detq

Իրանը սեփական արտադրության տրանսպորտային ինքնաթիռ է փորձարկել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշթիանին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը փորձարկել են հայրենական արտադրության տրանսպորտային ինքնաթիռը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

«Օրերս փորձարկվել է «Սիմորգ» տրանսպորտային ինքնաթիռը, որը հավաքվել է Իրանի ինքնաթիռաշինական արդյունաբերական ընկերությունում։ Այդ ինքնաթիռի փորձարկումներն իրականացվում են Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աջակցությամբ, դրանից հետո «Սիմորգ» ինքնաթիռը կմիանա երկրի ավիապարկին»,- ասել է նա։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայումս հավաքվում է նաև այդ մոդելի երկրորդ ինքնաթիռը։ Նրա խոսքով՝ «Սիմորգ»-ի ստեղծման խնդիրը Պաշտպանության նախարարության առջև դրվել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից։

Աշթիանին հավելել է, որ ինքնաթիռի դետալների մի մասն արտադրվում է Իրանում, իսկ մյուս մասի ապահովման համար Թեհրանը համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների հետ։

Նշվում է, որ «Սիմորգ» տակտիկական տրանսպորտային ինքնաթիռը, որն ունի տուրբոպտուտակային շարժիչ, կարող է ապահովել 530 կմ/ժ արագություն, և այն նախագծված է մինչև 6 տոննա բեռների տեղափոխման համար։

 

 

Добавить комментарий

From the author