5421

Բոլորն են ուզում «միջանցք» Սյունիքում, պայքարը նրա համար է, թե ով պետք է ստանձնի վերահսկողությունը. Գարիկ Քեռյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

- Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Բաքվի հետ սահմանազատման գործընթացի շրջանակում Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն լինի։ Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է` գա մի պահ, երբ Հայաստանն ու Բաքվի Հանրապետությունը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ 

- Սահմանազատման և սահմանագծման գործընթացում հնարավոր են փոփոխություններ այն քարտեզի համեմատ, որն ընդունվել է որպես սահմանների ճշտման հիմք: Եթե հիշում եք, երկար ժամանակ բավականին լուրջ, թաքուն, լատենտ գործընթացներ էին տեղի ունենում, և հանրությունը չէր կարողանում իմանալ, թե որ թվականի ինչ քարտեզով պետք է կատարվի սահմանների ճշտումը: Միայն Տավուշի դեպքերի հետ կապված եղավ պաշտոնական հայտարարություն, որ հիմք է ընդունվել 1976 թվականի քարտեզը, և Տավուշում սահմանների ճշտման հիմքում դրվեց այդ քարտեզը: Բայց մինչ այժմ պարզ չէ, թե սահմանազատվող մյուս հատվածներում է՞լ է օգտագործվելու 1976 թվականի քարտեզը, թե՞ փոփոխվելու է: Այս մասին ոչ մի հայտարարություն չկա, որովհետև սահմանների հետ ու առաջ տանելու գործընթացներ կան Սյունիքում` Բաքվի Հանրապետության (խմբ.) և Նախիջևանի հետ սահմանակից հատվածներում: Բացի դրանից` հատվածներ կան Ջերմուկում, որտեղ Բաքուն (խմբ.) բավականին առաջ է եկել, և դեռ հարց է` եթե 1976-ի քարտեզն ընդունվի, վերջինս պարտավորություն կստանձնի՞ հետ գնալու: Մյուս կողմից` ի՞նչ ճակատագիր են ունենալու Տավուշի անկլավները, Տիգրանաշենը և Արծվաշենը: Այստեղ քանի որ պաշտոնական պարզաբանում չկա, որ նույն քարտեզը մյուս տեղերում էլ է կիրառվելու, ես ենթադրում եմ, որ տեղի են ունենալու տարածքային որոշակի փոխանակումներ, ասենք` եթե Բաքուն իր առաջ եկած տեղից հետ չի գնում, իսկ իրենք ասել են, թե իրենց դիրքերը չեն զիջելու, գուցե հայկական կողմին հաջողվի՞ դրա փոխարեն ինչ-որ այլ հատվածներում համապատասխան չափի տարածք ստանալ: Դժվար է ասել: Բայց քանի որ տարածքների փոխանակումը Սահմանադրությամբ կարող է տեղի ունենալ միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով, Փաշինյանն ակնարկեց այդ մասին Սյունիք այցի ժամանակ: 

Այնպես որ պետք է սպասենք, տեսնենք` արդյոք Բաքվի Հանրապետությունը (խմբ.) հետ է տալիս Հայաստանին այն, ինչը 1976-ի քարտեզով Հայաստանի մաս  է կազմել, կամ եթե չի տալիս, ինչպե՞ս է դա բացատրում, կամ գուցե արդյոք եղել է չբացահայտված համաձայնություն տարածքների փոխանակման մասին, որից հանրությունը տեղյակ չէ: 

- Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ ադրբեջանական զորքերի հետքաշման կամ տարածքների փոխանակման հարցում, իրատեսակա՞ն է դառնում էսկալացիայի վտանգը: Հիշեցնեմ նաև, որ օրերս ԱԳՆ-ի կողմից հայտարարության մեջ էլ ակնարկ կար, թե աշնանը Բաքուն կարող է էսկալացիա ձեռնարկել: 

- Սահմանների ճշտման գործընթացը մեզ մոտ հակառակ սկսվեց: Նորմալ տրամաբանությամբ ինչպե՞ս պետք է լիներ այդ գործընթացը: Քայլ առաջին` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև, պետության և տարածքային ամբողջականության ճանաչում: Այդ քայլը չարվեց: Հայաստանն ու Բաքվի Հանրապետությունը (խմբ.) չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ միջազգային իրավունքով դա անուղղակիորեն նշանակում է, որ մի պետությունը մյուսի գոյությունը հարցականի տակ է դնում: Ինձ անհանգստանցում է այն հանգամանքը, որ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով` Բաքուն շատ արագ տեմպերով առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը նշանակում է, որ Բաքուն չի ընդունում հայկական պետության գոյությունը: Բացահայտ չեն ասում, բայց եթե այդպիսի մեծ քարոզչություն են տանում, ուրեմն դա պետք է հասկանալ նրանց գործողություններից: Այդտեղ մեծ տաղանդ պետք չի` ըմբռնելու Բաքվի շարժառիթները: 

Երկրորդ քայլը պետք է լիներ երկու պետությունների միջև «խաղաղության պայմանագիրը», որով պետք է վերջ դրվեր 1988 թվականից սկսված այդ պատերազմական ու կիսապատերազմական վիճակին, որովհետև, ըստ էության, Հայաստանը դե ֆակտո կիսապատերազմական վիճակում է արդեն ավելի քան 30 տարի, և ինչպես Դուք հիշեցրիք ԱԳՆ հայտարարությունը, ամեն դեպքում մենք չենք բացառում նոր պատերազմը:

Երրորդ քայլը պետք է լիներ բանակցությունները սահմանների ճշտման իրավական հիմքի, մեթոդաբանության մասին: Չորրորդ քայլով նոր պետք է կազմվեր սահմանների ճշտման հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով, որը պետք  է սկսեր իր գործը սահմանի որևէ հատվածից: Բոլորս կարծում էինք, որ սահմանազատումը սկսվելու էր Սյունիքից, բայց հանկարծակի դա սկսվեց Տավուշից: Փաստացիորեն, միանգամից սկսվեց 4-րդ քայլից, և քանի որ նախորդ քայլերը բաց են մնացել, և կոնֆլիկտայնությունը Սյունիքում, Գեղարքունիքում ու Նախիջևանի հատվածում առավել սուր բնույթ է կրում, այս ամենը, իհարկե, մեծ անհանգստություն է առաջացնում: 

- Որքանո՞վ են այս գործընթացի վրա ազդում դրսի խաղացողները, ուժային կենտրոնները: 

- Այստեղ նշված բոլոր խնդիրներին գումարվում են նաև տարածաշրջանի և ուժային կենտրոնների մեծ հետաքրքրությունն ու պայքարի սրումը հատկապես Նախիջևան-Բաքվի Հանրապետություն (խմբ.) կապուղիների վերահսկման շուրջ: Ըստ էության, բոլորն էլ կողմ են, որ այդ «միջանցքը» տրվի, պայքարը գնում է զուտ վերահսկողության համար, իսկ Հայաստանը, անկախ այդ իրողություններից, վերացականորեն հայտարարում է, թե «միջանցք» չի տալու, թե ինչպե՞ս չի տալու, ես չեմ պատկերացնում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ դիվանագիտությունը կարող էր այստեղ մանևրել` ժամանակին «միջանցք միջանցքի դիմաց» պայմանագրով կարելի էր պահել Լաչինի «միջանցքը» և կանխել Արցախի հայաթափումը: Սակայն հայկական դիվանագիտությունը նախաձեռնող չէ, գնում է ոչ թե առջևից, այլ իրադարձությունների տեղի ունենալուց հետո սկսում է արձանագրել դրանք և դրանց շուրջ դիսկուրս ծավալել, որը, ըստ էության, «պարապ ժամանակվա խաղալիք է»: 

- Այսինքն` նաև միջազգային իրադրությունի՞ց է կախված լինելու, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի Սյունիքում: 

- Այո', հատկապես մինչև նոյեմբեր մենք պետք է շատ ուշադիր հետևենք, ասենք, ուկրաինական ճակատի իրադարձություններին, որովհետև դրա ընթացքից ու ելքից է կախված, թե ինչպիսի ռեսուրսներով Ռուսաստանը կվերականգնի իր ազդեցությունը տարածաշրջանում և արդյոք կվերականգնի՞, թե՞ ոչ: Եթե չկարողացավ, այստեղ ամեն ինչ գնալու է հավաքական Արևմուտքի Վաշինգտոն-Բրյուսել համաձայնության սցենարով: 

- Իսկ այդ սցենարը ենթադրում է «միջանցքի» ստեղծո՞ւմ Սյունիքի տարածքում: 

- Այո', չկա որևէ երկիր, որ ասի` միջանցք չպետք է լինի, և անգամ ծիծաղելի է, երբ Հայաստանում պնդում են, որ չի լինելու: Միայն Իրանն է որոշ չափով ընդդիմանում դրան, սակայն նա էլ դեմ չէ, պարզապես ուզում է այդ «միջանցքն» իր տարածքով անցնի, որ ինքը վերահսկի, իսկ մնացած բոլորը կողմ են, որովհետև դա իրենց համար օգուտներ կարող  է բերել, հետևաբար ներկայումս պայքար է գնում այդ «միջանցքի» վերահսկողության համար: 

Добавить комментарий

From the author