մեր քաղաքական մշակույթի այս փուլի մասով: Բայց այդ ամենը պետք է ասֆալտի վրա նյութականացվի: Այստեղ անելիք ունեն հասարակությունը, ՀԿ-ները, անհատները, այդ թվում` փողոցային գործողություններին մասնակցելու մասով: Մարդիկ չպետք է հուսահատվեն, որովհետև այստեղ գոյաբանական օրակարգ է, լինել-չլինելու օրակարգ է: Եթե եկեղեցին այսօր այսպիսի քայլերի է գնում ստիպված, ուրեմն իրավիճակը ծայրահեղ բարդ է:

- Շատ քննարկվեց այն հարցը, որ այս շարժման առաջնորդությունը ստանձնեց եկեղեցին, որովհետև քաղաքական ընդդիմությունը այդպես էլ ոչինչ չարեց: Ըստ Ձեզ` այս շարժումը կարո՞ղ է հող դառնալ քաղաքական դաշտում նոր ուժերի ձևավորման համար:   

- Միանշանակ, այս գործընթացը լավ հող է ստեղծելու, որովհետև մեզանում որակական նոր փուլ են մտել պետություն-հասարակություն-գործող վարչապետի հեղինակություն երևույթների փոխհարաբերությունները: Մենք, մեծ հաշվով, ունենք ամայացած քաղաքական դաշտ և ունենք անհատի կերպար հոգևոր դաշտից, բայց պետք չի նույնացնել, որովհետև, այնուամենայնիվ, սա ավելի շատ Տավուշում խնդրի բարձրաձայնման միջոցով սկսված տրանսֆորմացիա է: Թե մինչև ուր կգնա այդ տրանսֆորմացիան, մենք կտեսնենք, բայց այս ամենը հեշտ չի լինելու: Անկասկած, քաղաքական նոր թիմեր ստեղծվելու են, դրանք բյուրեղանալու են նախկին ընդդիմություններից կամ այս փողոցային շարժումներին մասնակից մարդկանցից: Այլ հարց է, թե որքանը կենսունակ կլինեն, կկարողանան ինստիտուցիոնալ դաշտ տեղափոխվել, այսինքն` ստեղծել կուսակցություն, գտնել ճիշտ կադրեր: Եվ եթե ստացվի իշխանափոխություն, եթե ժամանակավոր կառավարություն լինի, ու եթե Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ, ինչքանո՞վ այդ նորահայտ թիմերը կկարողանան ինքնադրսևորվել այնտեղ: Հայաստանում, ցավոք, կուսակցական համակարգը, խորհրդարանական համակարգը զարգացած չէ: Հետևաբար, օրակարգերից մեկը պետք է լինի Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունը:  

- Արտաքին քաղաքական իրավիճակը, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է նպաստելու կամ խոչընդոտելու այս զարգացումները` հաշվի առնելով, որ Տավուշում սկսված սահմանազատման գործընթացը ողջունեցին մի շարժ պետություններ: 

- Երբ որևէ պետություն գնահատական է տալիս տեղի ունեցողին, դա պայմանավորված է իր շահերին համապատասխանելիությամբ: Երբ տարբեր երկրներ, մասնավորապես արևմտյան պետությունները, որոնք միջնորդ էին Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ.) հարաբերություններում, սկսում են ոգևորված տեքստեր հնչեցնել, նրանք այդ տեքստերը հնչեցնում են` տարածաշրջանում իրենց շահերին համապատասխանելիությունից ելնելով: Դա նշանակում է, որ հայկական շահն այդտեղ ունի երկրորդական, երրորդական կարգավիճակ, ինչը տրամաբանական է, որովհետև նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանում այնպիսի կոնֆիգուրացիա լինի, որը կհամապատասխանի իրենց շահերին, կլինի կանխատեսելի և հնարավորություն չի ստեղծի Ռուսաստանի կամ Իրանի ներգրավվածության մեծացման համար:

Մյուս կողմից` կար շտապողականություն, որովհետև ինչքան գործընթացները ձգձգվում են, այնքան դրանցում նոր հավակնություններ են ի հայտ գալիս, նոր դերակատարում ունեցող հին խաղացողները կարող են ինքնադրսևորվել, օրինակ` Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ 3-րդ թե 4-րդ օրը Ամերիկայից Երևան ու Բաքու զանգեր եղան: Երևանին նրանց ուղերձն այն էր, որ իրենց պետք չի այնպիսի սահմանազատում, որի պարագայում հասարակությունը թշնամական կամ քննադատողական վեկտորի ներքո կդիտարկի Միացյալ Նահանգներին, այսինքն` իրենց պետք է, որ օրինական լինի ամենը, որ հասարակությունը փողոց դուրս չգա: Մյուս կողմից` Բլինքենը զանգահարեց Ալիևին` հորդորելու, որ պետք չի մեծ պահանջներ ներկայացնել Հայաստանի գործող վարչապետին, որովհետև այնտեղ իրավիճակ է փոխվում, և պետք չէ տորպեդահարել այն իրավիճակները, որոնք իրենց հսկողության տակ են: Արդյունքում Բաքվի Հանրապետությունն իր ցանկությունները այդ հատվածում հետ կանչեց, դադարեցրեց կեղծ սահմանազատումը:

Այստեղ գեոպոլիտիկան մտավ Տավուշի շարժում, բայց ակնհայտ էր, չէ՞, որ դա մարտավարական քայլ էր, որ այդ սահմանազատումը հետագայում առանց մեծ աղմուկի արվելու է, այդ տարածքները տրվելու են, բայց արդեն շարժումը տրանսֆորմացվել էր, և ակնհայտ էր, որ Տավուշում մեկնարկած շարժումը Հայաստանի անվտանգության շարժում է: Ինչո՞ւ է կոչվում Սրբազան շարժում, առաջինը` հայրենի հողը սուրբ ռեսուրս է, հետևաբար դրա պաշտպանությունը սրբադասված գործողություն է, երկրորդ` քանի որ այս ամենին մեկնարկ տվողը հոգևոր հայրն էր, եկեղեցին, հետևաբար այդ ամենի ընկալումը պետք է կապված լիներ շարժման հետ: Բայց կրկնում եմ` պետք չէ իրականությունից, ռեալ-պոլիտիկից կտրվել, որովհետև դա ամենավտանգավոր բանը կլինի թե շարժման գործընթացի և թե մեր բոլորի հեռանկարի համար: 
 

 

Добавить комментарий

From the author