85724

Ի՞նչ է ծրագրում Բաքուն՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելով

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Վերջին վեցը տարում Ադրբեջանում կարծես թե միայն արտահերթ ընտրություններ են: 2018-ի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահի հերթական ընտրությունն Ալիեւը առաջ բերեց վեց ամսով եւ անցկացրեց 2018-ի ապրիլին: Ի դեպ, այդտեղ ուշադրության է արժանի այն, որ փաստորեն Ալիեւը նախագահի ընտրությունը ժամանակային առումով հավասարեցրեց Հայաստանում ներքաղաքական հանգուցալուծման շրջանին, երբ Սերժ Սարգսյանն ավարտում էր նախագահական երկրորդ ժամկետն ու պետք է անցում կատարեր վարչապետի պաշտոնին:

Մյուս արտահերթ ընտրությունը Ադրբեջանն անցկացրեց 2020 թվականի փետրվարին՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն, որը հերթականը լինելու դեպքում պետք է տեղի ունենար 2020 թվականի նոյեմբերին: 

Իհարկե, հետահայաց ուշադրության արժանացնելով այդ հանգամանքը, մենք փաստորեն կարող ենք եզրակացնել, որ Ադրրբեջանը խորհրդարանի արտահերթ ընտրությունը 2020 թվականի նոյեմբերից առաջ բերելով տեղափոխեց փետրվար, որովհետեւ պլանավորել էր 44-օրյա պատերազմը:

Այդ դեպքում հարց կառաջանա, իսկ ի՞նչն էր պլանավորել Բաքուն, երբ 2018-ի հոկտեմբերին կայանալիք նախագահի հերթական ընտրությունը առաջ բերեց եւ անցկացրեց 2018-ի ապրիլին: Եթե 2020 թվականի նոյեմբերը Ալիեւն «ազատում» էր ընտրական պրոցեսից, ապա ինչի՞ համար էր ընտրական պրոցեսից «ազատում» 2018-ի հոկտեմբերը: 

Արդյո՞ք նա պատերազմ ծրագրել էր 2018-ի հոկտեմբերին, բայց ինչ-ինչ հանգամանքներ եղան խանգարող: Այդ ինչ-ինչ հանգամանքների մեջ կարո՞ղ էր լինել Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցածը: 

Այդ առնչությամբ ես իմ կարծիքն արտահայտել եմ մի քանի առիթով, որ ըստ իս, այո՝ Ալիեւը թերեւս դիտարկել էր պատերազմի սցենար 2018-ի աշնանը, բայց Հայաստանում տեղի ունեցածը որոշակիորեն ստեղծելով նոր իրավիճակ, առկախեց այն: Հետո արդեն ընտրական պրոցեսից «ազատվեց» 2020-ի աշունը: 

Մյուս արտահերթը դարձյալ նախագահի ընտրությունն էր: Ալիեւն այն անցկացրեց 2024 թվականի փետրվարին, այն դեպքում, երբ հերթական նախագահական ընտրությունը ծրագրված էր 2025-ի ապրիլին: Ըստ տարածված գնահատականի, Ալիեւը հերթականի փոխարեն անցկացրեց արտահերթ ընտրություն, քանի որ այդ պահին իրեն համարում էր «ձիու վրա» եւ փորձեց ավելորդ ժամանակ չձգել եւ քանի դեռ «տաք» էր այսպես ասած հաղթանակի պաթոսը՝ այն «ծեծել տաք-տաք»:

Եվ ահա, այժմ էլ Ադրբեջանը հայտարարում է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին: Դրա հերթականը պետք է անցկացվեր 2025 թվականի փետրվարին, սակայն դրա փոխարեն տեղի կունենա առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Բաքուն դա պատճառաբանում է նրանով, որ 2024 թվականի նոյեմբերին՝ երբ լրանում է գործող խորհրդարանի ժամկետն ու պետք է սկսի հերթական ընտրական գործընթացը, Ադրբեջանում Կլիմայի գագաթնաժողովն է եւ պետք է այսպես ասած հեռացող խորհրդարանի փոխարեն ունենալ լիարժեք գործող նորը: 

Թե ինչով է հեռացող խորհրդարանի հանգամանքը խանգարելու Կլիմայի գագաթնաժողովին, այն էլ Ադրբեջանի նման ավտորիտար-ամբողջատիրական երկրում, մնում է միայն «գուշակել»: Իսկ փաստն այն է, որ Ադրբեջանը փաստորեն նախագահի եւ հետո խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղափոխելով 2024 թվական, փաստորեն «ազատում» է 2025-ի առաջին երեք-չորս ամիսները ընտրական պրոցեսից»:

 

Добавить комментарий

From the author