84563

Ցնցումներ հնարավո՞ր են. Իրանում ողբերգական իրադարձությունը ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի վրա

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի զրուցակիցն է իրանագետ Ժաննա Վարդանյանը:

- Իրանում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի զոհ են դարձել նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի քանի այլ պաշտոնյա, նախօրեին ցնցեց լրատվադաշտը: Ձեր դիտարկմամբ` ի՞նչ ազդեցություն կունենա ողբերգական այս իրադարձությունը Իրանի ներքին կյանքի, մեր տարածաշրջանի ու, հատկապես, Հայաստանի վրա:

- Իրականում Իրանում նախագահը երկրի առաջին դեմքը չէ, երկրի առաջին դեմքը հոգևոր առաջնորդն է, որն էլ հենց սահմանում է երկրի քաղաքականությունը` թե' ներքին և թե' արտաքին: Նախագահի ինստիտուտը Իրանում այդ քաղաքականությունը կատարող մարմիններից մեկն է  միայն: Այս առումով Իրանի արտաքին քաղաքականության հարցում մենք լուրջ փոփոխությունների ականատես չենք լինի, քանի որ այդ քաղաքականությունը շատ համապարփակ ձևով մշակվում է տարբեր ինստիտուտների կողմից, տվյալ դեպքում նախագահի ինստիտուտը և կառավարությունն ընդամենը դրա իրագործողն են: Շատ դեպքերում նախագահն ու կառավարությունը չեն կարող անգամ փոփոխություններ մտցնել այդ քաղաքականության մեջ, և կախված նրանից, թե ով է Իրանում նախագահը, որ թևի ներկայացուցիչ է, կարող է տարբեր ինստիտուտների հետ ունենալ կամ լուրջ խնդիրներ, կամ, հակառակը, լավ համագործակցություն:

Օրինակ` Ռայիսիի դեպքում կար համագործակցություն, քանի որ իշխանության բոլոր ճյուղերը պահպանողական էին, նա ցանկալի էր նաև ԻՀՊԿ-ի համար, ինչը չենք կարող ասել նախորդ նախագահի դեպքում: Ռոհանիի դեպքում այդպես չէր, հատկապես նախագահության վերջին շրջանում, և նա շատ դեպքերում չէր կարողանում որևէ գործունեություն իրականացնել, որովհետև անընդհատ խոչընդոտում էին, արգելքներ էին դնում: Այսինքն` Իրանում նախագահի ինստիտուտը նախ շատ սահմանափակված է իր գործողություններում, նաև կախված է այլ ինստիտուտների դիրքորոշումից, նրանց հետ հարաբերություններից: Հետևաբար, կարծում եմ, Իրանի արտաքին քաղաքականության առումով լուրջ փոփոխությունների ականատես չենք լինի: 

- Իսկ ներքին ցնցումներ հնարավո՞ր են, թե՞ այստեղ էլ է ամեն ինչ կանխատեսելի: 

- Ներքին առումով հնարավոր է` որոշակի խնդիր առաջանա, որովհետև վերջին տարիներին պահպանողական ճամբարի կողմից Ռայիսին միշտ լայն աջակցություն էր վայելում. նա հիմնական դերակատարն էր, որին աջակցում էին պահպանողական տարբեր թևեր: Իսկ հիմա, երբ Ռայիսին էլ չկա, կարծես վակուում է առաջանում, և չկա այս պահի դրությամբ մի գործիչ, որն ունենա նույն հեղինակությունը, ինչ Ռայիսին: Դրա պատճառներից է նաև այն, որ Էբրահիմ Ռայիսին համարվում էր Իրանի հոգևոր առաջնորդի ապագա հնարավոր թեկնածուներից մեկը, և նրա անձի շուրջը կոնսոլիդացիան պայմանավորված էր նաև դրանով: 

- Այսինքն` կախված նրանից, թե ով կլինի նախագահի հնարավոր թեկնածուն, հնարավոր է` որոշակի ներքաղաքական խնդիրներ առաջանա՞ն: 

- Ըստ ամենայնի, կարող է այս պահի համար ինչ-որ միջանկյալ լուծում տրվի, օրինակ` ընտրվի նախագահ, իսկ այդ ընթացքում ժամանակ շահեն` մեկ այլ ֆիգուր ձևավորելու համար, որը հետագայում կդառնա նաև հոգևոր առաջնորդի փոխարինող: 

Գուցե այդ ժամանակահատվածում ներքաղաքական կյանքում լինեն ճգնաժամեր, մինչև գտնեն համապատասխան անձին, որը կարող է լինել ընդունելի բոլորի կողմից: Այժմ շրջանառվող անուններից մեկն է Մոջթաբա Խամենեին` գործող հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որդին: Այս պահի դրությամբ նրա թեկնածությունն է  քննարկվում, և եթե այլ անձինք ի հայտ չգան, ամենայն հավանականությամբ հենց նա կլինի հոգևոր առաջնորդ:

Այլ հարց է, թե ով կլինի նախագահը, արդյոք կընտրվի հոգևորակա՞ն, թե՞ աշխարհիկ գործիչ: Որպես աշխարհիկ գործիչ հավանական է խորհրդարանի գործող նախագահ Ղալիբաֆի թեկնածությունը, որովհետև նա մասնակցել է Իրանում անցկացված վերջին երեք նախագահական ընտրություններին, վերջին երկուսում հօգուտ Ռայիսիի հրաժարվել է ընտրապայքարից: Գուցե առաջիկայում նպատակահարմար համարվի հենց նրա թեկնածությունը: 

- Շատ քննարկվեց այն հարցը, թե որտեղ է տեղի ունեցել ավիավթարը, և կարող է արդյոք դա կազմակերպված լինել Իսրայելի կողմից: Ի՞նչ տարբերակներ են քննարկվում ներկայումս քարոզչական դաշտում: 

- Քարոզչական դաշտում միտումները տանում են նրան, որ սա կապվի իսրայելական միջամտության հետ, բայց ես տրամաբանական եմ համարում այն վարկածը, որ վթարը տեղի է ունեցել անբարենաստ եղանակային պայմանների պատճառով, գուցե նաև ուղղաթիռի անսարքությունն էլ լինի պատճառը: 


 

Добавить комментарий

From the author