785

Թբիլիսի-Մոսկվա «ակտիվ գործընթացների» մասին տեղեկատվությունը և Հայաստանը. ի՞նչ է կատարվում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը: 

- Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Թբիլիսին ու Մոսկվան աշխատանքներ են սկսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Ի՞նչ սպասել այս գործընթացից, և ի՞նչ ազդեցություն կունենա այն տարածաշրջանի վրա:  

- Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ «ակտիվ գործընթացների» մասին օրերս հայտնել էր վրացական ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը, սակայն այն շատ արագ հերքվեց ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմերից։ Տվյալ լրատվամիջոցը, այնուամենայնիվ, շարունակում է թեման շահարկել։ Այս պարագայում հարցն ավելի շատ ներքաղաքական է։

- Վերջին ամիսներին Վրաստանում լարված իրավիճակ է՝ պայմանավորված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմամբ: Որքանո՞վ սա կապ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ:                      

- Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց չի սկսել։ Ընդդիմությունը և հանրությունը, սակայն, համարում են, որ օրենքի ընդունումը ռուսական ազդեցության հետևանք է։ Լրատվամիջոցներում և հանրահավաքներին կիրառվում է «ռուսական օրենք» եզրը։

- Կարո՞ղ ենք ասել, որ գլոբալ առումով Վրաստանում տեղի ունեցողը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության դրսևորումներից է։     
 
- Առաջին հերթին սա Վրաստան-Արևմուտք առճակատում է։ Տարիներ շարունակ Վրաստանի և արևմտյան գործընկերների հարաբերությունները, փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ այլ ոլորտներում։ Վրաստանն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից հետո հարվածի տակ է դրել ինչպես Վրաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունները, այնպես էլ մի քանի ամիս առաջ ստացած ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակն ու եվրաատլանտյան հետագա ինտեգրացիան։ ԱՄՆ-ն արդեն սկսել է պատժամիջոցներ կիրառել իշխանության որոշ ներկայացուցիչների, նրանց ընտանիքների նկատմամբ, ինչպես նաև Պետդեպից հայտնել են, որ նախատեսում են վերանայել Վրաստանին հատկացվող ամենամյա ֆինանսական օժանդակությունը։ Իսկ այդ գումարը քիչ չէ՝ մոտ 390 մլն ԱՄՆ դոլար, որը հատկացվում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների, պաշտպանության ամրապնդման և այլ հարցերի համար։ 

- Ի՞նչ մարտահրավերներ են ստեղծվում Հայաստանի համար Վրաստանում տեղի ունեցող գործընթացների արդյունքում: 

- Վերջին տարիներին տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվել է՝ հաշվի առնելով Արցախում պատերազմը, հայաթափումը, ինչպես նաև Բաքվի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը։ Այս ամենը նկատի ունենալով՝ Հայաստանի հարևան երկրներում, այս պարագայում՝ Վրաստանում, ցանկացած լարված գործընթաց իր հետագա զարգացումներով կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար։ Այդ իսկ պատճառով Վրաստանում իրավիճակի կանխատեսելիությունն ու կայունությունը շատ կարևոր են նաև Հայաստանի և հայ-վրացական հետագա փոխգործակցության համար։ 

 

Добавить комментарий

From the author