652

Բաքուն հայ ժողովրդի գլխին է ջարդելու այն, ինչ տարիներով արվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ ապահովելով մի քանի մարդու գերշահույթը. Հակոբ Սանասարյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: 

- 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարով ավարտվեց 44-օրյա պատերազմի ռազմական ակտիվ փուլը, սակայն Բաքուն շարունակում է այսպես կոչված հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին Բաքվի թիրախը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն է: Ամիսներ առաջ եղավ հայտարարություն, որ Բաքվում պատրաստում են ՀՀ հանքերի քարտեզը, որտեղ նաև ներկայացվելու է էկոլոգիայի վրա դրանց ազդեցությունը: Այդ փաստաթուղթը նրանք պատրաստվում են ներկայացնել Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին(COP29): Ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի համար, և ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղությամբ:

- Եթե հիշենք Արցախի հայաթափման օրինակը, թե ինչպես Բաքուն կարողացավ իբրև էկոլոգիական խնդիրների ու էկոլոգիական անվտանգության անվան տակ մարդկանց շրջափակման մեջ պահել և վերջում էլ քշել իրենց երկրից, ապա պարզ է դառնում նրանց քաղաքականության վտանգավորությունը: Նրանք գտել են ճանապարհը` հիբրիդային պատերազմ: Դա Հայաստանին վարկաբեկելու ամենահստակ ճանապարհն է:  

Հայաստանի փորձագետները տարիներ շարունակ մանրակրկիտ ուսումնասիրել և ներկայացրել են հանքարդյունաբերության վտանգների մասին զեկույցներ` և' գրավոր, և' բանավոր, և նրանք դա արել են հայրենիքը վտանգածին երևույթներից հեռու պահելու համար: Սակայն հիմա այդ ամբողջ տեղեկատվությունը դառնալու է զենք ադրբեջանցիների ձեռքին, որպեսզի Հայաստանը աշխարհով մեկ վարկաբեկեն: 1992 թվականի «Կայուն զարգացում» հայեցակարգում, օրինակ, նշվում է, որ ժողովուրդների մեջ կան էկոլոգիապես նախընտրելիներ կամ ոչ նախընտրելիներ: Այս կոնտեքստում ադրբեջանցիների արածը շատ նուրբ ու վտանգավոր գործ է, քանի որ կարող է ուղղակիորեն ազդել Հայաստանի վրա, վարկաբեկել մեզ:  

- Էկոլոգիական շատ ավելի մեծ խնդիրներ կան նաև Բաքվի Հանրապետությունում` հաշվի առնելով, որ այն նավթ և գազ արդյունահանող երկիր է: Միայն Կասպից ծովի ավազանն արդեն էկոլոգիական խնդիրների մի ամբողջական համախումբ է: Արդյո՞ք մենք էլ փորձում ենք իրենց խնդիրներն օգտագործել իրենց դեմ, թշնամուն պատասխանել իր ձևով:

- Ես վստահ եմ, որ մենք դա չենք անի, որովհետև այն եռանդը և ձգտումը, որ Բաքվի իշխանությունն ու ժողովուրդն են ներդնում Հայաստանի դեմ պայքարում, Հայաստանում չկան: Մենք դա չենք անելու, որովհետև դա անելու համար պետք է պետական հովանավորչություն: Մի օրինակ բերեմ: Տարիներ առաջ Բեռլինում մի միջոցառման ժամանակ ես զրուցում էի ադրբեջանցի էկոլոգի հետ, կարևոր խնդիրների մասին էինք խոսում, և վերջում ես իրեն տվեցի իմ այցեքարտը: Այդ մարդը ևս հանեց իր այցեքարտը և երկար մտածելուց հետո ասաց` ի՞նչ եք կարծում, որ այցետոմսս Ձեզ տամ, հնարավո՞ր է հետո խնդիրներ լինեն: Այսինքն` նրանք  նախապատրաստված են, պետությունը հսկում է նրանց աշխատանքը, ինչը այստեղ բացակայում է: 

- Դուք նշեցիք, որ Բաքվի Հանրապետությունը, ներկայացնելով ՀՀ հանքարդյունաբերության խնդիրները, վարկաբեկելու է մեզ: Գործնականում դա ինչպե՞ս է ազդելու տվյալ ոլորտի և ընդհանրապես մեր պետության վրա: 

- Նախ սկսեմ նրանից, թե ինչ է նշանակում ընդհանրապես հանքարդյունաբերությունը դարձնել գերակա ճյուղ, երբ նույնիսկ արդյունաբերությունը չպետք է լինի գերակա, այլ, ասենք, գյուղատնտեսությունը: Հիմա Հայաստանում մեռյալ է Ողջի գետը` տարեկան ավելի քան 300 մլրդ խորանարդ մետր հոսքով, մեռյալ են Շնող գետը իր վտակներով, Արծվանիկ գետը իր վտակներով: Իսկ այսօր Մեղրիի բնակչությունը ոռոգման նպատակով օգտագործում է Մեղրի գետի ջուրը, որը թունավորված է հանքերի թափոններով: Վստահ եմ` տեղյակ եք, թե ծանր մետաղներն ինչ աղետալի ազդեցություն ունեն, և նաև տեղյակ եք, որ Հայաստանի հանքերը հիմնականում բազմամետաղ են և պարունակում են ռադիոակտիվ տարրեր: Այս ավերածությունների պարագայում ի՞նչ են արել` գերակա ճյուղ են դարձրել հանքարդյունաբերությունը, հանել են հարկային դաշտից: Հանքարդյունաբերության թափոնները չեն հարկվում, և քանի որ պոչհանքը ամենավտանգավոր թափոնն է, գրել են որպես տեխնածին հանք, իսկ մնացածը գրել են որպես լցակույտեր, և դրանք` միլիարդավոր տոննաներով: Եվ այս ամենը փաստորեն Բաքուն կոտրելու է հայ ժողովրդի գլխին, միայն նրա համար, որ մի քանի մարդ գերշահույթ ստանա: 

Իհարկե, լինելու են քաղաքական վնասներ: Առաջինը այն կլինի, որ հայ ժողովուրդը համարվելու է էկոլոգիապես ոչ նախընտրելի, վտանգավոր կամ, այսպես ասած, էկոցիդ առաջացնող ժողովուրդ: Սա կարող է որպես պիտակ կպչել հայ ժողովրդի ճակատին, ես ավելի շատ դրանից եմ վախենում: Վարկաբեկման ավելի հզոր զենք ես չեմ տեսնում: 

Դրա հետևանքն էլ լինելու է, օրինակ այն, որ օտար ժողովուրդները սկսելու են ավելի հանգիստ և մեղմ վերաբերվել Հայոց ցեղասպանության կամ Բաքվի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության խնդրին: Այսինքն` հոգեբանական մեծ ազդեցություն է լինելու: 

- Եթե ՀՀ իշխանությունները չեն համակարգում այս աշխատանքները, արդյոք դա փորձո՞ւմ են անել հասարակական կազմակերպությունները:  

- Իհարկե, հասարակական կազմակերպությունները պետք է պայքարեն և պայքարում են, սակայն Հայաստանի այսօրվա կառավարությունը որևէ կերպ չի հովանավորում այդ գործընթացները: ՀԿ-ները կարող են արդյունավետ գործել միայն այն դեպքում, երբ կոշտ դիվանագիտությունն արդեն իրականացված է: Նրանք չեն կարող պետական գործառույթներ իրականացնել: 
 

Добавить комментарий

From the author