դետք

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիան շարունակում է համառել. Ռուբեն Սաֆրաստյան

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիան շարունակում է համառել` փորձելով միակողմանի զիջումներ կորզել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, չնայած ճնշումներին` Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ ոչ կառուցողական քաղաքականություն վարել: Մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացումը, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության փոփոխմանը:

«Միացյալ Նահանգները միշտ էլ հայտարարել է, որ Թուրքիան պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Այնպես որ, այդ հայտարարությունները չեն նշանակում, որ ինչ-որ նոր երանգներ կան ԱՄՆ-ի քաղաքականության մեջ»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը, նշանակման դեպքում, կշարունակի ԱՄՆ-ի քաղաքականությունը` ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում դեսպան նշանակվելու դեպքում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում արձանագրել շոշափելի արդյունքներ` հաշվի առնելով թեկնածուի այն հայտարարությունը, որ աշխատելու է նաև Անկարայում ԱՄՆ դեսպանատան հետ` կողմերի միջև վստահության կառուցման ուղղությամբ ոչ միայն երկրների ղեկավարների, այլև սովորական քաղաքացիների մակարդակով, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ դա Թուրքիայից է կախված:

«Պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան ինքն է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում: Չնայած ճնշումներին` ինքն է որոշում կայացնում, և դեռևս շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Добавить комментарий

From the author