45

Պետք է աշխատել այդ օրը մոտեցնելու ուղղությամբ՝ առաջնահերթորեն ամրացնելով ՀՀ պաշտպանունակությունը․ Այվազյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

«Մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է մարդկայնության դեմ գործած և ռազմական հանցագործությունների համար ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին։ ՄՔԴ դատավորները պետք է դեռ քննարկեն և որոշում արձակեն այս կապակցությամբ։

Սա պատմական որոշում է, որն ունենալու է չափազանց լուրջ միջազգային հետևանքներ, որոնց, սակայն, այժմ չեմ անդրադառնալու։ Իսկ հիմա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ընդամենն Իսրայելի ղեկավարների՝ Նեթանյահուի և Գալանտի դեմ ՄՔԴ-ի դատախազի առաջ քաշած մեղադրանքների վրա, որոնք ներառում են՝

- «[ժողովրդի] բնաջնջում պատճառելը»

(“causing extermination”)

- բնակչության «սովի մատնումը որպես պատերազմական մեթոդ կիրառելը, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարումների խափանումը»

(“causing starvation as a method of war, including the denial of humanitarian relief supplies”)

Ի դեպ, այս մեղադրանքն առաջին անգամ է առաջադրվում միջազգային այսպիսի ատյանում։

- «հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը»

(“deliberately targeting civilians in conflict”):

Բացի այս հիմնական կետերից` Իսրայելի ղեկավարները մեղադրվում են խաղաղ բնակչության դեմ գրոհներ ձեռնարկելու, սպանությունների, մարդկանց տառապանքներ պատճառելու և հետապնդումների ենթարկելու համար։ Ընդգծվում է նաև այն, որ Իսրայելի ղեկավարները հռչակել են այս ոճրագործություններն իրագործելու իրենց մտադրությունը՝ պաղեստինցիներին անվանելով, ինչպես Գալանտը, «մարդակերպ կենդանիներ» ("human animals") և սպառնալով զանգվածայնորեն պատժել նրանց։

Սրանք ճիշտ ու ճիշտ այն ցեղասպանական գործողություններն են, որոնք կատարել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը 2020-2024 թվականներին՝ մինչև այսօր չենթարկվելով միջազգային քրեաիրավական որևէ պատասխանատվության։ Ընդ որում` Ի. Ալիևը բազմիցս և շատ ավելի կոպիտ է արտահայտվել հայերին Արցախում բնաջնջելու կամ արտաքսելու իր մտադրության մասին։ Ավելին` 2023 թ. ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում երկիցս ընդգծվել են Ադրբեջանի՝ Արցախի հայ բնակչության դեմ ձեռնարկված գործողությունների անօրինականությունն ու վտանգավորությունը։

Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որքանով է իրական առաջիկայում ՄՔԴ-ից Իլհամ Ալիևին ու նրա ֆաշիստական վարչակազմի մյուս անդամներին ձերբակալման հրամանների արձակումը, ներկա նախադեպը պետք է օգտագործել ամենայն մանրակրկիտությամբ ինչպես ՀՀ համապատասխան մարմինների ներկայացված ու ներկայացվելիք միջազգային հայցերում, այնպես էլ սփյուռքյան կառույցների աշխատանքներում։

Եթե տասնամյակներով «անձեռնմխելի» համարվող Իսրայելի ղեկավարությունն է ահա այսպես հանկարծակի պատասխանատվության կանչվում միջազգային դատական ատյանի առջև (դրա պատճառները չափազանց հետաքրքիր են, բայց դրանք կքննարկենք հետագայում), մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել։ Պետք է աշխատել այդ օրը մոտեցնելու ուղղությամբ՝ իհարկե, առաջնահերթորեն ամրացնելով ՀՀ պաշտպանունակությունն ու ռազմական անվտանգությունը։

Աստվածն առաջ»։

Добавить комментарий

From the author