hsusj

Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել ադրբեջանական պետական լրատվական գործակալությանը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Հունիսի 26-ին՝ Զինված ուժերի օրվան ընդառաջ, Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել ադրբեջանական AZERTAC պետական լրատվական գործակալությանը և AzTV-ին։

Հարցազրույցը սկսվել է 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին իրականացրած ահաբեկչության մասին հարցերից․ «Այս տեսանկյունից շատ կարևոր են մեր երկրի պաշտպանունակությունը, մարտունակությունը և սպառնալիքներին դիմակայելու կարողությունը։ Ինձ թվում է` պատահական չէ, որ այժմ Ամերիկայի և Եվրոպայի տարբեր երկրների ամենաառաջադեմ զորավարժարաններում խոսվում է ադրբեջանական բանակի քաջության մասին, ուսումնասիրվում են նրա ավանդույթն ու փորձը։ ․․․Մենք մեր փորձը կիսում ենք դաշնակից երկրների հետ, և այս ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Սրա հետ մեկտեղ ուզում եմ հատուկ նշել, որ նախագահը (Ալիևը - խմբ․) երբ սկսեց բարեփոխումներն ադրբեջանական բանակում, իր առջև դրեց կոնկրետ խնդիրներ՝ կառուցել ժամանակակից, պրոֆեսիոնալ բանակ, զինվել ամենաարդիական զենք ու տեխնիկայով»։

Ակնայի ուղղության մասին խոսելիս նա նշել է․ «Մեր հաշվարկներով հայկական զինված ուժերի մի մեծ խումբ է շրջապատված եղել՝ շուրջ 15-18 հազար անձնակազմ։ Այս գործողությունն ավարտելու համար մենք մեր թնդանոթներն ու հրթիռային համակարգերը հավաքել էինք պաշարված զորամասերի շուրջը և արդեն սկսում էինք դրանց վնասազերծման միջոցառումները։ Սա էր պատճառներից մեկը, որ Հայաստանը արագ ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»։

Ռազմական համագործակցության մասին

Հասանովը ռազմական համագործակցության մեջ առաջին հերթին նշել է Թուրքիայի անունը` մեջբերելով «մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք» կարգախոսը։ Ըստ նրա` իրենց առաջնահերթություններից մեկն այս պահին ժամանակակից զենքով, տեխնիկայով և զինամթերքով զինվելն է, որի համար կօգտագործեն Թուրքիայի հնարավորությունները և համատեղ արտադրություն կիրականացնեն։

Հասանովը զերծ չի մնացել սպառնալիք պարունակող հայտարարություններից․ «Միաժամանակ ուզում եմ նշել, որ Ալիևն իր ելույթներում հայտնել է, որ եթե Բաքվին (խմբ.) սպառնացող վտանգ լինի, մենք մեր միջոցները կձեռնարկենք։ Նա բազմիցս ասել է, որ ոչ միայն Հայաստանը, այլև որևէ երկիր չի կարող սպառնալ Բաքվին (խմբ.), ոչ մի երկիր չի կարող սպառնալից լեզվով խոսել Բաքվի (խմբ.) հետ»։ 

Թշնամի պետության ներկայացուցչի այս հայտարարություններն ապացույցն են այն բանի, որ նրանց առաջնահերթություններից մեկը ռազմական ոլորտում սեփական արտադրություն ունենալն է, Թուրքիայի հետ դաշնակցելն է, զինված բանակ ստեղծելն է։ Սա փաստում է, որ խաղաղության պատկերացումներն իրական խաղաղության հետ որևէ առնչություն չունեն, իսկ խաղաղության պայմանագիրը հարմար առիթ է զինվելու և ռազմական գործողությունների դիմելու համար։ 

 

 

Добавить комментарий

From the author