542

Արդեն խոսվում է 13 գյուղի մասին, Բաքուն ավելի է կոշտացնում իր պայմանները. քաղաքական վերլուծաբան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ժողովուրդը դիտարկում է հիմնականում անվտանգության տեսանկյունից, որովհետև ինքն այդ գործընթացի իրավական ընթացակարգերին ծանոթ չէ և խնդրին նայում է զուտ այն տեսանկյունից, թե դրանով իր անվտանգությունը կավելանա՞, թե՞ կպակասի: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերին Հայաստանի սահմանամերձ շրջաններ և այնտեղ ժողովրդի տրամադրություններին: 

Ըստ քաղաքական վերլուծաբանի` Փաշինյանի այդ այցերն ակնհայտորեն հանրաքվեի նախապատրաստություն են: «Ակնհայտորեն հանրաքվե լինելու է, ինչպես ես շատ անգամներ նշել եմ: Ամենայն հավանականությամբ, այն կլինի աշնանը, և իշխանությունը սկսել է նախապատրաստությունը: Ընթացակարգերի առումով գործընթացն ավարտել են, մնում է հանրային կարծիքը նախապատրաստեն, որ հանրաքվե անեն: 

Իմ պատկերացմամբ` եթե հանրային դժգոհության առիթը չհաջողվի մարել, այդ հանրաքվեն կլինի արտահերթ ընտրությունների հետ միասին, որովհետև այդ պարագայում հանրաքվեն հաստատ կկայանա: Եթե խորհրդարանական ընտրություններ չեղան, ես կասկածում եմ, որ հանրաքվեի մասնակցության թիվը կարողանան ապահովել, էլ չեմ ասում` անհրաժեշտ ձայների քանակը ստանան»,- նշեց մեր զրուցակիցը: 

Խոսելով «սրբազան շարժման» ներկայիս հանգրվանի մասին` Վարդան Բալյանը նկատեց, որ ինչպես իր նախորդ վերլուծություններում է ընդգծել, այս զարգացումներով և այս տրամաբանությամբ արդյունքի չեն հասնելու:

«Հիմա պնդում եմ նույնը և ավելին ասեմ, քանի որ ընդդիմությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է խորհրդարանում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և նոր վարչապետի ընտրություն, գործող ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուի առաջադրմամբ նույնիսկ այդ պարագայում բացառված է նոր վարչապետի ընտրությունը»,- ասաց նա` բացառելով նաև փողոցի միջոցով հնարավոր իշխանափոխությունը կամ իշխանության հանձնումը Փաշինյանի կողմից: 

Քաղաքական վերլուծաբանը մեզ հետ զրույցում նաև կարծիք հայտնեց, որ իշխանությանն այս պահին առավել ձեռնտու են արտահերթ ընտրությունները, քան ընդդիմությանը. «Ընդդիմադիր դաշտը, ըստ էության, ամայացած է: Այն մարդիկ, որ այս պահին խորհրդարանում են, նոր ընտրությունների պարագայում ձայների նույն տոկոսները չեն հավաքելու, դրա համար էլ մանդատները չեն ուզում դնել, քանի որ իրենք շատ լավ հասկանում են դա: Նոր ուժերն էլ կայացած չեն, ընտրություններին պատրաստ չեն: Արևմտամետ կուսակցությունների մեջ էլ, ըստ էության, էլեկտորալ ռեսուրսով կազմակերպված ուժ չունենք: Շատ թե քիչ այդ դաշտում «Ազգային բևեռն» է, սակայն վերջինս էլ պետք է ճիշտ գնահատի իրադրությունը, քանի որ այս օրերին ծավալվող շարժման հանգուցալուծման պարագայում, հնարավոր է, կորցնի որոշակի էլեկտորատ»:   

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից տարվող ակտիվ քարոզչությանը և դրա ազդեցությանը ՀՀ գործընթացների վրա՝ քաղաքական վերլուծաբանը նշեց. «Արդեն խոսվում է 13 գյուղի մասին, Բաքուն ավելի է կոշտացնում իր պայմանները, և ինչպես բազմիցս ասել եմ, Ալիևի վարչակազմը «խաղաղության պայմանագիր» կնքելու որևէ նպատակ չուներ և չունի, դա բացառված է: Ավելին՝ հիմա, երբ քննարկվում է արցախահայության վերադարձի խնդիրը, Բաքուն, որպես պատասխան, ՀՀ շրջաններ ադրբեջանական բնակչության վերադարձի պայման է դրել»: 

 

Добавить комментарий

From the author