1

«Կասկածանքը չեն կարողանալու հաստատել, մեկուսացնում են երեք օրով»․ մանրամասներ Իշխան Գևորգյանի և ընկերների ձերբակալումից

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ձերբակալել է «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 մարտական ընկերների՝ Հրաչյա Թովմասյանին, Գարրի Ավագյանին, Անդրանիկ Եղոյանին և Հայկ Մեսրոպյանին։

«Դետք»-ը կապվել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի և «Ազատազէն» քաղաքացիական հրաձգարանի տնօրեն Բենիամին Բուչախչյանի հետ՝ տեղեկանալու դեպքի մանրամասներին։

Քննչական կոմիտեից «Դետք»-ին հայտնեցին, որ հինգ անձ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով։

«Նրանք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (այն է՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը - խմբ․) 2-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, և նշված անձինք ձերբակալվել են։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Այլ տվյալներ այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ձերբակալումը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով է տեղի ունեցել»,- մեզ հետ զրույցում նշեց Գոռ Աբրահամյանը։

«Ազատազէն» քաղաքացիական հրաձգարանի տնօրեն Բենիամին Բուչախչյանը ձերբակալման կասկածանքն անհիմն է համարում։ «Իշխանը զենքի մշակույթ զարգացնող է, օրինականությունը պահող և դա բոլորին խորհուրդ տվող է»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Բուչախչյանի կարծիքով՝ ձերբակալումը պայմանավորված է երկրում տեղի ունեցող գործընթացներով․ «Փոխարենը անկեղծ ասեին՝ ընկեր Իշխան, քեզ բռնում ենք, որ փողոցներում երթեր չկազմակերպես, այլ ուղղակի գնաս, «հանգստանաս» երեք օրով, փնթի կերպով կասկածանք են առաջադրել»։

«Կասկածանքը չեն կարողանալու հաստատել, ուղղակի մեկուսացնում են երեք օրով»,- եզրափակեց հրաձգարանի տնօրենը։

Հիշեցնենք, որ ըստ «Ազատազէն» ԿՀԿ-ի հայտարարության` համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ Հրաչյա Թովմասյանին, Գարրի Ավագյանին, Անդրանիկ Եղոյանին և Հայկ Մեսրոպյանին, ձերբակալել են ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռքբերման և տեղափոխման կասկածանքով:

«Մենք՝ հատկապես Իշխանը, մարդիկ ենք, որոնք օր ու գիշեր զբաղվում ենք օրինական զենքի մշակույթի տարածմամբ, մեր ամբողջ ջանքը դնում ենք դրան համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, օրենքները կարգավորելու մեջ, և այդ մասին բոլորը գիտեն։ Մեր խոստումն է ինքներս մեզ, որ մեր գիտելիքով և զենքերով ներքին հարցեր չենք լուծելու: Այդ խոստումը միշտ պահել ենք և պահում ենք»,- նշում է «Ազատազէն» ԿՀԿ գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը:

«Ազատազէն» ԿՀԿ-ն ձեռնարկելու է օրինական բոլոր միջոցները Իշխան Գևորգյանի և մյուս ընկերների իրավունքները պաշտպանելու համար։

Իշխան Գևորգյանի և մյուս մարտական ընկերների խախտված իրավունքի պաշտպանությունը ստանձնել են «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Տարոն Բաղդասարյանը և գործընկեր Վարազդատ Հարությունյանը։

Добавить комментарий

From the author