368

Բագրատ Սրբազանի կերպարը և հանրային խոսքը. որքանո՞վ են ընկալելի և թիրախային նրա ուղերձները

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: 

- Տավուշում սկսված դիմադրության շարժումը քայլերթով հասավ Երևան, և մի քանի օր է` հանրահավաքներ են իրականացվում մայրաքաղաքում: Մինչև այս պահը շարժման ընթացքը, հասարակության հետ շփումն ինչպե՞ս եք գնահատում։

- Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո հասարակության դժգոհությունը իշխանությունից մեծացել էր, ընդդիմությունը պարբերաբար քայլեր արեց, որպեսզի փոխի իրավիճակը, բայց չհաջողեց, որովհետև հասարակությունը լարված և սթրեսային իրավիճակներից հետո դարձել էր անտարբեր, չէր վստահում որևէ առաջնորդի կամ քաղաքական ուժի: Նման իրավիճակներում համերաշխության մթնոլորտ կարող էր ձևավորել միայն Հայ Առաքելական եկեղեցին: Յուրաքանչյուր հայի համար քրիստոնեական դաստիարակությունը, առաքելական եկեղեցու դերակատարությունը շատ մեծ են: Տավուշում ստեղծված իրավիճակը չէր կարող անտարբեր թողնել հասարակությանը, հատկապես Տավուշի թեմի առաջնորդին: Սկսվեց հանրային մի շարժում, որն ամեն օր զարգացման իր փուլերն է ապրում: Բագրատ Սրբազանը, ղեկավարելով սրբազան պայքարը, մարդկանց մեջ հույս արթնացրեց: Շատերն այսօր միացել են շարժմանը, որովհետև Արցախի կորստից հետո իշխանությունը չի տվել անվտանգության երաշխիք, և այսօր էլ հանրային բողոքն ու ընդվզումը լռեցնում են պատերազմով վախեցնելու դրույթով: 

Բագրատ Սրբազանը հասարակության հետ շփման տեսանկյունից շատ անկեղծ է, շարժման ռազմավարության տեսանկյունից քայլերը ճշգրիտ են, որովհետև փոքր, թիրախային խմբերի հետ հանդիպումներն էլ ավելի են ակտիվացնում շարժումը: Իշխանությունն ու իշխանությանը սատարող ուժերը պարբերաբար վարկաբեկում, պիտակավորում են Սրբազանին, շարժման մասնակիցներին, սակայն արդյունքի չեն հասնում, որովհետև մարդու ապրած կյանքը, աշխատանքը և հարաբերությունները մեկ օրում չեն ձեռք բերվում, դրանք ժամանակի մեծ տարածություն են անցել: Ով որևէ անգամ առնչվել է Սրբազանի հետ, դրական ասոցիացիաներ ունի: 

- Այս շարժումը յուրահատուկ է նրանով, որ առաջնորդվում է հոգևորականի` Բագրատ Սրբազանի կողմից: Դրանով պայմանավորված` նկատում ենք նաև հռետորաբանության, ուղերձների, հանրային խոսքի տարբերություն: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ: 

- Այս պահին որևէ մեկը չէր կարող վստահություն ներշնչել մարդկանց, բայց Բագրատ Սրբազանը կոտրեց կարծրատիպերը: Սրբազանի կողմից օգտագործվող բառամթերքը, մարդկանց դիմելու ձևը, հետադարձ կապի ապահովումը, բոլորին լսելու ունակությունը շատ կարևոր են: 2018-ից իշխանության կողմից օգտագործվող բառամթերքը, հայհոյախառը և փողոցային բառապաշարի կիրառումը հանգեցրին նրան, որ մարդիկ սովորեցին դրան, դարձավ սովորական բան, որովհետև իրենց «ազնիվ» վարչապետն է օգտագործել, ուրեմն ճիշտ է ասում: Այսօր այդ նույն բառամթերքն օգտագործվում է իշխանության դեմ, բայց դրա համար մարդիկ դատվում են և դառնում քաղբանտարկյալ:

Իրականում Սրբազանը քաղաքական ելույթներ չի ունենում, նրա խոսույթում մտահոգությունն է, անկեղծությունը, սուտը մերժելու գաղափարը, միմյանց հարգելու և սիրելու ուղերձը, համախմբումն ու միասնականությունը: Այս խնդիրները չեն լուծվի, եթե իշխող ուժը չգիտակցի իր սխալները և հրաժարական չտա: 6 տարի շարունակ իշխանությունը չի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենակարևորը անվտանգությունն է և ամեն օր փոքրացող հայրենիքը:

Բագրատ Սրբազանն այսօր մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ համախմբել քաղաքական և հասարակական բոլոր ուժերին,  կառույցներին, միասնական գաղափարի շուրջը համախմբել հասարակությանը, վերջ տալ ատելությանն ու միմյանց վարկաբեկելու գործընթացին, հային արժանավայել մոտեցում ցուցաբերել: 

- Կցանկանայինք լսել Ձեր մոտեցումները Բագրատ Սրբազանի կերպարի և հանրության շրջանում դրա ընկալումների վերաբերյալ: 

- Բագրատ Սրբազանի կերպարը վերլուծելու համար շատ կարևոր է ընդգծել հոգևորականի անբասիր կերպարը, վարքագիծն ու արժեհամակարգը: Հաբիթար իմիջը` խարիզմատիկ, ուժեղ և կամային հատկություններով հոգևորական: Վերբալ իմիջը՝ խոսքը համոզիչ է, վստահելի, անկեղծ: Կինետիկ իմիջը՝ շարժումները չափավոր են, որևէ բան չի նյարդայնացնում, հանգիստ է, ժեստերն ու միմիկան՝ բնական: Երևանում արդեն սպիտակ հագուստի կրումը խորհրդանշական էր: Հասարակության շրջանում դրական ընկալում ունի, նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությանը սատարող կայքերն ու կեղծ օգտատերերը փողոցային բառամթերքով գրառումներ են անում: 

- Ինչպե՞ս եք գնահատում իշխանության կողմից տարվող քարոզչությունն այս շարժման և նրա անդամների նկատմամբ: Ըստ Ձեզ` ո՞ր կողմի հանրային խոսքն է ավելի ընկալելի և թիրախային: 

- Հանրային հեռուստատեսությունը և իշխանական քարոզիչները ուղղորդված ապատեղեկության տարածմամբ են զբաղվում՝ մեկ մեղադրելով ռուսական գործակալ լինելու մեջ, մեկ հասարակությանը վախեցնելով, թե նախկին իշխանություններն են կանգնած Սրբազանի հետևում, մեկ՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, որի իրավունքը չունի, մեկ՝ Սրբազանի միջավայրում ով ինչ բառամթերք է օգտագործում, վերագրում են վերջինիս, բոլոր ընդվզողներին վիրավորում, որ իբր նրանք գումարով են մասնակցում հավաքներին, և նման անհեթեթ խոսույթներով մանիպուլացնում են հասարակությանը: Եվ այսօր արդեն մեկ այլ դրույթ են տարածում, թե, լավ, Նիկոլ Փաշինյանը որ գնա, ո՞վ պետք է գա: Տպավորություն է, որ հայոց մայրերի արգանդը չորացել է, և միայն մի փրկիչ է ծնվել, որն այսօր կառավարում է Հայաստանը: 

Բագրատ Սրբազանը փոխեց հարաբերությունների մարտավարությունը, հունից դուրս չի գալիս, հավասարակշիռ է, խոսքը գրագետ է, իր անցած ուղին, ապրած կյանքը՝ հրապարակային և տեսանելի:

 

Добавить комментарий

From the author