2

«Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն արձագանքում Ալիևին, հա՞շտ են նրա դիրքորոշման հետ, թե՞ եթե արձագանքեն, կպարզվի՝ խաղաղության օրակարգ չկա»․ «Առավոտ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

-Շուշիում անցկացված մեդիա համաժողովի ընթացքում Ալիեւը դարձյալ տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին՝ խոսելով այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին։ Ի՞նչ ծրագիր է սա եւ ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար։

-Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի ղեկավարն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» կոչել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթում, որովհետեւ դրան նախորդել էին Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղը եւ ՀՀ որոշ հատվածներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունները։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարը մեր պետության տարածքը սկսեց կոչել «Արեւմտյան Ադրբեջան»։

Դրան հաջորդեցին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների երկու նամակները ՄԱԿ՝ 2023 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին, որտեղ հստակ նշվում էր այդ ծրագիրը։ Այսինքն՝ իրենք միջազգային հանրությանը կոնցեպտուալ ներկայացնում էին, թե ինչպես են պատկերացնում այդ ամենը։ Ներկայացնում էին, որ «հայերն իրենց դեմ իրականացրել են ցեղասպանություն, իրենք իրենց պատմական հողերից հեռացել են եւ պետք է վերադառնան, վերականգնեն իրենց իրավունքները»։

Նաեւ ասել են՝ քանի որ հայերի հանդեպ վստահություն չկա, իրենք պետք է Հայաստանում ունենան սեփական զինված ուժեր, որը կպաշտպանի իրենց։

Այդ կոնցեպտը հստակ է, ադրբեջանական ամբողջ քարոզչադաշտը լծվեց դա ներկայացնելուն, արդեն տեւական ժամանակ է՝ կա հեռուստաընկերություն, այլ ալիքներով հատուկ հաղորդումներ կան այդ թեզին նվիրված, եւ ամբողջ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների «պատմական հող»։ Եվ այդ տրամաբանության մեջ հայերը ներկայացվում են որպես «ցեղասպան» ժողովուրդ, որոնք «եկվոր» են, եկել են, այդ հողերին տիրացել են եւ ադրբեջանցիներին քշել են այս տարածքներից։

Դրան զուգահեռ գնում է հայկական ինքնության յուրացման քարոզչություն․ երբ իրենք հայ թագավորներին եւ նախարարաց տների տարբեր ներկայացուցիչների փորձում են իրենց եթերներով ներկայացնել որպես թուրքեր, դա հենց այդ նպատակն է հետապնդում՝ ամբողջ հայկական ինքնության եւ հայկական պետության յուրացման հստակ ծրագիր է դրված այս ամենի հիմքում, որն Ադրբեջանը հետեւողական իրականացնում է։

Այստեղ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հայկական կողմի անարձագանք քաղաքականության հետեւանքով սա Ադրբեջանն արդեն հանգիստ ներկայացնում է միջազգային հանրությանը։ Այնպես չէ, որ ինքն իր ներքին լսարանի համար է սա անում, այս մասին խոսում են նաեւ դիվանագետների հետ հանդիպումների շրջանակներում։

-Պետական մակարդակով ի՞նչ հակազդեցություն պետք է լինի այս քաղաքականությանը, եւ ինչո՞ւ չկա այդ հակազդեցությունը։

-Հակազդեցությունը պետք է լիներ տարիներ առաջ։ Ես կարծում եմ, որ այս թեզը կարելի է Ալիեւի համար դարձնել գլխացավանք, որովհետեւ հենց այնպես ուրիշ պետության տարածքը համարել քո տարածք ու շարունակել այդ քաղաքականությունը, միջազգային ընկալումներում դա աներեւակայելի բան է։ Հայաստանը պետք է այնքան խոսեր եւ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական մեթոդներով մատնանշեր այս հանգամանքը, որ Ադրբեջանը նույնիսկ չհամարձակվեր այդ թեզը դնել շրջանառության մեջ։

Այստեղ մեկ այլ խնդիր է, որ ինքը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, շատերը դրա վրա են ֆիքսվել, բայց հատկանշական է այն, որ քո պետության տարածքը անվանում են իրենցը։ Սրանից ակնհայտ է, որ ինքն ունի երկարաժամկետ զավթողական նկրտումներ։ Եվ այդ ամենը մնում է անարձագանք, Ալիեւը երեք ու կես ժամանոց հարցուպատասխանի ժամանակ  բազմաթիվ նման արտահայտություններ է անում, բայց Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում։ Մինչդեռ, այդ հարցուպատասխանը միջազգային լրագրողների ներկայությամբ էր։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները հա՞շտ են այդ դիրքորոշման հետ կամ նորմա՞լ են համարում նման ելույթը։ Թե՞ ուղղակի չեն արձագանքում, որովհետեւ եթե արձագանքեն, կպարզվի, որ խաղաղության օրակարգ չկա, եւ Ադրբեջանը կարծես թե բոլորովին այլ ուղղությամբ է գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

From the author