7852

Ուզում ես 8 հատ փաստաթուղթ ստորագրի խաղաղության մասին, 18 հատ սյուն տնկի, չի փրկելու. ճանապարհը ռազմաքաղաքական հավասարակշռությունն է. Արա Պապյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Բաքվի կողմից հնչող նորանոր պահանջները, մասնավորապես Մինսկի խմբի լուծարման, ՀՀ Սահմանադրության փոփոխության, Խոջալուի «ցեղասպանության» ճանաչման և այլն, ապացուցում են մի բան` Բաքվի նպատակն է վերացնել հայոց պետականությունն ընդհանրապես: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պապյանը` ընդգծելով, որ խնդիրը Տավուշում 4 գյուղը կամ Արցախի հարցը չէ, դրանք պարզապես միջոց են Բաքվի համար` հասնելու իր նպատակին: 

«Ես դեռ Արցախի ողբերգությունից տարիներ առաջ եմ ասել, որ եթե նույնիսկ ամբողջ Արցախն էլ տանք, միևնույն է, Բաքուն շարունակելու է իր հակահայաստանյան գործունեությունը, որովհետև Արցախի հարցը իր համար նպատակ չէր, միջոց էր, ինչպես և միջոց է Տավուշի հարցը, որպեսզի քայքայեն Հայաստանի պաշտպանական համակարգը, ճանապարհների խնդիրներ առաջացնեն և այլն: Բաքուն չի թաքցնում իր ծրագրերը: Բաքվում հարցվածների 96 տոկոսն ասում է, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և այն պետք է ազատագրել, դրանց հետ ի՞նչ «խաղաղության պայմանագիր» պետք է կնքես: Խաղաղությունը միայն ռազմաքաղաքական հավասարակշռության ճանապարհով է լինում, այլ ճանապարհ չկա: Ուզում ես 8 հատ փաստաթուղթ ստորագրի խաղաղության մասին, ուզում ես 18 հատ սյուն տնկի, ուզում ես 80 հատ «զրահածառ» տնկի, դա չի փրկելու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Երևանում ծավալվող շարժմանը, որը սկիզբ առավ Տավուշում և բխում էր սահմանազատման գործընթացի վերաբերյալ հանրային դժգոհությունից, Արա Պապյանը նկատեց, որ այդ շարժումը բացահայտեց կարևոր մի հանգամանք. այն ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ժողովրդավար է, ոչ էլ արևմտամետ, ինչպես փորձում էր ներկայանալ իշխանության գալուց ի վեր:

«Այդ երկու գործոնն էր շահարկում Նիկոլ Փաշինյանը, թե, տեսեք, ես դրանով շահեկանորեն տարբերվում եմ նախորդներից, բայց հիմա և' Արևմուտքում, և' Հայաստանում, բնականաբար, հնչում են Նիկոլի հասցեին այդ մեղադրանքները, թե «դու ինչ արևմտամետ, ցույց տուր, թե առ այսօր ինչ քայլ ես արել դեպի Արևմուտքը` բացի խոսելուց»: Այսինքն` մի հիմնասյունը, որի վրա Նիկոլ Փաշինյանը կառուցում էր իր իշխանությունը, այսօր չկա: 

Նույնը վերաբերում է նաև ժողովրդավարության վերաբերյալ պնդումներին, որոնք ևս կեղծ են: Ժողովրդավար երկրներում նման քանակությամբ և նման ֆինանսավորմամբ ոստիկանություն չի լինում: Այսօր բանակը ծայրահեղորեն ավելի վատ վիճակում է գտնվում, քան Ոստիկանությունը: Տեսնում ենք Երևանի փողոցներում օրերով, շաբաթներով հազարավոր ոստիկաններ են մեր հաշվին պահվում, ի վերջո, պետք է հստակ հասկանանք` դա մեր` հարկատուներիս հաշվին է»,- նշեց մեր զրուցակիցը:


Ըստ նրա` ոգևորիչ է, որ ժողովուրդը վերջապես փորձում է ոտքի ելնել, իսկ թե ինչպես կարող է արդյունքի հասնել, Արա Պապյանի դիտարկմամբ` ճանապարհները տարբեր են: 

«Կան տարբեր ճանապարհներ, այդ թվում` խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու ճանապարհով նոր արտահերթ ընտրությունների գնալը: Այսինքն` եթե խորհրդարանական ընդդիմությունը վայր է դնում իր մանդատները, արտահերթ ընտրությունների խնդիր է առաջանում: Բայց այստեղ մի խնդիր կա. եթե ընդդիմությունը գնում է մանդատների վայր դրման ճանապարհով, խնդիր է առաջանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտնի օրենքներ խախտող է: Երբ 2020 թվականին նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, շարունակեց մնալ որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչը անօրինական է, որովհետև Սահմանադրության մեջ հստակ է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Հետևաբար, մինչև մանդատները վայր դնելը ավելի նախընտրելի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու ճանապարհը փորձել, որ վաղը մյուս օրը չասեն, թե իրենք աթոռներից կառչած չեն»,- ասաց Պապյանը: 

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև այն, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որովհետև այն, ինչ այսօր իրականացնում է իշխանությունը, ամբողջովին հակազդում է այն ծրագրերին, որով մասնակցել է ընտրություններին և ստացել ժողովրդի քվեները: «Խաբում են ժողովրդին: Երբ նայում եք 2021 թվականի ընտրապայքարի խոստումները և կառավարության ծրագիրը, լրիվ ուրիշ բաների մասին է խոսվում, իսկ հիմա լրիվ այլ բաներ են արվում: Հիմա եթե Փաշինյանը կարծում է, որ սահմանազատումը պետք է արվի սովետական վարչական սահմանների օրինականացմամբ և ինչ-որ տարածքներ զիջելով, ուրեմն նա պետք է հրաժարական տա, նոր ծրագրով մտնի պայքարի մեջ, ասի` ինքը ինչ է անում, ասի, որ անկլավներն է տալիս, ասի, որ թույլ է տալիս ադրբեջանցիները 300 հազար հոգով գան Հայաստան, և եթե ժողովուրդը դրանից հետո էլ Նիկոլին քվե կտա, ուրեմն Աստված էս ժողովրդի հետ: Բայց ինքը պետք է ազնվորեն ասի, թե ինչ է անում: Այլ ոչ թե ասի` ես «անջատում հանուն փրկության եմ անում», Շուշին ու Հադրութը հետ եմ բերում, և հետո պարզվի, որ ընդհանրապես հայաթափվում է ամբողջ Արցախը, և ինքն էլ հրաժարվում է Արցախից»,- ամփոփեց Արա Պապյանը: 
 

Добавить комментарий

From the author