Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է․ միակ պակասող բանը քաղաքական կամքն է. Կլաար

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, վերջնագծին հասնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Jam.news»-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վերջնական համաձայնությունը հասանելի հեռավորության վրա է:

«Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդներն էլ այս տեսակետն ունեն և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը։

Միաժամանակ նա նշել է, որ գործընթացը դեռևս փխրուն է․ «Դրա ապացույցներից է այն, որ Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողացել հանդիպել»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակի նոր հանդիպումներին՝ Կլաարը նշել է՝ ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի ու նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

«Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,- ասել է Կլաարը։

Ըստ նրա՝ երբեմն այս համատեքստում բարձրացվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Կլաարը շեշտել է՝ իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

Նրա կարծիքով՝ նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման արդյունք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:

Добавить комментарий

From the author