hsus

Ադրբեջանցի փորձագետի մեկնաբանությունը Ադրբեջանի սահմանների մոտ Իրանի ՌԾՈՒ զորավարժությունների մասին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանին սահմանակից հյուսիսային տարածքում։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է «Mehr» գործակալությունը։ Աղբյուրը, վկայակոչելով տեղի պաշտոնյային, նշել է, որ զորավարժությունների նպատակը բանակի ռազմածովային ուժերի պաշտպանական պատրաստվածության ամրապնդումն է։

Զորավարժությունները տեղի են ունենում որպես պատասխան Իսրայելին՝ Թեհրանի հայտարարությունների ֆոնին, ավելին` սա Իրանի երկրորդ զորավարժությունն է վերջին երեք-չորս օրվա ընթացքում։

Հուլիսի 31-ին Թեհրանում սպանվեց ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական համարվող ՀԱՄԱՍ արմատական ​​խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Թեև Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրեցին Իսրայելին, Թել Ավիվն ուղղակի պատասխանատվություն չստանձնեց:

Նախորդ տարիներին Ադրբեջանի հետ սահմանին Իրանի անցկացրած զորավարժությունները Բաքվում քննադատությունների են արժանացել ինչպես նախագահի, այնպես էլ խորհրդարանի որոշ պատգամավորների մակարդակով, քանի որ դրանք համարվել են սպառնալիք Ադրբեջանի համար։ Փոխարենը Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել` այդ զորավարժությունները համաձայնեցվա՞ծ են հարևան Բաքվի հետ, թե ոչ, հակառակ պարագայում արդյոք դրանք վտանգ են ներկայացնում։ Նախարարությունից հայտնել են, որ հայտարարություն լինելու դեպքում կհրապարակեն։

«Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն «Ազատություն» (ադրբեջանական «Ազադլըգ» - խմբ.) ռադիոկայանին հայտնել է, որ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահից հետո Իրանում կրկին ավելացել են պահպանողականնների կոչերը. «Նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետք է համաձայնի նրանց կոչերին։ Նա նույնիսկ ասել է, որ եթե Իրանը չկարողանա ուղղակիորեն հարվածել Իսրայելին, ապա պետք է հարված հասցնի տարածաշրջանի իր գործընկերների կենտրոններին»։

Ըստ Շահինօղլուի՝ Ադրբեջանի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելը տհաճ ժեստ է։

«Իրանը երբեք զորավարժություններ չէր անցկացնի, երբ Ադրբեջանի հողերը օկուպացված էին (նկատի ունի Ադրբեջանի սահմանին - խմբ.): 2020 թվականից Իրանը մի քանի զորավարժություն է անցկացրել մեր սահմանների մոտ։ Հիմա փորձում են ահաբեկել Ադրբեջանին»,- նշել է նա։

Ըստ փորձագետի` Ռուսաստանի և Իրանի նման երկրների հետ հարաբերություններում սողանցքներ չպետք է լինեն. «Հակառակ դեպքում նրանք մեր լռությունը կգնահատեն որպես թուլություն և  կհարձակվեն մեզ վրա, դրա համար էլ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները պետք է համարժեք արձագանքեն։ Երկրորդ՝ ոչ մեկին արգելված չէ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանին, մենք կարող ենք անգամ ռազմական վարժանքներ անցկացնել Թուրքիայի հետ»։

Շահինօղլուն ընդգծել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական դաշինքի անհրաժեշտությունը՝ վկայակոչելով այն փաստը, որ մերձավորարևելյան իրադարձություններն ու ռուս-ուկրաինական պատերազմն աննկատ չեն մնացել։

Добавить комментарий

From the author