dera

Իրանի նախագահական ընտրապայքարում նախնական տվյալներով առաջատար է թյուրքախոս թեկնածուն. սպասվում է 2-րդ փուլ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է բարեփոխական թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը։ Ըստ «‎Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանը ավելի քան 18 մլն ձայների հաշվարկի արդյունքներով առաջ է անցել իր պահպանողական մրցակիցներից։ Ընդհանուր առմամբ Փեզեշքիանը ստացել է 8․302․577 ձայն, պահպանողականներ Սայիդ Ջալիլին՝ 7․189․756, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 2․676․512, իսկ Մուստաֆա Փուրմոհամմադին՝ 158․314։

Նշենք՝ չնայած ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն այս պահի դրությամբ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի ենթադրվում է, որ Իրանի նախագահի ընտրությունը կտեղափոխվի 2-րդ փուլ։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին, որտեղ կպայքարեն Մասուդ Փեզեշքիանը և Սայիդ Ջալիլին։

Բարեփոխական Փեզեշքիանը ավելի մեղմ մոտեցում ունի Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում և ընտրվելու դեպքում խոսք է տվել վերականգնել Իրանի միջուկային գործարքը և «բացել» Իրանն աշխարհի առաջ։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են երեկ՝ հունիսի 28-ին։ Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին, իսկ քվեարկությունը շարունակվել է մինչև 00։00-ն։ Արտահերթ ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Իրանի նախագահական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել էր։

Добавить комментарий

From the author