9856

«Միջանցքի» թեման լուրջ սպառնալիք է լինելու պատերազմի տեսքով` Հայաստանի գլխին կախված. ադրբեջանագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Սյունիքում «միջանցք» ստանալու թեման երբևէ սպառված չի եղել Բաքվի համար, պարզապես Հայաստանում դա փորձել են ծածկել տարբեր մանիպուլյացիաներով: Ցավալիորեն, մեր հասարակությունը ծանոթ չէ խնդրին ամբողջապես, և որպես առաջին աղբյուրից եկող տեղեկություն է ընկալում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը

«Ադրբեջանական տեղեկատվական դաշտում պարբերաբար ակտիվ է եղել «Զանգեզուրի միջանցքի» թեման, հատկապես վերջին ժամանակաշրջանում հրապարակվել են տարբեր լուսանկարներ, որոնք փաստում են, որ Հորադիզ-Աղբանդ երկաթուղու կառուցման աշխատանքների 56%-ն ավարտվել է, իսկ այդ երկաթգիծը նրանք համարում են «Զանգեզուրի միջանցքի» մի մաս: Այսինքն՝ այն չի կառուցվում, ինչպես ժողովրդական խոսքով կասեին, մեր սիրուն աչքերի համար, այլ կառուցվում է հստակ քաղաքական նպատակներով: 

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ես կարծում եմ, որ «միջանցքի» թեման լուրջ սպառնալիք է լինելու պատերազմի տեսքով` Հայաստանի գլխին կախված: Այսինքն՝ լինելու է նույն ցիկլը` սկզբում մանիպուլյացիա, հետո հարձակում, հետո ստանում են այն, ինչ ուզում են: 

Փաստացի, Տավուշի խնդիրը կարելի է կապել միանգամից «Զանգեզուրի միջանցքի» հետ: Ես մի սցենար ասեմ, որը շատ հավանական եմ համարում. Տավուշով անցնող ճանապարհները նրանք կարգելափակեն, գուցե նաև ռմբակոծեն, Բաքուն կպահանջի, որ եթե դեպի Վրաստան ճանապարհ եք ուզում, տվեք մեզ «Զանգեզուրի միջանցքը»: Հերթական մանիպուլյացիան կգործադրվի, որին կարող են հետևել նաև այլ գործողություններ: 

Ադրբեջանական կողմը հստակ քաղաքականություն է վարում` ճնշել, հարձակվել և ստանալ այն, ինչ իրենք ցանկանում են: Հայկական կողմն էլ դա անում է, Տավուշում տարածքների հանձնումը մեզ վառ օրինակ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Բաքվում պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անել, արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի դեմ նախապատրաստվող ինչ-որ գործողություններով, Գառնիկ Դավթյանը նշեց. «Ինչ վերաբերում է առհասարակ խորհրդարանական ընտրություններին, սա պետք է դիտարկել Բաքվի ներքաղաքական դաշտն ավելի ամրացնելու և հնարավոր ռիսկերը չեզոքացնելու տեսանկյունից: Բացի դրանից՝ գիտենք, որ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ ևս անցկացվեցին ընտրություններ, և այդ մասով կա կոնկրետ քաղաքականության շարունակության նպատակ, այսինքն՝ անցկացնել ընտրություններ այդ տարածքում և ունենալ, այսպես ասած, թեկնածուներ: 

Ինչ վերաբերում է այդ ընտրությունների անցկացմանը և հնարավոր էսկալացիայի միջև կապին, ես այդ կապը չեմ տեսնում: Այդ մանիպուլյացիան քաղաքական դաշտում շատ հաճախ իշխանամերձ շրջանակները քննարկում են, և դա կապված է հիմնականում Հայաստանի հասարակությանն ահաբեկելու հետ, այդտեղ չկա տրամաբանություն: Յուրաքանչյուր պետության ընտրություններ բխում են առաջին հերթին այդ պետության խնդիրները կարգավորելու շահերից, այսինքն՝ տրամաբանական չեմ համարում դա դիտարկելը որպես սպառնալիք հարևան պետության նկատմամբ: Այդպիսի տեղեկատվական հոսքերով փորձում են հասարակությանն ահաբեկել, որ աշնանը կարողանան նոր զիջումների գնալ»:  
 

 

Добавить комментарий

From the author