detq

Իրանի և ՌԴ-ի ղեկավարները կարևորել են երկկողմ պայմանավորվածությունների իրագործումը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Մոհբերն ընդգծել են երկկողմ պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։

Մոհբերը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին և կառավարությանը Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ վշտակցություն հայտնելու համար։ Նա ընդգծել է, որ կողմերի օրակարգում երկկողմանի բոլոր համաձայնագրերի ամբողջական իրականացումն է, այդ թվում՝ առևտրի, բեռնափոխադրումների և էներգետիկայի ոլորտներում։

Իրանի նախագահի պաշտոնակատարն անդրադարձել է Թեհրան-Մոսկվա երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, հատկապես «Հյուսիս-հարավ» ճանապարհի, ԲՐԻԿՍ խմբի և ԵԱՏՄ շրջանակում` այս համատեքստում նշելով համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման կարևորությունը։

Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ՝ հավելելով, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակը գոհացուցիչ է։ Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների զարգացման արագությունը և երկու երկրների համագործակցության համապարփակ փաստաթուղթը հարաբերությունների զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեն։

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ դա  հարմար հիմք է  երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար։ Նա հավելել է, որ ապրանքների և էներգիայի փոխանակման ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրագործվեն։

Добавить комментарий

From the author