Բելառուսը զենք է մատակարարել Բաքվին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին․ «Politico»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Բելառուսը ժամանակակից սպառազինություն է մատակարարել Հայաստանի թշնամի Բաքվին (խմբ․), թեև Մինսկն ու Երևանը դաշնակիցներ են և միասին պատկանում են ՀԱՊԿ անվտանգության դաշինքին՝ Ռուսաստանի հովանու ներքո։ «News.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում կատարելով զենքի մատակարարումների մասին փաստաթղթերին։

Փաստաթղթերի մի խումբ նոր լույս է սփռում այս շաբաթ Հայաստանի որոշման վրա՝ հայտարարելու ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու մտադրության մասին։

Ավելի քան մեկ տասնյակ նամակներից, դիվանագիտական ​​նոտաներից, բեռնաթերթերից և արտահանման անձնագրերից բաղկացած փաստաթղթերի փաթեթը ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Բաքվի Հանրապետության (խմբ․) զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին։

Բաքվին առաջարկվող ծառայությունները ներառում էին հին հրետանային տեխնիկայի արդիականացում և էլեկտրոնային պատերազմի ու անօդաչու համակարգերի համար օգտագործվող նոր ռազմական տեխնիկայի տրամադրում։

Փաստաթղթերը ներառում են բելառուսական զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին՝ Բաքվին հրետանու թիրախավորման համար ժամանակակից սարքավորումների պատվերների մասին, ինչպես նաև երկու պետությունների նամակագրությունը «Գրոզա-Ս» շարժական հակաօդային սարքերի կայանքների գնման վերաբերյալ։

Պարբերականի վերանայած դիվանագիտական ​​ուղերձներից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Բաքվի Հանրապետության (խմբ․) ապաօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում»։

2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին հայկական տարածք՝ գրավելով կարևոր ռազմավարական բարձունքները։ Այնուհետ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին աջակցության համար, սակայն ավելի ուշ դաշինքին մեղադրեց իր պարտավորությունները չկատարելու մեջ այն բանից հետո, երբ վերջինս միայն առաջարկեց պատվիրակություն ուղարկել փաստերը պարզելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն թղթի վրա Հայաստանի դաշնակիցն է, նա նախկինում Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «մեր մարդը» և ասել, որ ՀԱՊԿ-ի կողմից նրան հակադրվելը «սխալ» կլինի։

Ալիևն իր հերթին 2022 թվականին հայտարարել է՝ «ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»։

Փորձագետների կարծիքով՝ Բելառուսը, որը Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության։

Добавить комментарий

From the author