ցսա

Սա էկոլոգիական պայքար չէ, սա արդեն Բաքվի կողմից ուղիղ ճնշում է. Ինգա Զարաֆյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ը իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ Բաքվում պատրաստվել է Հայաստանի իբրև ապօրինի հանքարդյունաբերությունը բացահայտող քարտեզ: 

Ադրբեջանական ՀԿ-ներին միավորող «Environmental Protection first» կոալիցիայի հրապարակած քարտեզը, իբրև, «կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի հանքարդյունաբերության գործունեության բացասական բնապահպանական հետևանքների բացահայտման մասին»։

Հատկանշական է, որ քարտեզի վրա հայկական անունների փոխարեն հորինված ադրբեջանական անվանումներ են, ինչը կրկին փաստում է Բաքվի Հանրապետության ծավալապաշտական նպատակների մասին։

Մեզ հետ զրույցում «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նկատեց, որ Բաքուն շատ վաղուց փորձում է զուտ էկոլոգիական խնդիրները տանել դեպի քաղաքական դաշտ, ինչն անընդունելի է, քանի որ այդ խնդիրների քաղաքական լուծումը չի նշանակում, որ դրանք իրականում լուծում են ստանում: 

«Էկոլոգիական որոշումները պետք է կայացվեն պետությունների համագործակցության արդյունքում, որովհետև էկոլոգիան սահմաններ չի ճանաչում: Կուր-արաքսյան ավազանը, որ ներառում է Հարավային Կովկասում մեր ջրային պաշարները, սահմաններ չի ճանաչում, և, հետևաբար, քաղաքական որոշումները, հատկապես երբ դրանք կայացվում են հակամարտող պետությունների միջև, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Այո՛, լեռնահանքային արդյունաբերությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում և ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր պետություններում: Արդյունահանումն ինքնին շատ մեծ ռիսկեր է պարունակում էկոլոգիական տեսանկյունից, սակայն այդ խնդիրները համակարգային լուծում են պահանջում»,- ասաց մեր զրուցակիցը: 

Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ` այդ քարտեզի հրապարակումը նշանակում է, որ Ադրբեջանը կոնկրետ դժգոհություններ, գանգատներ է նախապատրաստել Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված. «Մենք տեսանք, որ Արցախում, այսպես ասած, էկոլոգիական հողի վրա սկսված շրջափակումը փոխակերպվեց ռազմական գործողությունների և հանգեցրեց Արցախի հայաթափմանը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար. Հայաստանի համար դա ոչ մի լավ բան չի կարող նշանակել, սա էկոլոգիական պայքար չէ, սա արդեն ուղիղ ճնշում է, և թե ինչ վտանգներ կարող է պարունակել, կդժվարանամ ասել:

Ինչ վերաբերում է ադրբեջանական, այսպես կոչված, բնապահպանների հայտարարություններին, մենք ուսումնասիրել ենք այդ մարդկանց գործունեությունը, և պարզվել է, որ դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ներգրավված են եղել Արցախի շրջափակման ակցիաներում: Այսինքն՝ այն մարդիկ, որ շրջափակել էին Արցախը և 9 ամսից ավելի հայ բնակչությանը պահում էին սովի պայմաններում, հենց նրանք են այդ կազմակերպության անդամները»: 

Ինգա Զարաֆյանը նաև ընդգծեց այն հանգամանքը, որ Բաքվում չկան անկախ հասարակական կազմակերպություններ. ցանկացած կազմակերպություն այնտեղ գտնվում է Ալիևի ռեժիմի խիստ վերահսկողության տակ և կարող է գործել միայն նրա թողտվությամբ. «Այդ մասին ոչ թե մենք ենք ասում` հայաստանյան կազմակերպությունները, այլ միջազգային խոշոր կառույցներ, ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններ»: 

Մյուս կողմից, նա ընդգծեց այն հանգամանքը, որ Բաքվի Հանրապետությունը գազ և նավթ արդյունահանող պետություն է, և որպեսզի «կանաչ անցում» լինի դեպի վերականգնվող էներգետիկա, նրանք պետք է հրաժարվեն այդ արդյունահանումից, իսկ Բաքվի համար դա, իհարկե, նպատակահարմար չէ. «Այդ անցման փոխարեն նրանք զարգացնում են իրենց գազի և նավթի արդյունահանումը, դա անում են միջազգային փողերով, այնտեղ են գնում տասնյակ միլիարդ դոլարներ, և նրանք սահմանափակվում են էներգետիկայի զարգացման մասին դեկլարատիվ հայտարարություններով,իսկ իրականում նրանց հավելյալ էներգետիկ ռեսուրսներ հարկավոր չեն»: 

Ի՞նչ է ցանկանում հիմա Բաքվի Հանրապետությունը, որն այս տարի պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»): 

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենք` հասարակական կազմակեպությունները, դեռ ամիսներ առաջ հրապարակել միջազգային հանրությանն ուղղված կոչ` չմասնակցել այդ միջոցառմանը, որովհետև կոնֆերանսին նրանց մասնակցությունն օրինականացնելու է Իլհամ Ալիևի ընտրությունները, ինչի համար վերջինս ցանկանում է ստանալ միջազգային ճանաչում` չնայած շատ մեծ խախտումներին: Երկրորդ՝ Բաքուն փորձում է ձեռք բերել լավ տանիք իր նավթագազային արդյունաբերության համար. «Իզուր չէ, որ վերջին երկու կոնֆերանսներն անցկացվում են նավթ և գազ արդյունահանող պետություններում: Փաստորեն, միջազգային ընդհանուր հովանավորության ներքո կանաչ անցում չի իրականացվում, ընդհակառակը, այդ անցումը դժվարանում է»: 

 

Добавить комментарий

From the author