detq

Իրանը հերքում է երկրի արևմտյան մասը ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին տեղեկությունները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի տնօրեն Սայիդ Չալանդարին հերքել է այն տեղեկությունները, որ Թեհրանը պատրաստվում է երկրի արևմտյան մասը ոչ թռիչքային գոտի հայտարարել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Չալանդարին հայտարարել է, որ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից Արևմտյան Իրանի թռիչքների անվտանգության նախազգուշացում տրամադրելու մասին տեղեկությունը պարզապես լրատվամիջոցների կատարած շահարկում է։ Նրա խոսքով՝ նման նախազգուշացում չի եղել` այդկերպ կտրականապես հերքելով Իրանում ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին լուրը։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ երկրի արևմտյան հատվածը հայտարարվել է ոչ թռիչքային գոտի։

Добавить комментарий

From the author